Արտավազդ Փելեշյանի «Բնությունը» ֆիլմի պրեմիերան Երեւանում. կարծիքներ եւ տպավորություններ

  • 19.06.2022
  • 0
  • 116 Views

Հունիսի 18-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի վերջին «Բնությունը» ֆիլմի պրեմիերան։  Ներկայացնում ենք անվանի մտավորակնների կարծիքները ցուցադրության եւ ֆիլմի մասին, որոնք հրապարակվել են սոցիալական ցանցերում։

Կարեն Քոչարյան- հեռուստատեսային մեկնաբան

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ 27 ՏԱՐԻ ԱՆՑ

Հունիսի 18-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ մի նոր աննախադեպ իրադարձություն: Երկարատև դադարից հետո, ավելի ստույգ 1993 թվականից հետո, կրկին կարողացանք վայելել հանճարեղ Արտավազդ Փելեշյանի ևս մի նոր ֆիլմ: Այդ օրը «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը կազմակերպել էր «ԲՆՈՒԹՅՈՒՆ»՝ ֆիլմի երևանյան պրեմիերան:

Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում 2020 թվականին:

Իսկ ֆիլմի վրա ռեժիսորը աշխատել է 15 տարի: Ֆիլմը նկարահանվել է ֆրանսիական Cartier և գերմանական ZKM FILMINSTITUTE հիմնադրամների աջակցությամբ, և այն հնարավոր է դարձել ավարտին հասցնել հայկական «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի աջակցությամբ։

«Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հանրահայտ New York Film Festival փառատոնում 2021 թվականի սեպտեմբերին։ Վերջինիս հաջորդեց եվրոպական պրեմիերան՝ Ամստերդամում՝ դոկումենտալ կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանը կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար արժանացել է նաև «Life achievement award» հատուկ մրցանակի:

Ֆիլմը սև – սպիտակ է: Երբ 2018 թվականին պատրաստվում էինք նրա 80-ամյա հոբելյանին, Արմեն Մանուկյանի հետ հաճախ էինք լինում նրա տանը, վայելելով նրա հյուրընկալությունն ու տիկին Աիդայի համեղ հյուրասիրությունը: Օրերից մի օր նա միացրեց համակարգիչը և ցուցադրեց դրվագներ նոր ֆիլմից: Դրանք գունավոր էին: Երբ ես հիշեցրեցի այսօր, որ մենք տեսել ենք գունավոր հատվածներ, ասաց . «Ճիշտ ես հիշում: Սակայն հետո ես դարձրեցի սև-սպիտակ, թե չէ շատ վառվռուն էր»:

Ամբողջ ֆիլմի ընթացքում էկրանին բնության արհավիրքներ են. երկրաշարժեր, փոթորիկներ, ցունամիներ,տորնադոներ, ձնհալներ,հրաբուխների ժայթքումներ, մարդկային զոհեր, ողբերգություն:

Երբ նայում ես այդ ամենին, ուզում ես բղավել, որ լսի ամբողջ երկրագունդը: ԿԱ՛ՆԳ ԱՌԵՔ, ՄԱՐԴԻ՛Կ… Բնությանը չի հետաքրքրում ձեր ամբիցիաները, ձեր պահնջները, ձեր ատելությունը մեկը մյուսի նկատմամբ, նրան չեն հետաքրքրում ձեր պատերազմներն ու բարբարոսությունները: Բնությունը ընդիմանում է այդ ամենին, ինչի արդյունքում էլ տեղի ունենում բնական աղետներ: Բնությունը հոգնել է ձեզանից և սա է նրա պատասխանը ձեզ: Հիշեք 1988-ի հայաստանյան արհավիրքը… Ի դեպ 88-ի երկրաշարժի կադրերը նույնպես տեղ էին գտել ֆիլմում:

Եվ այսպես 27 տարի անց մենք կրկին վայելեցինք Մաեստրոյի մի նոր ֆիլմ: Հանդիսատեսը կարոտել էր նրա ֆիլմերին: Այդ մասին վկայում էր միայն այն փաստը,որ դահլիճում ազատ տեղեր չկար,ավելին,հանդիսատեսը կանգնած էր և նույնիսկ նստած գետնին:

Հարկ է նշել, որ ֆիլմը Վարպետը նվիրել է իր սիրելի և անփոխարինելի տիկնոջը՝ տիկին Աիդային: Երբ տիկին Աիդայի հետ զրուցելիս նշեցի այդ փաստը,ասաց, որ ամուսինը չեր ուզում, ես ինքս պնդեցի և երբ հարցրեց,թե ինչու՞, պատասխանեցի,որովհետև դա իմ կյանքն է:

Բռավո,Մաեստրո: Շնորհակալ եմ ճակատագրին,որ ձեր ժամանակակիցն եմ,ավելին, հնարավորություն եմ ունեցել աշխատել ձեզ հետ: Շնորհակալ եմ հրավերի համար, վերաբերմունքի համար: Սպասում ենք Ձեր նոր աշխատանքներին:

Հաջորդ տարի Ձեր 85-ամյակն է, հուսամ կրկին կաշխատենք միասին և կհանդիպենք բեմում, հոբելյանական երեկոյի ժամանակ, շարունակելով 2018-ին հիմնած բարի ավանդույթը: Դե, ուրեմն , մինչ հանդիպում:

Մարիետա Խաչատրյան_ լրագրող, արձակագիր

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի երեւանյան առաջին ցուցադրությունն էր այսօր «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը միջազգային հեղինակություն ունի, արդեն տարուց ավելի ցուցադրվում է աշխարհի կինոհանրույթների համար, իսկ այսօր ինձ բախտ վիճակվեց դիտել այն: Մանրամասներ ֆիլմի ստեղծման մասին փոխանցել կարելի է, մանավանդ՝ ֆիլմի ստեղծագործական միջազգային կազմը ներկա էր երեւանյան պրեմիերային: Բայց ավելի լավ է պատմեմ՝ ինչի մասին է ֆիլմը, որին պետք է գնալ հոգեպես պատրաստ:

Ֆիլմը մեր բոլորի վախերի մասին է, որոնք հաճախ չենք համարձակվում ինքներս մեզ խոստովանել: Ֆիլմը մարդկության անպատասխանատու գոյության ու հատուցումների մասին է: Ֆիլմը Կատարսիս է, որ վրա է հասնում անսպասելի, անգթորեն, ֆիլմի առաջին կադրերի հետ ու մինչեւ վերջին կադրը մեղքի զգացումով է պատում դիտողին: Դիտելիս եւ ոչ մի պահ չեմ մտածել տեսածս կադրերի սարսափի, կատարվողի անդառնալիության ու բնության դաժան վրեժխնդրության մասին: Ֆիլմը դրանք է ցուցադրում, բայց միանգամից քեզ տանելով քավարան, մեղքերի խոստովանության, ինքնաքննության եւ արած-չարածի գնահատման, ինչպես որ կոմայի մեջ գտնվող մարդուն է Աստված մի քանի վայրկյանում ցույց տալիս նրա ողջ կյանքը, ամոթալի մեղքերից սկսած մինչեւ վերջին գաղտնիք:

Ինչպես մեծ ցնցումն է մարդուն ուշքի բերում իր ապրած կյանքի չնչինությունից ու սխալներից, այդպես էլ ֆիլմի էպիկական կադրերը տենդորեն աշխատեցնում են միտքդ՝ ախ, ինչ ապարդյուն ապրեցիր, ինչ դատարկ բաների վրա ես վատնում կյանքդ, ինչն այնպես չարեցիր, ինչը հենց վաղը կգնաս ուղղելու: Վարպետն իր ֆիլմում քեզ հրում է գտնելու խղճմտանքդ, վերանայելու թեթեւամիտ ու անբովանդակ կյանքով ապրելու մարդկային սովորույթդ, բնության եւ ամենայն մարդկայինի հանդեպ անպատասխանատու վարքդ, որոնցով մենք ինքներս հասունացնում ենք բնության պատասխանը՝ անգութ-դաժան-սահմռկեցուցիչ-անբեկանելի հատուցումը, երբ մարդկային կյանքը վայրկյանների ընթացքում վերածվում է տաշեղի, իսկ բնությունը սրբում-տանում է մեղք, դաժանություն, անգթություն, կարեկցանքի բացակայություն՝ ամեն բան: Ու ողջ ֆիլմի ընթացքում դու շշնջում ես զղջումի խոսքեր, ինքդ քեզ խոստանում ինքնամաքրում եւ մեղքերի սրբագրում ու Աստծուց խնդրում նոր շանս՝ մաքրված ապրելու համար: Ուղղակի տվյալ դեպքում, տվյալ ֆիլմը նայելու ընթացքում Աստված Վարպետն է, Փելեշյանը, որ մեզ տանում է Կատարսիսի…

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր, քաղաքական գործիչ

ՓԵԼԵՇՅԱՆ։ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 18-ին Երեւանում տեղի ունեցավ  Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի շնորհանդեսը։ Համաշխարհային կինոյի վերջին հանճարի նոր գլուխգործոցը ստեղծվում էր նույնքան դժվար ու ծանր, որքան էլ նրա բոլոր նախորդ ֆիլմերը՝ «Բնությունը» ծնվում էր 18 տարի։ Ինչպես եւ այլ իր ֆիլմերը, «Բնությունը» պահանջում է հանդիսատեսից համահեղինակի աստիճանի համարժեք հոգեւոր աշխատանք, նվիրվածություն ու մարդասիրություն՝ իսկական արվեստի անհրաժեշտ բոլոր հատկությունները։

Թերեւս, մենք տեսանք 21-րդ դարին հարիր առաջին ֆիլմը, որը Վարպետի այլ գործերի նման մարգարեական խորաթափանցությամբ գուժում է եւ հուշում է աշխարհին մեր բոլորիս անցած ու սպասվող ճամփի ողբերգությունն ու ելքը։ Փելեշյանը կրկին չտրվեց գունավոր կինոյի գայթակղությանը եւ հավատարիմ մնաց սեւ-սպիտակ ներկնապնակին, այսպիսով դարձնելով իր նոր ֆիլմը լույսի եւ խավարի հավերժ պայքարի պատմություն։

Աշխարհի արհավիրքների վիթխարի տեսարանները, որոնք նա դիտում է գերմարդկային տոկունությամբ ու ստիպում է մեզ նայել, չփակելով աչքերը, առաջին անգամ չէ, որ հայտնվում են նրա ֆիլմերում։ Բայց կա անշեղորեն զարգացող ու վեր խոյացող մի ներքին տրամաբանություն նրա կես դարվա արվեստում՝ եթե «Մենք» ֆիլմը մեր ազգի յուրահատուկ ինքնապատկերն է, եթե «Տարվա եղանակները» մարդու եւ բնության անխախտ կապի մասին պոեմ է, եթե «Մեր դարը»՝ երկրից դեպի երկինք ու տիեզերք ձգտող ու բարձրացող մարդու երգ է, ապա «Բնությունը» փոխում է այս վեհ համայնապատկերի տեսակետը՝ սա Աստծո աչքերով վերեւից տեսած աշխարհի ու մարդկանց պատմությունն է։

Նիցշեն ասում էր. «Եթե երկար նայես անդունդի մեջ, ապա անդունդն էլ ի վերջո կնայի քո աչքերի մեջ»։ Արտավազդ Փելեշյանը իր ողջ կյանքի ընթացքում անվախ արիությամբ նայում է անդունդի աչքերին։ Նա իր արվեստով հիշեցնում է մեզ «հայ» բառի խորագույն իմաստը, որն ունի նույն արմատն, ինչ եւ «հայացք», «հայելի» խոսքերը։ Նա մեծագույն հայ կինոբեմադրող է, ով հանդիսանում է հայ ժողովրդի ամենապարզ ու ճշգրիտ հայելին, ով ողջ մարդկության հայացքն ու աչքն է, ուղված դեպի երկինք եւ դեպի հոգու խորքը։

Շնորհավորենք միմյանց Փելեշյանի նոր գլուխգործոցի ստեղծման առթիվ։ Շնորհակալություն հայտնենք ֆրանսիական «Կարտյե» հիմնադրամին եւ գերմանական կինոինստիտուտին այս աշխատանքը ֆինանսավորելու համար։ Մենք շնորհակալ ենք Ձեզ, Վարպետ, այսինքն ընկալում ենք Ձեր շնորհը։

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում երկարատև ընդմիջումից հետո հայ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտել Արտավազդ Փելեշյանի նոր ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականին Փարիզում։ Փելեշյանն այս նոր` «Բնություն» ֆիլմի վրա աշխատել է 15 տարի: Բացառիկ կադրերը համադրված են Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությամբ:

Ամերիկացի երգչուհի և գրող Փեթի Սմիթը այս պատկերները տեսնելուց հետո ասել է՝ «Դա կործանարար գեղեցիկ» է։ Ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի կործանարար գեղեցիկ ֆիմը՝ «Բնություն»-ը, հայրենիքում է։ Ֆիլմի երկար սպասված հայաստանյան պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում է՝ առանց տոմսերի։ Հավաքվել են վարպետի արվեստի երկրպագուները։

Հայկ Օրդյան (ռեժիսոր) – Արտավազդ Փելեշյանն այսօր ապրող հայազգի և ոչ միայն, համաշխարհային կինեմատոգրաֆի այն հազվագյուտ հանճարներից է, որ այսօր ապրում և ստեղծագործում է։ Այն փաստը, որ այսօր կինո ստեղծագործություն է մեզ ներկայացնում արդեն իսկ խոսուն է։ 

Արայիկ Խզմալյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) – Վարպետի բոլոր ֆիլմերում մի շատ խորը արմատ է նշմարվում՝ շատ խորը, հին դարերից եկող մի գիծ։ Այդ գիծը մեր հոգևոր մշակույթի մեջ կարելի է սահմանել «պանթեիզմ»՝ բնապաշտություն։ 

60 րոպե տևողությամբ «Բնություն» ֆիլմը գեղարվեստական ու վավերագրական է՝ ոչ միօրինակ մոտեցմամբ, առանց բառերի։ «Տարածական մոնտաժի» արքան կրկին անդրադարձել է բնությանը՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։ Փելեշյանը շարունակում է ուսումնասիրել մարդկային համակեցությունը շրջակա միջավայրի հետ։ Հանդիսատեսին հուզում ու սարսափեցնում են հրաբխային ժայթքումը, երկրաշարժը, ցունամին։ Ֆիլմն ընդունում է բնության գերազանցությունը, որը կարող է սաստել մարդկային ամեն փառասիրություն։

Ֆիլմը կյանքի է կոչվել ֆրանսիական «Կարտիե» հիմնադրամի աջակցությամբ, շրջել է աշխարհում։ Համաշխարհային պրեմիերան Փարիզում էր։ Հանդիսատեսը այն բնորոշել է «վերերկրային, գերբնական, բոլոր ստանդարտները քանդող ֆիլմ»։

Արտավազդ Փելեշյան – Առաջարկեցին ինձ անել ֆիլմ բնության աղետների մասին։ Նրանք տեսել էին իմ ֆիլմը՝ տիեզերքի մասին, որտեղ տեխնիկական կատաստրոֆաներ էին։ Ուզում էին նմանատիպ մի ֆիլմ։ Մենք արեցինք այդ ֆիմը, համաձայնվեցի, սկսեցինք աշխատել Փարիզում:

Փելեշյանը թեև հիշեցնում է, որ մարդուն չի հաջողվի հաղթանակած դուրս գալ իր իսկ ստեղծած խառնաշփոթից, բայց ֆիլմն ավարտում է արևով՝ հույս տալով, որ կուտակված ամպերը մի օր կբացվեն։

Հեղինակ` Անի Ավագյանխ Հ1 Հանրային հեռուստատեսություն

Ռոբերտ Մաթոսյան, կինոգետ, կինոքննադատ

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում, այստեղ են ասել ներկաների բուռն ու երկարատև ծափահարությունների ներքո ընդունվեց կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի նոր՝ «Բնություն» լիամետրաժ կինոնկարը:

Եթե մեկ նախադասությամբ, ապա կարելի է ասել, որ ֆիլմն անդրադարձ է մեր երկիր մոլորակի հորձանուտում ՝ մարդու, գոյի, կյանքի լինելիության, նրա վախճանի ու վերածննդի փիլիսոփայությանը:

Դիտման ընթացքում, կամա թե՛ ակամա,իմ մոտ աչքի էին հառնում նրա նախորդ տաղանդաշատ կինոերկերը՝ Սկիզբ», «Մենք», «Տարվա եղանակները.», «Բնակիչները», անգամ փորձում էի տեսնել իր այնքա՜ն երազած «Հոմո սապիենսը»:

Ստորև ներկայացվող նյութը տպագրված է իմ «Անկրկնելի կինոճանապարհ» և «Մասնագիտոթյունը կինոռեպորտյոր» գրքերում:

ԿԻՆՈՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ

ՓՈՔՐ ՄԻ ԲՆԱԲԱՆ

Երբ մարդ մեծ համբավ է ունենում ,առավել ևս կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի պարագայում, ով կինոյի աշխարհում , իսկապես, ապրող լեգենդ է , ինչ էլ որ գրես , ինչպիսի գնահատական էլ տաս կիսատ- պռատության տպավորություն կթողնի : Առավել ևս նա արդեն իսկ գնահատված է , արժևորված են ֆիլմերը , իսկ մեր և հատկապես դրսի կինոգետները Սերգեյ Փարաջանովի հետ մեկտեղ , Փելեշյանին գնահատանքի նույն զուգահեռականի վրա են դրել… Այսինքն մեծ հաշվով հայկինոն միջազգային կինոստուգատեսերում, հիմնականում երկուսն են ներկայացնում : Դրա ականատեսն եմ եղել Մոսկվայում , իր մեծարման ժամանակ ,որտեղ միմյանց , իրար չուզող, հակոտնյա կարծիքների տեր հանրահայտ կինոգործիչներն անգամ Փելեշյանի տաղանդի հարցում մեկտեղվում, համակարծիքի էին գալիս և անվերապահ ընդունում նրա մեծությունն ու ներդրումը, համաշխարհային կինոյի զարգացման գործում :

***

Այս անգամ Ձեզ եմ ներկայացնում ,, Մասնագիտությունը՝ կինոռեպորտյոր,, հրատարակվող գրքից մի հատված:

ՓԵԼԵՇՅԱՆԻ «ՄԵՆՔ» ԵՎ «ՍԿԻԶԲ» ՖԻԼՄԵՐԸ

Գրականության մեջ ժամանակին ընդունված մի կարծիք կար, որ հանգը, իբրև թե պոեզիայի ամենակարևոր բաղկացուցիչ մասն է:

Մայակովսկին ու Չարենցը իրենց պոետիկայով ապացուցեցին, որ դա այնքան էլ էական չէ:

Կար ժամանակ, որ վավերագրական կինոն առանց հաղորդավարական տեքստի թերի էր համարվում: Արտավազդ Փելեշյանն իր ,, Սկիզբ ,, (1967թ.) և ,,Մենք ,, (1969թ.) րոպեներ տևող ֆիլմերով ջարդեց այդ կարծրատիպը և գտավ, որ վավերագրական կինոն առանց հաղորդավարական տեքստի կարող է դառնալ գեղարվեստի բարձրագույն արժեք:

1969 թվականին կինովարձույթի վարչության շենքում գտնվող ,,Ֆիլմ թերթի խմբագրություն է մտնում նիհարավուն, կոկիկ հագնված մի երիտասարդ` ձեռքին երկու կինոժապավենի տուփ : Ծանոթանում ենք: Արտավազդ Փելեշյանն էր: Նա կինոդահլիճն էր փնտրում, որտեղ իր ֆիլմերը պիտի դիտեին փաստավավերագրական ֆիլմերի տնօրեն Աշոտ Ստեփանյանն ու կինովարձույթի վարչության պետ Երեմ Ստեփանյանը: Նպատակը Փելեշյանի ֆիլմերի գնումն ու մեծ էկրան թողարկելն էր: Փակագծում ասեմ, որ այն ժամանակ Հայաստանում գործում էր 720 կինոթատրոն ու կինոկայանք, և բացի այդ, ֆիլմերը մեծ էկրաններին ցուցադրելուց հետո ռեժիսորները պատկառելի գումար էին վաստակում:

Չորս հոգով դիտում ենք ,,Սկիզբն ,, ու ,,Մենքը ,,:

Ցուցադրումն ավարտվում է: Լույսերը վառվում են: Բոլորս լուռ ենք: Էստեղ են ասել` քար լռություն: Ոչ մի խոսք: Ինձ համար կարծես ֆիլմը չի ավարտվել, ներսս տակնուվրա է անում: Այդ մի քանի րոպեի ընթացքում ոնց որ աշխարհի դարդ ու ցավը էկրանից դիմացս դրվեց: Մեկ էլ Երեմ Իվանիչն , իրեն բնորոշ , ակնոցի տակով ինձ նայեց ու ասաց. ,,Դե ասա տեսնեմ ,,: Շվարած ու կարկամած էի: Ու անկեղծորեն արտահայտում եմ այդ պահին մտքիս եկածը, բառացի եմ հիշում. ,,Դե ես ինչ ասեմ: Էս ֆիլմերը նման են Չարենցի ,,Ամբոխները խելագարված ,, պոեմին ,, : Նորից լռություն: Աշոտ Ստեփանյանը , իրավիճակը փրկելու համար ,, դիմելով Արտավազդ Փելեշյանին, ասում է, որ պատասխանը Երեմ Իվանիչը մի երկու օրից կտա:

Հաջորդ առավոտյան ինձ իր մոտ է կանչում Երեմ Ստեփանյանն ու ասում. ,, Մի պատմիր տեսնեմ էդ ինչի մասին է էդ ,,Ամբոխները ,, : Աստված տվել` չէր խնայել: Համալսարանի մեր կուրսում Հրանտ Թամրազյանը մի ամբողջ տարի միայն Չարենց էր կարդացել: Ինչևէ: Երկու օրից հայտնի դարձավ, որ ֆիլմի գնման հարցը վաղօրոք էր լուծվել: Պետկինոյի և Հեռուստապետկոմի նախագահներ Գևորգ Հայրյանն ու Ստեփան Պողոսյանը ներքին համաձայնության էին եկել, իսկ ցուցադրությունը զուտ արձանագրության համար էր:

Ավելի քան 50 տարի առաջվա այդ կինոդիտումը, Փելեշյանի մոնտաժած կադրերն ու Սվիրիդովի երաժշտության շաղախը, մինչև հիմա ականջիս հնչում է:

2008 թվականին Արտավազդ Փելեշյանի ծննդյան 70-ամյակի առիթով Մոսկվայի կինոյի տանը կայացած մեծարման երեկոյին նրան համարեցին ,,Աշխարհի թիվ 1 վավերագրողը,, ,,Համաշխարհային կինոյի վարպետներից մեկը,, :

Քանակապես շատ չեն Արտավազդ Փելեշյանի նկարահանած ֆիլմերը: Դրանցից ,,Սկիզբը ,, ,,Մենքը ,, ,,Տարվա եղանակները,, ,,Բնակիչները ,, որպես դասագիրք տարիներ շարունակ ուսուցանում են Մոսկվայի կինեմատոգրաֆիայի / ВГИК / ինստիտուտում:

Հիմա շատ եմ ափսոսում որ այդպես էլ գումար չգտնվեց արդեն 40 տարի ծեծվող , խոսվող , երկարահունչ քննարկվող ,, Հոմո Սապիենս ,, նրա ապագա ֆիլմի համար… Կածրում եմ այն բոլորովին նոր ժանրով , դառնալու էր Փելեշյան տաղանդաշատ կինոռեժիսորի խոհա-փիլիսոփայական կինոասելիքի մի զարմանալի ընդհանրացում…. Ի դեպ 1989 թվականին ԽՍՀՄ պետկինոյում , սցենարն արդեն իսկ հաստատվել էր…

Այդ տասնամյակների վակուումը կարծես լրացրեցին տարբեր լեզուներով նրա հրատարակած գրքերը ,որոնք այսօր դարձել են շատ երկրների ուսանողական կինոմտքի զարգացման կենարար աղբյուր:

Ռոբերտ Մաթոսյան

Ֆիլմերի կադրերը ,, Անկրկնելի Կինոճանապարհ ,, գրքից / հեղ. Ռ. Մ. / , Մոսկվայի կինոյի տան և միջազգային գրքի ցուցահանդեսի լուսանկարները տրամադրել է ,, Սինեմատոս ,, ընկերությունը:

Ֆիլմի ստեղծագործական խմբի եւ մտերիմների հետ

Հրանտ Վարդանյան, կինոռեժիսոր

«Երկու օր առաջ Երևանի «Մոսկվա » կինոթատրոնում տեղի ունեցավ Փելեշյանի «Բնություն» ֆիլիմի երևանյան առաջին դիտումը։ Այսօր, այս ֆիլմը շնորհիվ «Կարտիե» մշակութային հիմնադրամի՝ ցուցադրվում է աշխարհի տարբեր անկյուններում։ Ներկա եմ գտնվել Ամստերդամի, Փարիզի, Մոսկվայի ցուցադրություններին,որոնք հանդիսատեսի կողմից ընդունվել են բուռն ծափահարություններով,տեսել եմ ֆիլմից հետո դահլիճից դուրս եկող հանդիսատեսի մտածող, խորհող դեմքերը, բայց ինձ համար ամենից կարևոր կինոդահլիճը՝ Երևանինն էր։

Ինքս ֆիլմին ծանոթ եմ դեռ մոնտաժային առաջին կադրերից, ձայն-պատկեր կառուցվելուց, բայց Երևանի կինոդահլիճում ամենասպասելին էր։ Երբ ցուցադրումից առաջ ֆիլմը դատարկ դահլիճում միացրեցինք, որպեսզի տեխնիկական ստուգում անենք, հասկացա, որ Երևանի իմ մանկության կինոյին կապվելու, կինոն հասկանալու այս կինոդահլիճը ամենից կարևորն է։ Այդպես էլ եղավ՝ ցուցադրման օրը այն լեփ-լեցուն էր, ոտքի կանգնած դիտեցին շատերը,որովհետև Փելեշյանը Էկրանից խոսեց իրեն հատուկ մեծությամբ։

Սա ֆիլմ զգուշացում է մարդկությանը։ Սա մի ֆիլմ է, որի դիտման ժամանակ՝ մարդը հասկանում է, թե ինչքան փոքր արարած է բնության ու տիեզերքի առաջ, թե ինչքան հզոր է բնությունն ու նրա կործանիչ ավերը։ Արտավազդ Փելեշյանի հայացքը դեպի այն ամենը ուր ապրում ենք՝ այլ է, տիեզերական է, որովհետև մարդ ստեղծագործողը ազատ է իր մտքի, երևակայության, ասելիքի առումով , ազատ է ինչպես ճախրող թռչունի թռիչքը։

Աշխարհի այս ծայրահեղ լարված, ապոկալիպտիկ ժամանակաշրջանում՝ հատկապես կարևոր է ստեղծագործողների հայացքը, նրանց բաց նյարդային ամբողջ համակարգը։ Սա պիտի լավ հասկանան քաղաքականության մեջ մխրճված աշխարհի պարագլուխները, որովհետև միայն մշակույթն ու արվեստն է,որը կարողանում է անկեղծ և ճշմարտացի հանդես գալ, կատարվելիքի հայելային պատկերը ցուցադրել, հասցնել կինոյի, երաժշտության, գրականության, թատրոնի կերպարվեստի և մնացած ժամանակակից բոլոր միջոցների շնորհիվ» ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում