Նոբելյան մրցանակի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Պատապուտյանը (Փաթափությանը) հունիսի 14-ին Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է ստացել՝ ընտրվելով համալսարանի գիտխորհրդի նիստում։ Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, «ԵՊԲՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նվիրված էր 2021 թվականի Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, նյարդակենսաբան, Կալիֆոռնիայում հայտնի Scripps Research հետազոտական ինստիտուտի Դորիս նյարդաբանության կենտրոնի պրոֆեսոր, Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (Howard Hughes Medical Institute) հետազոտող Արդեմ Պատապուտյանին։ Շոշափելիքի զգացողության մոլեկուլային հիմունքները բացահայտած և իր ոլորտում մեծագույն հեղինակություն վայելող լիբանանահայ անվանի գիտնականին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում»։ Այսօր Արտեմ Փաթափությանին շնորհվել է նաեւ Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին ընդգծեց, որ օրն առանձնահատուկ է, քանի որ այսօր մեկդարյա բուհի դահլիճում զեկույցով հանդես կգա հայկական ծագմամբ միակ Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը:
« Արտեմ Պատապուտյանի կողմից բացահայտվել է իոնային անցուղիների մի նոր ընտանիք` Piezo անցուղիները, որոնք ակտիվանում են մեխանիկական գրգռումից: Րոպեներ առաջ, այն բույսի հատիկը, որի վրայից դոկտոր Պատապուտյանը ստացել է հայտնի մոլեկուլը, այսօր տնկվեց նաև բժշկական համալսարանում և մենք կսպասենք այդ գիտության ծառի պտուղներին` հաշվի առնելով, որ մի քանի րոպե առաջ անվանի գիտնականը դարձավ նաև բժշկական բուհի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ: Խորհրդի յոթ անդամներից երկուսը Նոբելյան մրցանակի դափնեկիր են»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը` հավելելով, որ բժշկական համալսարանը գիտական ասպարեզում կտրուկ վերելք է ապրում:
Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգը, նյարդակենսաբանության ոլորտը հեղափոխած հայ գիտնականն առաջին անգամը չէ Հայաստանում և բժշկական մայր բուհում։
Նրա առաջին դասախոսությունը մեր երկրում նույնպես ԵՊԲՀ-ում էր՝ 2016 թվականի մայիսին՝ «Շոշափելիքի ընկալումը. ինչպես ենք զգում ջերմաստիճանն ու ճնշումը» խորագրով:
Արտեմ Պատապուտյանի հետազոտությունները թույլ տվեցին բուժել մի շարք խանգարումներ, օրինակ, քրոնիկ ցավի հետ կապված հիվանդությունները:
Հիշեցնենք , որ Նոբելյան կոմիտեն բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակը գիտնականին շնորհել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար:
«ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում շրջայցից հետո Արտեմ Պատապուտյանը ԵՊԲՀ կարմիր դահլիճում հանդես է եկել ” How do you feel? The molecules that sense touch” թեմայով դասախոսությամբ:
Իր ելույթում նա ասել է. «Հայաստանում գտնվելու պատճառներից մեկն այն է, որ նաև ծանոթանամ Հայաստանի գիտության ոլորտում զարգացումներին, ակնկալում եմ նոր համագործակցության հիմք դնել: Կառավարությունը փորձում է ավելացնել ֆինանսավորումն՝ ուղղված գիտությանը, հետազոտությանը, ինչը ոլորտի զարգացման համար առաջին կարևոր քայլերից է: Ես հույս ունեմ, որ երիտասարդ ուսանողները, տեսնելով իմ օրինակը, կձգտեն ավելի լավ արդյունքների»:
Հայփոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն էլ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ երեկ շրջանառության մեջ են դրել նամականիշ՝ նվիրված հայտնի գիտնական, նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին՝ «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» խորագրով։
«Շատ ուրախ ենք, որ այս նամականիշը ամբողջ աշխարհով մեկ կպատմի գիտության ոլորտում մեր հայրենակցի անգնահատելի ավանդի մասին:
Արտեմ Պատապուտյանը հայտնի հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան է, ով 2021 թվականին Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի»-, գրել է Հայկ Կարապետյանը:
Երեւան այցի ընթացքում Արտեմ Պատապուտյանն իր Նոբելյան մրցանակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին։
Պատապուրտյանը ծնվել է 1967 թվականին, Բեյրութում: 1986 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: 1990 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է բջիջների և զարգացման կենսաբանության բնագավառի բակալավրի աստիճան, 1996 թվականին կենսաբանության բնագավառում պաշտպանել է թեկնածուական թեզ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ 2000 թվականին դարձել է «Scripps» հետազոտական ինստիտուտի դասախոս։ 2000-2014 թվականներին իբրև հետազոտող աշխատել է «Նովարտիս» հետազոտական հիմնադրամում, 2014 թվականից՝ Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում: Այժմ պրոֆեսոր Փաթափությանը ղեկավարում է ամերիկյան «Scripps» գիտական հաստատության «Փաթափության փորձագիտական տարրալուծարանը»:
orer.eu