Էրդողանն ընդլայնում է քաղաքական ազդեցության ոլորտը մինչև Ֆրանսիա և համայն Եվրոպա

  • 09.06.2022
  • 0
  • 84 Views

Անցյալ շաբաթ ես գրել էի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հաջորդ տարի իր վերընտրվելու համար թուրք ամերիկացիներից քվեներ հավաքելու ծրագրերի մասին՝ Վաշինգտոնում իր իշխող կուսակցության («Առաջընթաց և զարգացում» (ԱԶԿ)) գրասենյակ բացելով և իր զարմիկին՝ դոկտ. Հալիլ Մութլուին որպես գրանցված լոբբիստ վարձելով: Էրդողանն արդեն իսկ նախնական քաղաքական հաջողություն է արձանագrել Միացյալ Նահանգներում` ԱՄՆ Սենատի համար Փենսիլվանիայի հանրապետականների նախնական ընտրություններում թուրք ամերիկացի դոկտ. Մեհմեդ Օզի հաղթանակով:

Այս շաբաթ ուզում եմ տեղեկացնել Ֆրանսիայում նախագահ Էրդողանի համանման քաղաքական ջանքերի մասին՝ թուրքական գործակալներ ներդնելով Ֆրանսիայի օրենսդիր մարմնի մեջ: Սա Էրդողանի հեռահար նպատակն է 2010 թվականից ի վեր, երբ նա Փարիզ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի իր հայրենակիցներին կոչ արեց զբաղեցնել քաղաքական պաշտոններ:

Բնականաբար, ոչ ոք չի կարող առարկել, որ թուրքերը Ֆրանսիայում և ԱՄՆ-ում առաջադրվեն քաղաքական պաշտոնների համար: Այնուամենայնիվ, երբ նման քաղաքական գործողությունները հրահրվում և աջակցություն են ստանում օտարերկրյա կառավարության, այս դեպքում՝ Թուրքիայի և նրա բռնակալ առաջնորդի կողմից, լուրջ մտավախություններ են առաջանում, որ այդ թուրք քաղաքական գործիչները կարող են գործիք դառնալ Էրդողանի ձեռքին՝ իր բռնակալական քաղաքականությունը թուրքական սահմաններից դուրս արտահանելու և հակահայկական դիրքորոշումներ քարոզելու համար։

Ստրասբուրգում գործող «Հավասարություն և արդարություն» կուսակցության հիմնադիր Ալի Գեդիքօղլուն hետևելով Էրդողանի հրամաններին` «[Ֆրանսիայի] 2017 թվականի օրենսդրական ընտրություններում 50 թեկնածու ներկայացրեց», հաղորդում է Intelligence Online-ը։ «Հայտնի է նաև, որ Գեդիքօղլուն Թուրքիայի արտգործնախարար և ԱԶԿ-ի հիմնադիր անդամ Մևլութ Չավուշօղլուի մերձավոր գործընկերն է»։

2022 թ. հունիսի 12-ին և 19-ին կայանալիք Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների համար թուրքական «Մեդիաթուրք» լրատվական կայքը, համագործակցելով թուրքական կառավարությանը պատկանող «Անադոլու» գործակալության ֆրանսերեն տարբերակի հետ, առաջադրել է երեք թուրք թեկնածուների. «Ֆրանսիական և թուրքական երկքաղաքացիություն ունեցող Ջելիլ Յըլմազ (Աին 5-րդ ընտրատարածք). Յալչին Այվալի (Ռոնի 14-րդ ընտրատարածք) և ֆրանսիացի մահմեդական դեմոկրատների միության թեկնածու Ռամազան Կալլի (Սոն-է-Լուարի 5-րդ ընտրատարածք)»։ Երեքն էլ «ներգրավված են Ստրասբուրգում տեղակայված Cojep ընկերակցությունում (Conseil pour la justice, l’égalité et la paix), որի անունը թարգմանվում է որպես Արդարության, հավասարության և խաղաղության խորհուրդ», ըստ Intelligence Online-ի: 1985 թվականին ստեղծված Cojep-ի տարեկան բյուջեն կազմել է 300 հազար եվրո։ Այն «պաշտպանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի «թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության շահերը, որին մոտ է իր ղեկավարությունը»:

Թեկնածու Ջելիլ Յըլմազը Cojep ընկերակցության նախագահն է և Նանտուայի (Ֆրանսիայի արևելք) նախկին քաղաքային խորհրդի անդամ: Cojep-ի տնօրեն Գեդիկօղլուն Հայոց ցեղասպանության մոլի ժխտողներից է Եվրոպական խորհրդարանում, որտեղ նա խորհրդարանի Թափանցիկության գրասենյակում գրանցված է որպես լոբբիստ: Ըստ Intelligence Online-ի՝ նա նաև բնութագրվում է որպես «ԱԶԿ-ի լրատվամիջոցների և մարդասիրական ներկայության շարժիչ ուժը Ֆրանսիայում»:

Հաշվի առնելով ողջ Եվրոպայում Հայոց ցեղասպանության լայն տարածում գտած ճանաչումը, ցեղասպանությունը ժխտող թուրքերը դառնում են եվրոպացիների ծիծաղի առարկան, ինչպես ԱՄՆ-ում՝ Կոնգրեսի երկու պալատների և նախագահ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո։ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը համարժեք է ապացուցելու փորձի, որ «երկրագունդը տափակ է»։

Թեկնածու Յըլմազին «Փարիզի դատախազությունը 2018 թվականին մեղադրել է «ատելություն հրահրելու» համար», հայտնում է Intelligence Online-ը։ «Յըլմազը ցուցադրել է մարդկանց իր կողմը համախմբելու կարողությունը, երբ սոցիալական ցանցերի միջոցով ընդամենը մի քանի րոպեում նրան հաջողվել է հավաքել հարյուր թուրքի՝ 2018 թվականի հունվարին Լիոնում Թուրքիայի հյուպատոսության դիմաց քրդամետ բողոքի ցույցին դիմակայելու համար»:

Intelligence Online-ը պարզել է, որ «Յըլմազը նաև կազմակերպել է Cojep-ի անձնակազմի հանդիպումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության [ԿԴՀ] պաշտոնական պատվիրակության հետ, որը մեկնել էր զրուցելու ԱԶԿ-ի բարձրաստիճան անդամների հետ 2021 թվականի օգոստոսին Թուրքիայի կենտրոնակայանում: ԿԴՀ-ի կուսակցության կազմում էր նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի եղբայրը՝ Ռոջեր Չիսեկեդին։ Յըլմազը նաև վստահում է Cojep-ի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Սաթի Արիկին, որը տեղակալ է ԱԶԿ-ի կանանց մասնաճյուղի՝ «ԱԶԿ Քադին Քոլարի»-ի խորհրդում: Արիկը, որը ծագումով Ստրասբուրգից է, մտերիմ է թուրք-գերմանական ԱԶԿ-ի պատգամավոր Զաֆեր Սիրաքայայի հետ։ Ըստ կուսակցության կայքում նրա կենսագրության, նա Սիրաքայայի համար գրում է «Մահմեդականները Ֆրանսիայում» թեմայով զեկույցներ։ Մյուս երկու թեկնածուները՝ Այվալին և Կալլին, իրենց կապը Cojep-ի հետ ցույց են տալիս միայն սոցիալական մեդիայի միջոցով, թեև Կալլին նրա տեղական կապեր ապահովող անձն է արևելյան Ֆրանսիայի Մոնսո-լե-Մինի համար»:

Բացի ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, Էրդողանը լոբբիստական խմբերի շղթա է ստեղծել ամբողջ Եվրոպայում: Դրանք բաղկացած են «Եվրոպայի թուրք դեմոկրատների միությունից (Union des démocrates turcs européens), որը ստեղծվել է ԱԶԿ-ի կողմից Բրյուսելում [Բելգիա] 2003 թվականին՝ աջակցելու Եվրամիությանը միանալու Թուրքիայի թեկնածությանը: Այդ ժամանակից այս կազմակերպությունը դարձել է ԱԶԿ-ի մոտիկ մի քանի փոքր  կուսակցությունների մայր ընկերությունը, ինչպիսիք են «Be.one»-ը Բելգիայում, Բազմամշակութային իրավունքի կուսակցությունը (Multicultural Recht Partij) Նիդեռլանդներում և Դաշինք նորարարության ու արդարության համար (Bündnis für Innovation und Gerechtigkeit) Գերմանիայում», հաղորդում է Intelligence Online-ը:

Թուրքական լոբբիստական այս հսկայածավալ ջանքերին պետք է դիմակայեն բոլորը, ոչ թե միայն հայերը: Թեև Թուրքիան սնանկ երկիր է, սակայն Էրդողանը որոշել է օգտագործել իր երկրի սահմանափակ ֆինանսական միջոցները՝ իր բանակը զինելու և թուրքական քարոզչությունն ամբողջ աշխարհում տարածելու համար:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում