ԱրարատԲանկը՝ «Հաւք» ԱԹՍ մրցույթի գլխավոր հովանավոր.հուշագրի ստորագրում

  • 24.06.2022
  • 0
  • 75 Views

ԱրարատԲանկը՝ «Հաւք» ԱԹՍ մրցույթի գլխավոր հովանավոր

Սույն թվականաի հունիսի 23-ին ԱՏՁՄ գրասենյակում տեղի ունեցավ եռակողմ հուշագրի ստորագրում Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև՝ երկրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթի շուրջ համագործակցության վերաբերյալ։ Ըստ հուշագրի՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունն  ստանձնում է մրցույթի գլխավոր հովանավորի դերը։ 

Հուշագիրը ստորագրվեց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Մհեր Անանյանի և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի կողմից։ 

«Ուրախ ենք, որ մաս ենք կազմում այս անչափ կարևոր նախաձեռնության և հանձն ենք առել անօդաչու թռչող սարքերի մրցույթի գլխավոր հովանավորի դերը։ Այս առումով կրթական տարր պարունակող բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են ազգային մտավոր ներուժը համախմբելուն, նոր գիտական ուժ ձևավորելուն և նոր բարձունքներ նվաճելուն, տեղավորվում են ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բովանդակության մեջ», – ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

Այս տարի մրցույթն անցկացվելու է սեպտեմբերի 10-ից 11-ը Լոռվա մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայանում։ Հիշեցնենք, որ օդանավակայանը կառուցվել է նախորդ տարի ծավալված դրամահավաքի արդյունքում։ Օդանավակայանի 80 մետրանոց թռիչքուղին կառուցված է հատուկ տեխնոլոգիայով՝ ունի տարբեր մանրաքարերի ու ավազի 7 շերտ։  

«Շնորհակալ ենք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ՝ հիմնադրամի նախաձեռնությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու մտադրության համար։ Այս տարի մրցույթն առավել մեծ ընդգրկում է ունենալու, ուստի բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը», – նշում է Կարեն Վարդանյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։

Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով անվանակարգերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։ 

Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։

«Ազգային նշանակության նախագծերի դեպքում կարևորագույն բաղադրիչը համագործակցությունն է և համազգային մասնակցության ապահովումը, ուստի հաջող ընթացք ենք մաղթում այսօրվա հուշագրով արձանագրվող համագործակցությանը», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ 

Մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Գլխավոր հովանավորն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում