Առաջին անգամ Բուդապեշտում հայերենով անցկացվեց միջազգային դասընթաց-«ՈՍՏԱՅՆ»

  • 06.06.2022
  • 0
  • 79 Views

Բուդապեշտում ավարտվեց Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնի (WostAYN) նախաձեռնությամբ կազմակերպված «Rights for inclusion» ծրագիրը:  Եվրախորհրդի երիտասարդական կենտրոնում համախմբվել էին հայազգի շուրջ 30 երիտասարդ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Լատվիայից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից և Բելգիայից

«Ուսուցողական ծրագրի նպատակն էր միավորել կազմակերպված սփյուռքահայ երիտասարդությանը մեկ վայրում, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ քննարկել սոցիալական իրավունքներին և ինտեգրմանն առնչվող հարցերը, վեր հանել սփյուռքահայ երիտասարդության շրջանում առկա մարտահրավերները, ինչպես նաև հավաքագրել սփյուռքի տարբեր համայնքներում առկա փորձը, զարգացնել երիտասարդների կարողությունները քաղաքականություն մշակողների հետ հաղորդակցվելու, սոցիալական իրավունքների և երիտասարդության ոլորտի քաղաքականության մշակման գործընթացներում ներգրավելու համար», – ծրագրի մանրամասներին ծանոթացրեց Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Բուդապեշտի եվրոպական երիտասարդական կենտրոնում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, սակայն առաջին անգամ այն ընթանում էր հայերենով: Կազմակերպիչները դա կարևոր ձեռքբերում են համարում, որովհետև մայրենի լեզվով քննարկումներն ավելի անկաշկանդ են ընթանում: Ոստայնի վարչության անդամ, Բելգիան ներկայացնող Շահնուր Մինասյանը կարևորելով դասընթացը նշում է, որ «պատերազմից հետո առաջին նմանատիպ ծրագիրն է, որին մասնակցում եմ, թվում էր, նմանատիպ ծրագրերն այլևս ոչինչ չեն կարող տալ, սակայն սոցիալական իրավունքների, ազատության, արդարության, մարդու իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են և դրանց պետք է սովորենք ավելի իրավագիտակից մոտենալ: Ոստայնը մեկ անգամ չէ, որ կազմակերպում է այսպիսի ծրագրեր, սա տարբերվում էր հայեցի մտածողությամբ և գործիքակազմով»:

Գերմանիայից մասնակից Գարիկ Գալստյանն արժևորելով հայ երիտասարդների համախմբվածությունը նշում է, որ «առաջին անգամ է մասնակցում միջազգային ծրագրի, որտեղ միայն հայեր են հավաքված՝ տարբեր երկրներից, տարբեր մտածողությամբ, տարբեր խնդիրներով, բայց բոլորիս միավորողը հայ լինելն է: Անչափ տպավորված եմ մեր քննարկումներից»:

«Խմբային աշխատանքները, քննարկումները մեզ հաղորդակից դարձրեցին առկա խնդիրներին և, իհարկե, մարտահրավերներին, որը հաղթահարել է պետք: Այսօր աշխարհում մարդու իրավունքների ճգնաժամ կա, կիրառվում են երկակի ստանդարտներ, իսկ մենք պետք է ավելի լավ հասկանանք, թե ինչպես մեր իրավունքները պաշտպանենք», – ասում է Լեհաստանը ներկայացնող երիտասարդ գիտնական Հարություն Ոսկանյանը:

Ծրագիրը վարում էին Ոստայնի նախագահ, երիտասարդության և կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը և Ոստայնի վարչության անդամ, Վրաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Մեժդոյանը: Սփյուռքահայ Նիկոլա Թավիդյանն էլ, որպես հրավիրված փորձագետ, ներկայացրեց Հայաստանում սփյուռքի հետ տարվող աշխատանքների մասին տեղեկատվությունը, առկա ծրագրերը, Եվրոպայում գործաղ հայկական կառույցները: Հայաստանի պատվիրակության կազմում էին նաև Երիտասարդական ակումբների դաշնության գրասենյակի պատասխանատու Վերգինե Թադևոսյանը և Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը:  Համաշխարհային հայկական երիտասարդական #Ոստայնի առաքելությունն է միավորել աշխարհի հայերին և աջակցել համահայկական խնդիրների լուծմանը։ «Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ նախաձեռնել ենք այս ծրագիրը, որպեսզի զարգացնենք տարբեր եվրոպական երկրներում բնակվող հայ երիտասարդների կարողություններն՝ առավել ինտեգրվելու և ակտիվ մասնակիցը դառնալու քաղաքականության մշակման գործընթացում: Մեր նպատակն է նաև ուժեղացնել #Ոստայնի ցանցը, հնարավորություն տալ տարբեր երկրներից եկած երիտասարդներին համատեղ նոր գաղափարներ զարգացնել, խթանել Սփյուռք-Հայրենիք գործակցությունը, նոր ծրագրեր մշակել և իրականացնել, օգտագործելով հայկական սփյուռքի հնարավորությունները` տարածվածությունը տարբեր երկրներում»,- նշում է Ատոմ Մխիթարյանը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում