
Հուլիսի 5-6-ը Լոնդոնում անց է կացվել Կրոնի և հավատքի ազատության միջազգային նախարարական համաժողովը։ Համաժողովում Հայաստանը ներկայացնում էր Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Իր ելույթում դեսպան Ներսեսյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին ներառյալ հավատքի և կրոնի ազատությանը։
Դեսպանն, անդրադառնալով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների բարդ կացությանը՝ կարևորեց տարածաշրջանում քրիստոնեության պատմական ներկայության պաշտպանության և վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի հետևողական ջանքերը այդ հազարամյա ժառանգության վերականգնման և պահպանման ուղղությամբ։
Դեսպան Ներսեսյանն ընդգծեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման փաստերը, որպես կրոնական անհանդուրժողականության և ատելության վառ դրսևումներ:

Դեսպանն ուշադրություն է հրավիրել 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ժամանակ և դրանից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի թիրախավորմանն ու պղծմանը, ինչպես նաև բազմաթիվ այլ հայկական կրոնական հուշարձանների ավերմանը ընդգծելով նաև Նախիջևանի հայկական ժառանգության լիակատար ոչնչացման փաստերը։
Դեսպան Ներսեսյանը նաև ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի (7/12/2021) վճռի իրականացման անտեսմանը, որով ադրբեջանական պետությանը հանձնարվում էր էր կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները։
Իր եզրափակիչ խոսքում դեսպան Ներսեսյանն ընդգծեց մարդու իրավունքների և ազատությունների գործող միջազգային մեխանիզնմները և վերանայելու անհրաժեշտությունը, ինչպես նաև վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը համագործակցելու բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ պաշտպանելու կրոնական փոքրամասնությունների շահերը և պահպանելու միջազգային հանրության համընդհանուր արժեքները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։
orer.eu