Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ

  • 05.07.2022
  • 0
  • 25 Views

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխաանքային այցն Իսպանիայի Թագավորություն: ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների ու ժողովուրդների պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները քաղաքական երկխոսության, տնտեսության ու մշակույթի ոլորտներում։ Երկկողմ օրակարգի հարստացման տեսանկյունից կարևորվել է միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցության ու խորհրդարանականների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում նաև՝ բարեկամական խմբերի աշխատանքի միջոցով։ Ընդգծվել է նաև երկու երկրների օրենսդիր մարմինների միջև միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության կարևորությունը։

Արարատ Միրզոյանը Մերիչել Բատետին է ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության առաջմղմանը և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին։ ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ 2018թ․-ից ի վեր Հայաստանը շարժվում է ժողովրդավարական ուղով, և չնայած պատերազմի ու կորոնավիրուսի համավարակի հետևանքներին՝ կառավարության իրականացրած բարեփոխումների արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:

Երկուստեք կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և ընդգծվել է, որ ուժի կիրառումը չի կարելի հակամարտությունների լուծման միջոց համարել:

Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման հրատապությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը նաև զրուցակցին է ներկայացրել Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ հուլիսի 5-7-ն Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Իսպանիայի Թագավորությունում: Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում