Գերմանիացի նախարարուհին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին

  • 01.07.2022
  • 0
  • 503 Views

Սվենյա Շուլցեին ընդունել է Հայաստանի վարչապետը

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն հունիսի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերին դիմավորեց և նրանց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությանը ծանոթացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Էդիտա Գզոյանը Գերմանիայից ժամանած հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Պատվիրակության անդամները հատկապես մեծ հետաքրքրությամբ լսեցին գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսի հայանպաստ գործունեության մասին, որը նա ծավալել է սկսած համիդյան կոտորածների տարիներից մինչև իր կյանքի վերջը՝ 1926 թ.:

Տիկին Սվենյա Շուլցեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետն ընդգծել է Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել ԳԴՀ կառավարական պատվիրակության այցը մեր երկիր: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, և մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին, փորձի փոխանակումը: Շահագրգռված ենք մեր արդյունավետ համագործակցության շարունակականությամբ և ընդլայնմամբ», – նշել է Նիկոլ Փաշինյանը:

ԳԴՀ դաշնային նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում: Սվենյա Շուլցեն ԳԴՀ կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու, զարգացնելու Հայաստանի հետ փոխշահավետ գործընկերությունը և համատեղ ծրագրերը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ուղին և կարևորել է Արևելյան գործընկերության ծրագիրը, որի շրջանակում ՀՀ-ն առաջընթաց է արձանագրել մի շարք չափանիշներով: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության բարեփոխումները կրթության, արդարադատության, ոստիկանության և մի շարք այլ ոլորտներում:

Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն տարբեր ուղղություններով հարաբերությունները զարգացնելու ներուժ և այդ օրակարգն առաջ մղելու կամք: Քննարկվել են գյուղատնտեսության, սննդի անվտանգության, վերականգնվող էներգետիկայի, կրթության,  զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցության խորացման հարցեր: Երկուստեք կարևորվել են կանանց տնտեսական և հասարակական ակտիվությունը խթանող նախաձեռնությունները:

Վարչապետը տեղեկացրել է, որ 2022թ. հունվարից սկսած Հայաստանում տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշ է արձանագրվում, և մեր երկրի ներդրումային միջավայրը, շարունակաբար բարելավվող պայմանները կարող են հետաքրքրական լինել գերմանական բիզնեսի համար, ինչին ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը դրական է արձագանքել: Կառավարության ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) փոխգործակցության կապակցությամբ:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում