
Բեռլինաբնակ հայ գեղանկարիչ Սամ Գրիգորյանի «Երջանկություն» խորագիրը կրող նոր աշխատանքների շարքը վերջերս ցուցադրվեց տեղի «Թամմեն» պատկերասրահում։ Արվեստագետն այն ինքնաբերաբար է ստեղծել՝ «Այս շարքը՝ «Հեփփինեսսը», 2016-17 թվերին սկսվեց։ Հայաստանի դեպքերը, մի քիչ էլ վատառողջ էի ու մտածում էի, որ իմ բժիշկը միայն ես եմ, ինձ պետք է օգնեմ ու գործի անցա։ Գալերիստը՝ Վերներ Թամմենը, երբ եկավ ինձ մոտ արվեստանոց, հենց այս շարքի վրա էի աշխատում»,– մեզ հետ զրույցում պատմեց պարոն Գրիգորյանը։
Բեռլինի «Թամմեն» պատկերասրահում ներկայացված հերթական ցուցահանդեսում հանդես են եկել երեք արվեստագետներ, որոնց ընտրել և հրավիրել է ղեկավար Վերներ Թամմենը։ Նա այս պատկերասրահը 40 տարուց ավելի է, ինչ ստեղծել և կառավարում է։ Ինչպես մեզ հավաստիացրեց, ներկայացված երեք արվեստագետներին էլ ինքը լավ է ճանաչում, օրինակ՝ Սամ Գրիգորյանին իննսունականներից և բոլորին է բարձր գնահատում։

«Սամի այս գործերի շարքն ինձ դուր եկավ, անվանումն էլ։ Եվ հենց դա՝ «Երջանկություն»՝ «Հեփփինեսս» որպես խորագիր ընտրեցինք ամբողջ ցուցահանդեսի համար։ Բոլորս արդեն համավարակից հոգնել ենք։ Ցուցահանդեսն այս ձևով պատրաստ էր և հրավիրատոմսերը տպված։ Ու հանկարծ Ուկրաինայում պատերազմն սկսվեց։ Մի պահ մտածեցի հանել այս անվանումը, որովհետև սխալ կընկալվեր, որովհետև դժվար կլիներ երջանկությունից խոսել։ Սակայն մտածեցինք, որ ճիշտ հակառակը՝ գեղեցիկն է պետք մատուցել հասարակությանը, գարնանային տրամադրություն, դրական լիցքեր հաղորդել։ Թողեցինք»,– պատմեց պատկերասրահի ղեկավար Վերներ Թամմենը։

Այստեղ տեսանք երեք արվեստագետների ընդհանուր թվով յոթ տասնյակ աշխատանքներ, որոնց գերակշիռ մասն ստեղծվել է վերջին հինգ տարիների ընթացքում։ Սամ Գրիգորյանի հետ ցուցահանդեսին մասնակցել էին քանդակագործ Լոթար Սերուսետը և գեղանկարիչ Կարստեն Կուշը։ Խորագրին համապատասխան ցուցահանդեսի նպատակն էր նոր կյանքի կոչ անել, ուրախ տրամադրություն արթնացնել, որովհետև կյանքը շարունակվում է։

«Գրիգորյանի մոտ այս շարքում տենդենցն ավելի ամերիկյան է։ Նրանք սիրում են այդ ակնթարթայինը։ Եվ պատահական չէ, որ նրա աշխատանքով հենց ԱՄՆ-ից են հիմա հետաքրքրված»,– նշեց պարոն Թամմենը։
«Մենք էլ իբրև արվեստագետ պետք է այնպես աշխատենք, որ մարդիկ հույսերը չկորցնեն, առաջ նայելու ուժ և ձգտում ունենան։ Կարծում եմ, որ այս ցուցահանդեսում դա հաջող կերպով արտահայտված է»,– համոզված է պարոն Գրիգորյանը։
Գայանե Առաքելյան
Բեռլին