ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ զգուշացնում է Անկարային

  • 06.07.2022
  • 0
  • 93 Views

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ, վերլուծաբան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն է:

– Անտեսելով ԱՄՆ զգուշացումները՝ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան չի սպասի Միացյալ Նահանգների թույլտվությանը՝ Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու համար։ Մոսկվան ևս Անկարային կոչ է անում հրաժարվել այդ քայլից և փորձել հարցը լուծել քաղաքական ճանապարհով։ Ե՛վ ԱՄՆ-ը և՛ ՌԴ-ն հայտնել են, որ Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայում կարող է հանգեցնել բացասական հետևանքների։ Ի՞նչ քայլի կգնա Թուրքիան։  

– ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ զգուշացնում է Անկարային՝ չդիմել ռազմական գործողությունների։ Պարզ է, որ ԱՄՆ-ն հովանավորում է քրդերին, և այս դեպքում Անկարայի հետ առևտուր անելու համար շահարկում է քրդական գործոնը։ Հետաքրքիրն այն է, որ Վաշինգտոնի հետ լարված հարաբերությունների մեջ եղող Մոսկվան ևս կանաչ լույս չի վառել Անկարային՝ անցնել ռազմական գործողությունների։ Դա, մեծ հաշվով, կհակակշռի ռուսական ազդեցությունը և կթափանցի ռուսական տիրույթ, իսկ Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը կթույլատրի քրդական գործոնի վնասազերծման դեպքում։ Մինչ այս պահը Թուրքիային չի հաջողվել Սիրիայում ձևավորել իր առաջադրած անվտանգության գոտին։ Իրականացրել է դրա մի հատվածը միայն, իսկ Անկարայի այդ առաջադրանքի իրականացումը չի բխում ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Մոսկվայի շահերից։ Դրա համար էլ մինչ այս պահը Թուրքիայի առաջադրած անվտանգության գոտին չկա։ Համոզված եմ՝ առանց այդ թույլտվություններին Թուրքիան չի գնա լայնածավալ գործողությունների։ Չեմ բացառում, որ կլինեն սահմանափակ գործողություններ։

– Տարածաշրջանի տարբեր կետերում թեժացող կոնֆլիկտները կախվածություն ունե՞ն միմյանցից։

– Կարծում եմ՝ այո։ Ուկրաինայում, Հարավային Կովկասում և Միջին Արևելքում  գլխավոր խաղացողները նույնն են, որոշ տեղեր տարբերվում են ներգրավվածության չափերն ու տարողությունները։ Գլխավոր խաղացողներն են Մոսկվան, Վաշինգտոնը, Իրանը, Թուրքիան։ Առ այս պահը նկատվում է Մոսկվայի և Անկարայի միջև որոշակի համակարգում։ Այդուհանդերձ, 3+3 ձևաչափը դեռևս չի աշխատում։ Թուրքիան Սիրիայում չի կարողանում իրականացնել իր ծրագիրը, Ռուսաստանը դեռևս իր վերահսկողության տակ չի առել այն, ինչին ձգտում է Ուկրաինայում, իսկ Շվեդիան և Ֆինլանդիան դեռևս ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Մեզ համար էլ չի լուծվել արցախյան հակամարտությունը, չեն հաստատվել Երևան-Անկարա հարաբերությունները։ Նման օրինակները շատ են՝ խնդիրների անլուծելի մնալու առումով։ Ուզում եմ ասել՝ հակամարտությունների դարաշրջան է՝ պրոքսի-պատերազմներով հատկանշված։ Քաղաքագիտական վերլուծաբանությունը չի վարանում օգտագործել «հատվածական պրոքսի համաշխարհային պատերազմ» ձևակերպումը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում