Վիտեբսկում բացվել Է «Մարշալ Բաղրամյան եւ Բելառուս» հոյաշեն հարթաքանդակը

  • 06.06.2022
  • 0
  • 252 Views

«Մարշալ Բաղրամյանը եւ Բելառուսը» հոյաշեն հարթաքանդակը զարդարել է հայտնի զորավարի անունը կրող Վիտեբսկ քաղաքի թիվ 46 միջնակարգ դպրոցի ճակատային մասը: Բացման արարողությունը տեղի է ունեցել 2022թ. հունիսի 1-ին։

Ձեռնարկին ներկա էին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը, պատգամավորների շրջանային խորհրդի նախագահ Վլադիմիր Տերենտիեւը, Վիտեբսկի Թեբսկի շրջանային խորհուրդի նախագահ Նիկոլայ Օրլովը, ՊերվոՄայ շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Սեմենիչեւը, «ԱՆԻՎ» հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցման ֆոնդի գլխավոր տնօրեն Արմեն Խեչոյանը:

Հարթաքանդակը բաղկացած է հայկական ֆելզիտի վրա պատրաստված երկու կլոր պատկերներից: Մեկի վրա գումարտակների եւ զինտեխնիկայի պատկերներ են, եւ նշված է Բելառուսի տարածքում 1943-1944 թվականների ռազմական գործողությունները, որին մասնակցել են 1-ին Բալթյան ռազմաճակատի զորքերը՝ Բաղրամյանի հրամանատարությամբ: Երկրորդ պատկերում հայկական խորհրդանիշներն են՝ արծիվներ, Արարատ լեռ, արեւի նշաններ, կենաց ծառ: Այստեղ նշված են նաեւ  Բաղրամյանի խոսքերը. «Պատմության փորձը ցույց է տալիս, որ հաղթանակի ճանապարհը փշոտ է, եւ այն պատվով հաղթահարում են միայն նրանք, ովքեր ներշնչված են հայրենասիրության զգացումով եւ նպատակի վեհությամբ»:

Ինչպես տեղեկանում ենք «Անիվ» հիմնադրամից, կոմպոզիցիայի հեղինակներ են քանդակագործ Հռիփսիմե Գեւորգյանը եւ ճարտարապետ Արմեն Սարդարովը: Այս հարթաքանդակի ստեղծման եւ տեղադրման հարցում օգնություն եւ աջակցություն ցուցաբերեցին Վիտեբսկի քաղաքային խորհուրդը եւ մարզպետարանը, ՄԻԱՍԻՆ միջազգային բարեգործական հիմնադրամը, Սամվել Գիգոլյանը, Վաչիկ Բադալյանը, Ազատ Մանուկյանը: Ծրագիրն իրականացվել է «ԱՆԻՎ» հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ եւ անմիջական մասնակցությամբ:

Հոյաշեն հարթաքանդակի բացումը տեղի է ունեցել Մինսկի Բիլեվո միկրոշրջանում անցկացվող  տոնի շրջանակներում։ Հանդիսատեսի առջեւ ելույթներ են ունեցել «Էրեբունի» ազգագրական համույթը( Մինսկ), Վիտեբսկի տարածաշրջանային ֆիլհարմոնիայի մենակատար Ջուլիետա Տարախչյանը եւ այլ անհատ կատարողներ:

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում