ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով
Հունիսի 10-ին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։ Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մասնավորապես նշել է.
«Հարգելի՛ Ստանիսլավ Վասիլիի,
Տիկնայք և պարոնայք,
Մենք ավարտեցինք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը:
Այս տարի մենք նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ստեղծման 20-ամյակը, ինչի կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս։
Նեղ, ապա և ընդլայնված կազմով նիստերի շրջանակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների հետ քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման միտումները և դրանց ազդեցությունը մեր երկրների անվտանգության վրա:
Անդրադարձ ենք կատարել նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի, ինչը, ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններից է: Հունվարին Կազմակերպությունը ժամանակին է արձագանքել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն մինչ այժմ չլուծված է մնում 2021 թ. մայիսից ադրբեջանական զորքերի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հարցը:
Մենք անդրադարձել ենք նաև երկրների ղեկավարների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, անցյալ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրականացմանը և ՀՀ նախագահության առաջնահերթություններին:
Հարգելի՛ գործընկերներ,
Կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը եղել և շարունակում է հանձնառու լինել ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ և նախաձեռնող փոխգործակցությանը, և նպատակադրված է անդամ-պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում` Կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական կոորդինացման զարգացման ապահովմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ՀԱՊԿ դերի ակտիվացմանը:
Նիստի արդյունքներով հավանության ենք արժանացրել ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների՝ միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ հայտարարությունը, ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցությունների ծրագիրը՝ մոտակա երեք տարիների համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հաջորդ նիստն անցկացնել Երևանում՝ այս տարվա չորրորդ եռամսյակում:
orer.eu