
Հայ-շվեյցարական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է տարածել ցյուրիխաբնակ ակտիվ համայնքային գործիչ Մանուկ Մալխասյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ
Այս տարի լրանում է հայ-շվեյցարական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը։ Սա շատ կարեւոր իրադարձություն է երկկողմ հարաբերությունների եւ տեղի հայ համայնքի համար։ Այդ առիթով վաղը մայրաքաղաք Բեռնում նախատեսվում է միջոցառում Շվեյցարիայի քաղաքական գործիչների, հայ համայնքի որոշ անդամների եւ Հայաստանից ժամանող պատվիրակության հետ։ Որպես շվեյցարահայ՝ ես նույնպես հրավիրված եմ այդ միջոցառմանը եւ կարեւորելով իմ երկու հայրենիքների հարաբերությունները՝ պետք է, իհարկե, ոգեւորությամբ մասնակցեի այդ արարողությանը։ Սակայն, ցավոք սրտի, հանգամանքներն այլ կերպ են դասավորվել, եւ ես ստիպված եմ բոյկոտել այդ հանդիպումը։
Պատճառները մի քանիսն են.
1. Մայիսի 23-ին Բրյուսելում կայացավ Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումը, որից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, այլեւս անտեսելով Արցախի կարգավիճակի հարցը, առաջին անգամ խոսեց «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության մասին»։ Այսինքն՝ Արցախի ինքնորոշման հարցն այլեւս օրակարգային չէ, եւ Արցախը այսուհետ պետք է դիտարկել զուտ հայերով բնակեցված տարածք Ադրբեջանի կազմում։ Հաշվի առնելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը՝ ուղղակի աբսուրդ է պատկերացնել Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում։ Սա նշանակում է միայն մեկ բան՝ Արցախի անկախության հարցը այլեւս գոյություն չունի, իսկ հայաթափման հարցը ուղղակի ժամանակի խնդիր է։
2. Արցախի հարցը փաստացի համարելով լուծված՝ Փաշինյանը այժմ էլ սահմանազատում է իրականացնում հայ-ադրբեջանական ողջ սահմանին։ Միշելը խոսում է «Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր շրջանների միջեւ տարանցման մասին»։ Այսինքն՝ Ադրբեջանը ունենալու է անկլավներ եւ հսկման կետեր եւ վերահսկելու է մեր տեղաշարժը Հայաստանում։ Սա նշանակում է Հայաստանի սուվերեն պետականության կործանում։ Մոտակա երկու ամսվա մեջ ներկայացվելու են արդեն սահմանազատման արդյունքները։ Սա աբսուրդ է։
3. Հունիսի 3-ին ՔՊ-ական պատգամավորների ճնշող մեծամասնությունը բոյկոտեց ընդիմության հրավիրած արտահերտ խորհրդարանական նիստը՝ կապված Արցախի ապագայի եւ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան անհասկանալի հապճեպ մերձեցմանը։ Այս քայլը հաստատեց Նիկոլ Փաշինյանի թիմի քաղաքականության զիջողական, հակաարցախյան եւ հակահայկական լինելը։
4. Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը անհասկանալի խաղաղության դարաշրջան է փորձում բացել նաեւ Թուրքիայի հետ, մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ապրիլի 24-ին Ուրուգվայի մեր հայրենակիցներին լկտիաբար ողջունում էր ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլերի» ժեստով։ Այսպիսով՝ պաշտոնական Անկարան բացեիբաց սպառնաց հայ ժողովրդին նոր ցեղասպանությամբ։
Սա՞ էր երազում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը։ Սա՞ է Փաշինյանի խաղաղության դարաշրջանի օրակարգը՝ զիջել Արցախը, ուրանալ Հայոց ցեղասպանությունը, զիջել Հայաստանի տարածքները, ստեղծել ադրբեջանական անցակետեր եւ անկլավներ Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերը։ Այս ամենը դեմ է Հայաստանի անվտանգությանն ու ազգային շահերին։ Այս ամենը տանում է Հայաստանի եւ Արցախի կործանման, եւ մենք այս հարցը չպետք է այլեւս դիտարկենք ներքին քաղաքական տեսանկյունից, այլ համազգային շահերի դիրքերից։
Վերջին օրերին ինձ հայտնի դարձավ, որ Հայաստանից ժամանող պատվիրակության մեջ լինելու են միայն իշխանական պատգամավորներ եւ ոչ մի ընդդիմադիր գործիչ։ Ինձ հավաստիացրեցին, որ ԱԳՆ-ից նույնպես մարդ չի ժամանելու։ Այսինքն՝ ՔՊ-ական պատգամավորները, որ բացարձակ ոչ մի ներդրում չունեն հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման մեջ, բաժակաճառեր հնչեցնելու համար կարող են հասնել Շվեյցարիա, մինչդեռ մի քանի օր առաջ Արցախի հարցով արտահերթ նիստը բոյկոտու՞մ էին։
Հերի՛ք է, անտանելի է արդեն այս ցինիզմը։ Հարգանք եմ տածում շվեյցարացի եւ հայազգի մյուս հրավիրվածների հանդեպ, սակայն այս ամենը դեմ է իմ ազգային համոզմունքներին, սկզբունքներին եւ արժանապատվությանը։ Ուստի որպես բողոքի եւ անհամաձայնության նշան ես բոյկոտում եմ այդ հանդիպումը։
Մանուկ Մալխասյան
Ցյուրիխ