«Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրության հանդիսավոր բացումը հուլիսի 4-ին Գաֆէսճեան կենտրոնում

  • 30.06.2022
  • 0
  • 379 Views

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրության հանդիսավոր բացումը 2022թ. հուլիսի 4-ին ժամը 19:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:

2022 թվականի հուլիսի 4-ին, ժամը 19։00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրության հանդիսավոր բացումը (մուտքը՝ հրավիրատոմսերով)։

«Առկախված այգի. Դադիվանք և անդին» ցուցադրությունը AHA collective-ի նախագիծն է, որը ուրվագծվել է 2020 թվականի նոյեմբերի 13-ին Արցախի երկնուղեշ այգու խորքում փարված Դադիվանքում տեղհատուկ դրոշմներ ստեղծելու արդյունքում, երբ արվեստագետների մի արշավախումբ Երևանից արտակարգ իրավիճակի թելադրանքով մեկնել էր Քարվաճառ։ Այս դրոշմների շուրջ երկխոսում են տարբեր տեխնիկաներով ներկայացված արվեստի գործեր, որոնք ստեղծվել են հաջորդող տարում միջավայրից դուրս՝ Հայաստանում։


«Առկախված այգի. Դադիվանք և անդին» նախագիծը եռամաս ցուցադրություն է՝ տարածված երեք սրահում։

Ցուցադրության մեկնակետը «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահն է, որտեղ ներկայացված է դրոշմների ինստալացիան՝ որպես Դադիվանքի ուխտագնացության վկայություն-մասունք։ Ցուցադրությունը շարունակվում է «Արծիվ» սրահում, որտեղ տարբեր տեխնիկաներով աշխատանքներ ներկայացնում են պատերազմի վերքերը, փլուզումներն ու ջնջումները: Հայտնվելով այս արմատական ​​հակադրություններին դեմ հանդիման՝ ցանկություն կա նորը ստեծելու՝ ցուցադրելով, թե ինչպես է մարդկությունը ապրեցնում տեղանքն ու ժառանգությունը: Այդ առումով, «Պատկերասրահ Մեկ»-ում ցուցադրվում է կարճամետրաժ ֆիլմ և իրականացվում է կրթական ծրագիր, որը բաց է բոլորի համար` փորձարկելու գրատպության արվեստը փայտե կնիքներով, ձեռագիրը դարձնելու մշտական դրոշմ:

ԱՀԱ կոլեկտիվը, ի դեմս համադրող Նայիրի Խաչատուրեանի, ինչպես նաև ներգրավված արվեստագետներ Սարգիս Անտոնյանի, Վահրամ Գալստյանի, Անուշ Ղուկասյանի, Մայդա Շավակի և գրողներ ու հետազոտողներ Տիգրան Ամիրյանի, Նազարեթ Կարոյանի, Անահիտ Հայրապետյանի, Կլոդ Մութաֆյանի, աննախադեպ ծավալի ու կարևորության աշխատանք են կատարել։

«Այսօր թանգարանները պետք է հնարավորինս արագ արձագանքեն ամենատարբեր նուրբ, խրթին ու հրատապ թեմաներին, նույնիսկ եթե լուռ մնալու ցանկություն կա։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, իր առաքելությանը համապատասխան, շարունակելու է հայ մշակույթի լավագույնը ներկայացնելու ճանապարհը, այդ թվում նման սուր հարցեր երևան հանող նախագծերի միջոցով»,- նշում է ԳԱԿ գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը։

Ցուցադրությունը հանրության համար հասանելի կլինի հուլիսի 8-ից սեպտեմբերի 4-ը՝ ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում, «Արծիվ» սրահում և «Պատկերասրահ Մեկ»-ում։ Մուտքն ազատ է:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում