Հայկական խաչքար-հուշարձան՝ Ռումինիայի Բակաու քաղաքում ավերված հայկական եկեղեցու տեղում

  • 14.06.2022
  • 0
  • 289 Views

Հունիսի 10-ին Ռումինիայի Բակաու քաղաքում տեղի ունեցավ հայկական խաչքար-հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը՝ մասնակցությամբ Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանի և Բակաուի քաղաքապետ Լուչիան-Դանիել Ստանչիու Վիզիտեուի։ Այնուհետ տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։

Հուշարձանը կանգնեցվել է քաղաքի կենտրոնում՝ 1848թ․ կառուցված, սակայն 1977թ․ երկրաշարժից ավերված հայկական եկեղեցու տեղում։ Խաչքարը Հրազդան համայնքի նվերն է քույր քաղաք հանդիսացող Բակաուին։

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունից առաջ տեղի ունեցավ դեսպան Մինասյանի ու Բակաուի քաղաքապետ Լուչիան-Դանիել Ստանչիու Վիզիտեուի հանդիպումը, որին, հեռավար ձևաչափով, միացան նաև Հրազդան համայնքի ներկայացուցիչները՝ ի դեմս համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանի, ով ընթերցեց նաև համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ուղերձը։

Խաչքարի բացման արարողության ժամանակ դեսպան Մինասյանը, շնորհակալություն հայտնելով Հրազդանի համայնքապետարանին միջնադարյան պատմության քրիստոնեական հայկական խորհրդանիշի` գեղազարդ խաչքարի նվիրատվության, Բակաուի քաղաքապետին ու Ռումինահայոց միության Բակաուի մասնաճյուղի ղեկավար Վասիլե Հակոբին՝ միջոցառման կայացման, իսկ ներկաներին՝ արարողությանը մասնակցելու համար, մասնավորապես, նշեց․ «Յուրաքանչյուր մշակույթ ունի իրեն յուրահատուկ տարր, որը խորհրդանշում է տվյալ ազգի մշակույթը․ հայկական մշակույթի համար այդպիսի խորհրդանիշ է հանդիսանում հայկական խաչքարը»։

Դեսպանը նաև ընդգծեց, որ թեև հայերը Ռումինիայում հաստատվել են 10-րդ դարում, սակայն հայերի թիվը կտրուկ աճել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված հայատյաց քաղաքականության և հայոց ցեղասպանության արդյունքում։ Ցեղասպանությունից մազապուրծ եղածների հետնորդներն այսօր կազմում են Ռումինիայի հայ համայնքի հիմնական մասը, որը ջանք չի խնայում պահպանելու իր ազգային ինքնությանը։

Ելույթով հանդես եկավ Բակաուի քաղաքապետ Լուչիան-Դանիել Ստանչիու Վիզիտեուն, որը կարևորեց խաչքարի տեղադրումը և նշեց, որ այն ոչ միայն կրոնական և մշակութային արժեք է ներկայացնում, այլև խորհրդանշում է Հրազդան և Բակաու համայնքների բարեկամությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն առավել կամրապնդվի շոշափելի արդյունքներով։

Ռումինահայ ռեժիսոր, դերասան Ֆլորին Գևորգյանն ընթերցեց Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանի ուղերձը:

Խաչքարի բացման հանդիսության ավարտին ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի առջև:

Արարողությանը ներկա էին Բակաուի տեղական ինքնակառավարման մարմինների ու Ռումինահայոց միության մասնաճյուղերի ղեկավարները, Ռումինահայոց թեմի և Ռումին ուղղափառ եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ, ռումինահայ համայնքի բազմաթիվ անդամներ, հայտնի մտավորականներ ու արվեստի գործիչներ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական ԶԼՄ-ների կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Ռումինիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում