Ուսումնական տարեվերջի հանդես Վալենսիայում. պարգեւներ արժանիներին

  • 19.06.2022
  • 0
  • 203 Views

Վալենսիայում կայացավ տեղի հայկական կիրակնօրյա դպրոցի 2021-2022 ուսումնական տարեվերջի հանդեսը եւ պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ծնողներից բացի, մասնակցել են նաեւ տեղական ինքնակառավարման իշխանության «Կոմպրոմիս» քաղաքական ուժը ներկայացնող անդամներ՝ Յուդելիս Մովենան եւ  Էվա Էռնանդեսը։

Նախորդի համեմատությամբ՝ այս տարին նկատելիորեն ավելի աշխույժ էր, ինչպես ընդհանրապես ներհամայնքային,այնպես էլ ուսումնական կյանքն հատկապես։ Համաճարակի պատճառով հայտարարված սահմանափակումների աստիճանական մեղմացումները հնարավորություն էին ընձեռել իրականացնելու առկա ծրագրերի զգալի մասը։ 

Սկսենք նրանից գուցե, որ նկատի ունենալով վերոհիշյալ անբարենպաստ հանգամանքները, 2021-ին, օրինակ, այդպես էլ չկայացավ արդեն ավանդական դարձած «Լավագույն աշակերտ» մրցանակի հանձնումը (երբ կար արդեն դափնեկիրը)։ Իսկ այսօր դափնեկիր Խաչիկ Գրիգորյանը ստացավ վերջապես պարգեւատրումը։ 

Ասել ենք արդեն եւ ավելորդ չեմ համարի մեկ անգամ եւս նշել, որ վալենսիական ինքնավարությունում գործող հայկական դպրատունը միակն է այստեղ (եւ առաջինը՝ Իսպանիայում), որտեղ սաները ոչ գեթ տառաճանաչմանն են հետեւում, այլեւ՝ մեր ժողովրդի պատմության, գրականության եւ մշակույթի դասերը ստանում։

Այդքանով հանդերձ, ինչպես իր գործին նվիրված դպրոցի տնօրեն Արարատ Ղուկասյանը, նույնպես նաեւ՝ հայրենասեր ուսուցչուհիներ Աստղիկ Սաղաթելյանն ու Աննա Սանասարյանը չեն դադարում պարբերաբար հորդորել մեր հայրենակիցիներին, որպեսզի հայերենը ոչ միայն դասընթացների ժամանակ գործածական լինի, այլեւ անպայման (եւ դա շատ ավելի կարեւոր է)՝ տան միջավայրում։

Միջոցառման մեկնարկը սկսվեց պարով՝ փոքրիկ Մոնիկայի գեղեցիկ կատարմամբ։ Շարունակությամբ մեկ առ մեկ բեմ դուրս եկան բոլոր աշակերտները, որոնցից յուրաքանչյուրն արտասանում էր Հայրենիքին, մայրենի լեզվին, համայն հայությանը նվիրված տարբեր հեղինակների գործեր։ 

Շատ տպավորիչ եւ հուզիչ էր պատվոգրերի ստացման պահը. երեխաներին հանձնում էին ուսուցիչները եւ ձեռնարկին ներկա իսպանացի հյուրերը։ Ոչ պակաս հրաշալի էր սաների կատարումը  «Այբ, բեն, գիմի», «Այբուբեն-աղոթքի», Համո Սահյանի խոսքերով գրված՝ Սասուն Պասկեւիչյանի «Մեր լեզուն» երգերի հնչումը վալենսիաբնակ մեր հայ մանուկների կողմից։ 

Սպասված էր ավարտական մասը. 2022 թ. լավագույն աշակերտի ընտրության հարցը։ Մրցանակակիրն այս անգամ՝ ամբողջ տարի առավել աչքի ընկած Իզաբելլա Մանուկյանն է։ 

Հաջորդիվ շնորհակալագրեր տրվեցին Աստղիկ Սաղաթելյանին եւ Աննա Սանասարյանին՝ Հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Երկուսն էլ այդ իմաստով իսկապես շատ մեծ աշխատանք են կատարում։ Իսկ ահա Ռուզաննա Գրիգորյանին շնորհվեց «Տարվա լավագույն անդամ» մրցանակը։ 

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Արարատ Ղուկասյանը, ով տարիներ շարունակ չգիտի, թե ինչ բան է հոգնածությունը, երբ խնդիրն ազգին է վերաբերվում։ Նա իր շնորհակալությունը հայտնեց բոլոր ներկաներին՝ հանձինս՝ ծնողների, որոնք մեծ դերակատարություն ունեն ազգապահպանման գործում։

Միջոցառումը եզրափակվեց Անժելա Գեւորգյանի ջութակի գեղեցիկ հնչյունների ներքո։

Արթուր Ղուկասյան

Վալենսիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում