«Հայկական բակ» փառատոնի երրորդ թողարկումը ռումինական Կլուժ նահանգում

  • 04.07.2022
  • 0
  • 382 Views

Հուլիսի 1-ից 3-ը Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն աշխատանքային այց է կատարել Կլուժ նահանգի Կլուժ-Նապոկա (Ռումինիայի երկրորդ ամենաբնակեցված քաղաք) և Գեռլա (նախկինում՝ Արմենոպոլիս/Հայաքաղաք) քաղաքներ։

Այցի ընթացքում դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, ռումինահայ համայնքի տեղի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել է «Հայկական բակ փառատոն»-ի 3-րդ թողարկմանը, որը կազմակերպվել էր Ռումինահայոց միության Կլուժի մասնաճյուղի, Կլուժ նահանգի խորհրդի, Տրանսիլվանիայի ազգագրագիտության թանգարանի, Կլուժի համալսարանի հայագիտության ինստիտուտի ու Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ։

Միջոցառումներին մասնակցում էին Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը, Տրանսիլվանիայի ազգագրագիտության թանգարանի, ինչպես նաև Կլուժի համալսարանի հայագիտության ինստիտուտի տնօրեն Թուդոր Սըլըջեանը, ՌՀՄ տարածքային մասնաճյուղերի ղեկավարներն ու անդամները, բազմաթիվ հյուրեր:

«Հայկական բակ փառատոն»-ի բացումն ազդարարվել է Կլուժի համալսարանի գրադարանի շենքում՝ Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումով, ինչին հաջորդել է գրադարանում պահվող հայկական եզակի ձեռագրերի ու գրքերի ցուցադրությունը։

Փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել նաև տաղանդավոր մանրանկարչուհի Երմոնե Զաբել Մարթայանի «Հայկական խորհրդանիշներ» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը, ելույթներով հանդես են եկել «Հայաքաղաք» պարախումբը, դուդուկահար Կոսմին Ռաֆայել Բալեանն ու ընկերները, ինչպես նաև ռումինահայ ճանաչված երգչուհի Կորինա Կիրիակը և այլոք: Ցուցադրվել է Արմինե Ոսկանյանի «Երբ մահն ուշանում է կամ Հարություն Ֆրենկյանի պատմությունը» վավերագրական ֆիլմը։

Այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Կլուժի պետական կառավարման մարմինների, ինչպես նաև գիտակրթական, շրջանակների ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հուլիսի 2-ին Գեռլա քաղաքում (պատմական Արմենոպոլիս) դեսպան Մինասյանը հանդիպել է քաղաքապետ Օվիդիու Դրագանին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Գեռլա ու Իջևան քույր-քաղաքների հետագա համագործակցության խորացման հնարավորությունները:

Կողմերն երկուստեք ընդգծել են Գեռլայում ու Ռումինիայի այլ քաղաքներում հայերի դարավոր ներկայության ու երկրի զարգացման գործում նրանց ունեցած անուրանալի դերակատարության կարևորությունը։ Այդ համատեքստում քաղաքապետ Դրագանը վստահեցրել է, որ քաղաքի հարստություն հանդիացող Գեռլայի պատմական կենտրոնը, որտեղ գտնվում են հայկական հին հոգևոր ու աշխարհիկ շինությունները շարունակելու է մնալ քաղաքային իշխանությունների մշտական հոգածության ներքո:

Հանդիպումից հետո դեսպանը Սուրբ Երրորդության հայ կաթողիկե տաճարի բակում հանդիպել է տեղի հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներին ու Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնի առիթով Գեռլա ժամանած հավատացյալներին՝ ծանոթանալով նրանց կողմից բարձրաձայնած ազգային, մշակութային ու կրոնական ինքնության պահպանման հետ կապված խնդրիներին։

Միջոցառումները լուսաբանվել են ռումինական ԶԼՄ-ների կողմից։

Տեղեկանք․ Գեռլա քաղաքը հիմնվել է 18-րդ դարի սկզբին հռոմեական նույնանուն բնակավայրի մոտ Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերի կողմից՝ Հաբսբուրգյան կայսերական հրովարտակով, որով հայերը ստացել են տեղացիներին հավասար իրավունքներ: Քաղաքն ունեցել է «թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ: Այն արդի Ռումինիայի եզակի բնակավայրերից է՝ կառուցված քաղաքաշինական հատուկ հատակագծով՝ բարոկկո ոճով, որ իրականացրել է հայերի հրավերով Հռոմից ժամանած հայազգի ճարտարապետ Ալեքսիսը: Մոտ մեկուկես դար քաղաքը կոչվել է Արմենոպոլիս/Հայաքաղաք, ուր գործել են հայ աշխարհիկ և հոգևոր իշխանություններ, կրթական և հասարակական հաստատություներ: Մինչև 1918թ. քաղաքապետները եղել են հայեր, իսկ քաղաքը կառավարվել է միջնադարյան հայկական օրենքներով՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» սկզբունքների հիման վրա:

Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր Սուրբ Երրորդության հայ կաթողիկե տաճարը (1776թ.): Երեք հարյուրամյակների ընթացքում տաճարում հատուկ ժամերգություն է կատարվել՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնին։ Հատկանշական է, որ դարերի ընթացքում երբևէ որևէ պատմական, քաղաքական կամ այլ պատճառ չի խաթարել տոնի անցկացումը։

Վերջի տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, ելնելով էկումենիկ ու բազմամշակութայնության սկզբունքներից, Սուրբ Գրգոր Լուսավորչի տոնի հանդիսավոր միջոցառումներին մասնակցել են Ռումինիայի հայ կաթոլիկ համայնքի առաքելական առաջնորդ հանդիսացող Ալբա-Յուլիայի ռոմանո-կաթոլիկ արքեպիսկոպոսը, Հայ առաքելական եկեղեցու Ռումինահայոց թեմի առաջնորդը, Ռումինիայում ՀՀ դեսպանության ու Ռումինիայի հայոց միության ներկայացուցիչները, հոգևոր ու աշխարհիկ շրջանակներից բազմաթիվ այլ հյուրեր։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում