Հոլանդական Ամստելֆենի քաղաքային գրադարանում բացվեց հայկական գրքերի անկյուն

  • 15.06.2022
  • 0
  • 330 Views

Հունիսի 13-ին դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Ամստելֆեն քաղաք, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Տյապկո Պոպենսի և D66 կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Տավրոս Ասլանյանի հետ։ Այս մասին հայտնում է Նիդերլանդական օրագիրը՝ Ամստելֆենի քաղաքային գրադարանում բացվեց հայկական գրքերի անկյուն (livejournal.com)։

Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ վարչապետի Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները, Ամստելֆենի հայ համայնքի գործունեությանն առնչվող հարցեր։ 

Ամստելֆենի քաղաքային գրադարանում դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց Bright Future Foundation հիմնադրամի նախաձեռնությամբ հայերեն գրքերի անկյուն ստեղծելու բացման արարողությանը։ Ողջույնի խոսքում դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Bright Future-ի ղեկավարությանը նախաձեռնության և գրադարանի տնօրինությանը դրան աջակցելու և հայերեն մանկական գրականությունը մշտական հիմքով հյուրընկալելու համար` հույս հայտնելով, որ այս օրինակը տարածում կգտնի ամբողջ երկրում։ 

«Լուսավոր Ապագա» (Bright Future Foundation) նիդերլանդական հիմնադրամի տնօրեն Մարիամ Կիրակոսյանն իր խոսքում  չափազանց կարևոր  համարեց հայերեն գրքերի առկայությունը Նիդերլանդների գրադարաններում. «Հայ ծնողներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն առիթն օգտագործել և հաճախ հանդիպել միմյանց գրադարանում, ընթերցել հայերեն գրքեր՝  նպաստելով  մեր լեզվի պահպանմանն ու տարածմանը»։ Բացի այդ, Մ.Կիրակոսյանի կարծիքով, հայկական գրքերի առկայությունը արտասահմանցիների մոտ հետաքրքրություններ կառաջացնի՝ ծանոթանալ մեր մշակույթին, լեզվին, ուսումնասիրել հայատառ գրքերը և, առհասարակ, սա փոքրիկ գովազդ է մեր երկրի համար։ 

Քաղաքային գրադարանի (De Bibliotheek Amstelland) ուսումնական նախագծերի գծով մենեջեր Խերթրուդ Հուգենդորնի խոսքով, Ամստելֆենը բազմազգ քաղաք է, և գրադարանի դռները միշտ բաց են այլազգի բնակիչների համար։ Նա հրավիրեց հայկական համայնքի ներկայացուցիչներին՝  օգտվել «Գրքերի Աշխարհ»  նորաբաց հայկական անկյունի «գրատնակից»։

Դեսպանը միջոցառմանը ներկա հայ երեխաներին  ընթերցեց Եզոպոսի առակներից։

Հայերեն գրքերը Bright Future-ին է անհատույց տրամադրել Անտարես հրատարակչությունը: Գրքերը Նիդերլանդներ են տեղափոխվել Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

 Ի դեպ արդեն արձագանքներ կան Հայաստանից. շատ հեղինակներ ևս ցանկություն են հայտնել իրենց գրքերից  նվիրաբերել գրադարանին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում