
Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասի մայրաքաղաք Քիլում է գտնվում Գերմանիայի ամենաերիտասարդ Արվեստի ԲՈւՀ-ը՝ Մութեզիուսի անվան Արվեստի Ակադեմիան: Այստեղ է անցկացվում նաև ֆիլմերի փոքր-ինչ տարօրինակ անվանմամբ ամենամյա մրցանակաբաշխությունը, այն է՝ «Ոչ արծաթե ծովատառեխ»-ը: Ծովատառեխը հյուսիսային Գերմանիայի ոչ պաշտոնական խորհրդանիշն է:
Այս տարի փառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել գերմանաբնակ հայ ռեժիսոր, արվեստագետ Արթուրո Սայանի «Նահանջը առանց երգի» վավերագրական էսսե -ֆիլմը՝ Շահան Շահնուրի համանուն վեպի մոտիվներով: Այն արդեն ցուցադրվել է աշխարհի տարբեր քաղաքներում և, իհարկե, Հայաստանում:

Գերմանական փառատոնից երկու օր անց Արթուրոն ստացել է հերթական ուրախալի լուրն իր հայրենիքից:
Երեւանյան «Մեկ կադր» կարճ ֆիլմերի 20-րդ փառատոնի «Կինո առանց սահմանի» անվանակարգի գլխավոր մրցանակը և փառատոնի ավանդական արձանիկը շնորհվել է «Նահանջը առանց երգի» ֆիլմին՝ «Հայկականի մասին, հայկական մտածողության համար»:
«Մէկ կադր» ԿՖՄՓ-ի շրջանակներում Արթուրոյին է հանձնվել նաև մեկ այլ մրցանակ «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի կողմից կրկին վերոնշյալ ֆիլմին՝ «Վավերագրության, թատերականացման, նախնիների տեսապատկերների, հայ ժողովրդի սերնդեսերունդ փոխանցվող երաժշտության ու Շահան Շահնուրի խոսքերով՝ մեր ազգի ամենասուր վախերից մեկը՝ ձուլումը արտացոլելու համար»:
Շնորհավորում ենք գերմանաբնակ մեր հայրենակցին՝ մաղթելով նորանոր ստեղծագործական հաջողություններ:
Լուսանկարները՝ Lea Kötting-ի և Մէկ Կադր փառատոնի պաշտոնական կայքից:
orer.eu


