Հունիսի 8-ը ողբերգությամբ դրոշմվեց Բեռլինի պատմության մեջ։ Երեկ ԳԴՀ մայրաքաղաքում սուգ էր հայտարարվել, իջեցվել էր դրոշը։ Հունիսի 8-ին տեղական ժամանակով մոտավորապես 10.30-ին նորագույն զենքով՝ Renault Clio ավտոմեքենայով 29-ամյա վարորդը թիրախ է ընտրել Բեռլինի կենտրոնում՝ Շառլոթենբուրգ թաղամասում մարդաշատ վայրը, մեքենան ուղղել է հետիոտների համար նախատեսված մաս, վրաերթի ենթարկել մարդկանց, շարունակել է վարել մեքենան, մարմնական վնասվածք պատճառել տարբեր տարիքի հետիոտների, ապա բախվելով մեկ ուրիշ ավտոմեքենայի, մխրճվել խանութի ցուցափեղկից ներս եւ կանգ առել։ Դեպքի վայրից վարորդին չի հաջողվել փախչել, քանի որ նրան շրջապատել են ականատեսները, ապա հանձնել Բեռլինի ոստիկանությանը։ Վիրավորները շատ են, մի կնոջ չի հաջողվել փրկել, նա տեղում մահացել է, ծանր վիրավոր է 15 քաղաքացի, ըստ որոշ ԶԼՄ-ների՝ վիրավոր է 31 հոգի։
Սա ծանրագույն հանցագործության մասին մեր չեզոք հաղորդումն է։ Բայց…լուրն այսպես չհաղորդվեց հունիսի 8-ին։ Գերմանական ԶԼՄ-ները հենց սկզբից նշեցին, որ վարորդը Գոռ Հ.-ն է, 29-ամյա գերմանահայ է կամ՝ ըստ որոշ լրատվամիջոցների, Հայաստանի եւ Գերմանիայի քաղաքացիություն ունի, 10 տարի Բեռլինում է բնակվում, ողբերգության գործիք դարձած Ռենոն իր ավտոմեքենան չէ, պատկանում է ավագ քրոջը։ Գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքի ՝ZDF-ի ներկայացմամբ՝ ծնվել է Հայաստանում, քաղաքացիություն է ստացել 2015-ին, ունի թե՛ ՀՀ, թե՛ ԳԴՀ անձնագիր։ Ըստ նույն աղբյուրի, սոցցանցերում որեւէ բան չի ակնարկում նաեւ նրա ծայրահեղական լինելու մասին, իսկ ավտոմեքենայում առկա են պլակատներ, սակայն նշում է՝ «Դադարեցրեք Թուրքիայի ագրեսիան» բովանդակությամբ պաստառները, ըստ ոստիկանության, չեն կարող կապ ունենալ հանցագործության հետ։ Տարբեր աղբյուրների իրազեկմամբ, բնակվում է Վիլմեսդորֆ թաղամասի շենքերից մեկի 3-րդ հարկում։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին, թե ոստիկանությանը ծանոթ անձ է (ավելի ուշ դատախազության հաղորդագրությունից պարզ դարձավ, որ 2014-ին գողություն է կատարել, նաեւ՝ աղմկոտ այլ պատմությունների հեղինակ է), մի մասն էլ տարածեց, թե տվյալ գործողությունը կատարելուց հետո, ականատեսների վկայությամբ, նկատելի է եղել, որ անձը հոգեմտավոր խնդիրներ ունեցող է։ Այսքան մանրամասն տեղեկություններ եւ…նրան հայ համայնքում չեն ճանաչում, իսկ Բեռլինում Հայաստանի դեսպանությունից մեր հարցմանն ի պատասխան Հայկ Սարգսյանը հաղորդեց, թե իրենց էլ ծանոթ չէ հիշատակված անձը, ստույգ չէ նաեւ այն փաստը, որ ՀՀ քաղաքացիություն ունի։ Առավել տարօրինակ է նաեւ այն հանգամանքը, որ որեւէ հաստատությունից ՀՀ դեսպանություն չեն դիմել։
Գերմանիայում շոկային այս լուրը հիշեցնել է տալիս Բեռլինում 2016 թվականին Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին այս վայրին մերձակա Բրայթշայդփլացում կատարված ահաբեկչական գործողությունը։ Իսլամ ծայրահեղական Անիս Ամրիի զենքը դարձյալ ավտոմեքենան էր եղել՝ բեռնատարը, որ գիտակցաբար մխրճել էր մարդկանց բազմության մեջ։ Զոհվել էին 13 հոգի, վիրավորվել՝ 70-ը։ Այն փաստը, որ հունիսի 8-ին կատարված ողբերգական եղելությունը այդ հուշավայրի մերձակայքում է, հիշեցնել է տալիս, որ քաղաքային իշխանությունները նախորդ տարիներին 2 միլիոնից ավելի են հատկացրել արգելապատնեշ կառուցելու համար, ինչը, թվում է, կարող էր կանխել նման ողբերգության կրկնությունը։
Հունիսի 8-ի ողբերգությունը, որ կատարվել է նույն վայրում, նույն գործիքով, թվում է, պիտի չշրջանցեր ահաբեկչություն լինելու հավանականությունը։ Բայց հենց սկզբից չշահարկվեց, թե կատարվածն ահաբեկչական գործողություն է, փոխարենը այսպես ասած՝ ձեռքի հետ շրջանառվեց մի տեղեկություն, թե հնարավոր է քաղաքական ենթատեքստ լինի ՝ավտոմեքենայի մեջ առկա են եղել Թուրքիայի վերաբերյալ պաստառներ։ «Շպիգելը», որ հունիսի 8-ին ի թիվս այլ լրատվամիջոցների հաղորդել էր այս կարեւոր փաստը, հաջորդ օրն էլ նույնն է թողել այդ մի նախադասությունը՝ որեւէ նոր բան չհավելելով։ Սակայն նկատելի էր, որ հունիսի 9-ին այս տեղեկությունը կրկին չշրջանառվեց, եւ գաղտնիք մնաց, թե ի՞նչ պաստառներ էին դրանք, ինչու՛ հենց սկզբից այդ հանգամանքը շեշտադրվեց։
Հունիսի 9-ին «Բեռլիներ ցայթունգը» հղում անելով Բեռլինի դատախազությանը՝ ուրիշ «երանգ» փոխանցեց. այն՝ որ «դեռեւս չկա որեւէ փաստ, որ մատնում է, թե 29-ամյա վարորդի գործողությունը նախապես ծրագրված է եղել։ Նրա ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է երկու պաստառ, որի վրա ձեռքով գրվածն առնչություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, բայց դրանք որեւէ կապ չունեն կատարված գործողությունների հետ»։
Զարմանալի է, չէ՞, կրկնենք՝ եթե կապ չունի, ինչո՞ւ է շեշտադրվում։ Ավելի քան զարմանալի է, որ քաղաքական այս հենքը բնավ չօգտագործեցին թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական աղբյուրները։
Եթե «Ազերթաջը» Բեռլինում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն լուսաբանում էր սեփական թղթակցին վստահելով, իսկ նա էլ տարիներ առաջ մոտավորապես այսպես էր ձեւակերպել՝ «Բեռլինը մե՛ր քաղաքն է», ապա հունիսի 8-ին ձեռնպահ է մնում սեփական թղթակցի հաղորդումից եւ իր լրահոսի գերմանական տարբերակում ողբերգության մասին տեղեկությունը հաղորդում է բացառապես գերմանական մեդիային հղում անելով եւ, որ առավել ուշագրավ է, առանց նշելու, թե հանցանքի մեջ կասկածվողը հայ է կամ Հայաստանի քաղաքացիություն ունի, ոչ էլ անունն է նշում, կասկածի առիթ է տալիս։ Այսքան կոռեկտություն, նրբանկատություն ե՞րբ սովորեցին։
Թե՛ Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆֆեյը, թե՛ կանցլեր Օլաֆ Շոլցը ցավակցական իրենց խոսքում կիրառեցին հոգեկան անհավասարակշիռ վիճակում կատարված գործողություն (Amoktat) ձեւակերպումը, ինչը կրկնեցին ԶԼՄ-ները նաեւ հունիս 9-ի հաղորդումներում։
Ողբերգությունը ծանր է, հատկապես, երբ զոհը երիտասարդ 31-ամյա ուսուցչուհի է Հեսսենի երկրամասից, որ Բեռլին էր մեկնել իր 24 աշակերտների հետ դպրոցական ավարտական էքսկուրսիայի։ Մյուս ուսուցիչը ծանր վիրավոր է։ Աշակերտներից 14-ը վիրավոր են, 7-ի վիճակը ծանր է, հիվանդանոցում են, կան վիրավոր այլ հետիոտներ։ Հեսսենի դպրոցականների ծնողներին ու հարազատներին հոգեբանական ծառայություն է մատուցվում։
Բեռլինի ոստիկանությունը վարորդին նախ հասցրել է հիվանդանոց։ Ըստ երեւույթին խանութի ցուցափեղկին հարվածից հետո ապակու բեկորներից վնասվածք է ստացել, տեղում բժշկական ծառայություն ստանալուց հետո թարգմանչի օգնությամբ հարցաքննվում է։
Բեռլինի ոստիկանության մամուլի ծառայությունից երեկ մեր հեռախոսազանգին ի պատասխան իրազեկեցին, որ առայժմ ձեռնպահ են նոր տեղեկություններ հաղորդելուց։ Մեր հարցին, թե արդյոք հստակեցվե՞լ է, որ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, կամ՝ հայ է, ոստիկանությունից չհաստատեցին։ Նույն անորոշ պատասխանը տրվեց, երբ հարցրինք՝ անունը Գո՞ռ է։ Առայժմ պարզ չէ, ստուգվում է՝ թմրամիջոցների ազդեցությա՞մբ է կատարել գործողությունը, ոչինչ հայտնի չէ նաեւ բնակարանի եւ ավտոմեքենայի խուզարկությունից։ Ոստիկանությունից մեզ հուշեցին զանգահարել դատախազություն։ Ըստ դատախազության խոսնակի, առկա են պարանոիդ շիզոֆրենիայի նշաններ, բուժող բժիշկներն ազատվել են լռություն պահպանելու իրենց մասնագիտական հանձնառությունից։ Հայտնի է միայն, որ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ողբերգական վթարի հեղինակին ուղարկել Բեռլինի հոգեկան հիվանդ հանցագործների հիվանդանոց։ Հավանական է, որ դատարանը կբավարաի միջնորդությունը։
Այս պատմությանը դեռ կանդրադառնանք։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Աղբյուր՝ Ողբերգություն Բեռլինում. Նոր խարան հայերիս համար – Ազգ (azg.am)