Չաւուշօղլուն Հայաստանի վարչապետի պաշտպա՞ն…

  • 05.07.2022
  • 0
  • 54 Views

Հայոց Ցեղասպանութիւնը իրագործած, անպատիժ մնացած ու Մեծ Եղեռնը ժխտող թուրք բորենիների ժառանգութիւնն ամենայն «սրբութեամբ» պահող ու փառաբանող մերօրեայ Թուրքիայի դիւանագիտութեան թիւ-1 լարախաղաց Չաւուշօղլուն կրկին դատապարտում է Սփիւռքահային ու Հայաստանի ընդդիմադիրներին։

Միաժամանակ զառանցում է, թէ իբր հայ-թուրքական հաշտութեան ու յարաբերութիւնների կարգաւորմանն են խանգարում հայկական այդ երկու հատւածները։

Նա բացէ ի բաց յայտարարում է, որ Երեւանում ընդդիմադիրները յարձակւում են երկրի վարչապետի տան վրայ։ Աւելացնում է նաեւ, որ որոշ շրջանակներ ճնշելով ՀՀ իշխանութիւններին, խանգարում են տարածաշրջանում խաղաղութեանը հասնելու Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ծրագրին։

Հասել ենք այնտեղ, որ արդէն թուրք նախարարը լկտիացել է այնքան, որ իրեն թոյլ է տալիս ոչ միայն անամօթաբար միջամտել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, այլեւ համարձակւում է յորդորել իշխանութեանը, որ խանգարողներին պէտք է սաստել, որպէսզի «ցանկալի հաշտութիւնը» ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ Ադրբեջանի հետ իրականութիւն դառնայ։

Հերթական յորդորներին էլ ինչ խօսք՝ զուգորդւում է անցնող երկու տարում, այսինքն Արցախեան յետպատերազմական շրջանում թուրքական նոյն թէզերը, ըստ որոնց՝ Թուրքիան Հայաստանի հետ ցանկացած յարաբերութեան հարցում համադրւած քայլ է պահում Ադրբեջանի հետ, բոլորովին էլ չմոռանալով շեշտել՝ «Զանգեզուրի միջանցք»-ի ապաշրջափակումը Հայաստանի իշխանութիւնների կողմից…

Թուրքիայի պատերազմատենչութեան ու հարեւանների հետ ոչ-խաղաղ գոյակցութեան փաստերը այնքան են ակներեւ, որ հիմնաւորելու կարիք իսկ չունենք։ Բաւական է յիշել թուրք-սիրիական ու թուրք-կիպրայունական յարաբերութիւնները, քուրդ ազգաբնակչութեանը 10-ամեակներ շարունակ ճնշել-կոտորելը…

Զարմանալին, սակայն, այդ փաստերին անտես ձեւացող Հայաստանի իշխանաւորների հակառակը պնդելու հետեւողականութիւնն է, որով էլ ջանադրաբար փորձում են արդարացնել ինչպէս հայաստանեան, այնպէս էլ սփիւռքեան հասարակայնութեան մօտ…

Այսօր հայաշխարհը կանգնած է ազգային ու պետական ճգնաժամային բարդագոյն փաստի առջեւ, որի առաջնակարգ պատասխանատուն նոյնինքն իշխանաւորներն են։

Այսպէս թէ այնպէս ընդունելով պատասխանատւութիւնը՝ իշխանաւորները, սակայն, մեղքի բաժինը ոչ թէ իրենց այլ ուրիշների վրայ են բարդում (նախկիններ, «դասալիք զինւորականներ», ընդդիմութիւն ու …)։

Կը յաջողե՞ն արդարանալ իշխանաւորները, ցոյց կը տայ ժամանակը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վարկաբեկւող դիմադրական շարժման հոսանքներն ու դեռեւս սպասողական վիճակում գտնւող լուռ հասարակայնութիւնը։ Սա, անշուշտ, ապագայի հաշւին կարող է յուսալի հեռանկար ուրւագծել։

Յուսալքողն ու մինչեւ իսկ բարոյալքողը, դա ցեղասպանների ժառանգորդի յորդորներին ենթարկւելն ու իշխանական դողդոջուն աթոռը ամէն գնով պահելու մարմաջն է…

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

 ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Թեհրան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում