Իշխանության վախերը. Նիկոլը մնացել է ոստիկանության հույսին

  • 03.06.2022
  • 0
  • 71 Views

Միանշանակ է, որ Հայաստանը «ժողովրդավարության կղզյակ է» սնափառության փուչիկը մի օր պիտի պայթեր եւ, ի տես ամենքի, ցուցադրեր իր լիակատար թշվառությունը: Այդ օրվա գալուն միայն առիթ էր հարկավոր, եւ այն շուտով ներկայացավ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների ու արտախորհրդարանական որոշ ուժերի տեսքով: Բոլոր նրանց միավորում է ապրիլի 25-ից կազմավորված «Դիմադրություն» շարժումը, որն ամենօրյա փողոցային պայքարի է դուրս եկել ընդդեմ ապիկար, թուլակամ ու հանձնվողական իշխանությունների, որոնք պատրաստվում են Արցախի խնդիրը լուծել ի շահ Ադրբեջանի:

Զգալով, որ հողը ոտքերի տակից փախչում է, իշխանություններին այլ բան չի մնում, քան որդեգրել ընդդիմախոսների նկատմամբ ուժային ճնշումներ գործադրելու մարտավարություն: Այլ կերպ ասած՝ բռնել դեպի ոստիկանապետություն տանող ճանապարհը՝ կիրառելով այնպիսի միջոցներ, որպիսիք ոչ վաղ անցյալում խստորեն քննադատվում էին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ որոնց պատճառով վերջինիս առաջնորդությամբ 2018 թվականին «քայլ արվեց, մերժվեց Սերժը»: Մարդիկ հավատացին Նիկոլի խոստումներին, գնացին նրա հետեւից եւ… չարաչար զղջացին չորս կորուսյալ տարիների համար:

Առաջին հիասթափությունը վրա հասավ եւ «թավշյա, ոչ բռնի, խաղաղ, ժողովրդավարական հեղափոխության» առաջնորդի իրական նպատակը պարզ դարձավ, երբ նա հայտարարեց. «Կամ ես կլինեմ վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»: Թերես՝ այս խոսքի ենթատեքստում դժվար է տեսնել «թավիշի», ոչ բռնի, խաղաղ մտադրությունների կամ, առավել եւս, ժողովրդավարության որեւէ նշույլ: Հետագայում «թավիշը» փոխարինվեց «պողպատով», սակայն դրանից ոչինչ չփոխվեց: Չորս տարվա ընթացքում փաշինյանական «թավիշն» ու «պողպատը» մեր երկրին բերեցին ներքին պառակտումներ, պատերազմ, ծանր պարտություն, համակարգային ճգնաժամ, տասնյակ հազարավոր զոհեր ու աղետյալներ:

Ի սկզբանե շշուկներ էին պտտվում, թե Նիկոլը հատուկ եկել է Արցախը հանձնելու համար: Շատերը դա լուրջ չէին ընդունում՝ ինչպես կարող է: Հետո շշուկները դարձան բարձրաձայն կասկածներ եւ, ի վերջո, հաստատվեց, որ ամեն ինչ իսկապես այդպես է: Եղան հիմնավոր կասկածներ՝ մասամբ վկայված հենց Փաշինյանի կողմից, որ 44-օրյա պատերազմը, նրա ելքը եւ նույնիսկ զոհերի թիվը նախապես պայմանավորված են եղել ու կառավարվել են մեկ կենտրոնից: Չփարատված կասկածներ ու իրողություններ կան նաեւ այժմ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հակահայ ստվերային գործարքների ու պայմանավորվածությունների առկայության մասով, որոնք հղի են ՀՀ-ի համար նոր, ցավոտ կորուստներով:

Եվ միակ հարցը, որում հայության մեծամասնությունը գրեթե կասկած չուներ, այն է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը այսքան չարիքներից հետո գոնե հրաժարական կտա եւ կհանձնվի իրավապահ մարմիններին: Սակայն նման բան տեղի չունեցավ: Ճիշտ հակառակը՝ Փաշինյանն այսօր ամեն ճիգ գործադրում է իր իշխանությունը հավերժացնելու համար, եւ այդ գործում նրան օժանդակում են պետբյուջեից շռայլորեն վարձատրվող ուժային կառույցները: Համեմատության համար նշենք, որ օրուգիշեր սահման պաշտպանող պայմանագրային զինծառայողի ամսական աշխատավարձը 150 հազար դրամ է, Նիկոլին ժողովրդի ցասումից պաշտպանող եւ խաղաղ ցուցարարներ ծեծող ոստիկանինը՝ 450 հազար:

Փաշինյանն իր անձնական անվտանգությունը երեք անգամ թանկ է գնահատում պետական սահմանի անվտանգությունից: Ոստիկանապետ Վահե Ղազարյանը նրա համադասարանցին է, ում գրպանը, ըստ հավաստի տեղեկությունների, ամսեամիս աստղաբաշխական գումար է մտնում՝ որպես աշխատավարձ եւ պարգեւավճար: Վստահորեն նույնը կարելի է ասել գլխավոր դատախազի, ԱԱԾ տնօրենի, համակարգում աշխատող մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ու առանցքային դեմքերի մասին:

Ասում են՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Կարող է կատակ թվալ, բայց  այս սկզբունքով է գործակցում ՀՀ բարձրագույն իշխանության թիվ մեկ կրողը իր «սրտի» ուժայինների հետ: Բողոքի մարդահոծ ակցիաների ժամանակ գործում է փոխշահավետ համագործակցության ճկուն սխեմա՝ պատվիրատուն կարող է ըստ անհրաժեշտության բարձրացնել կատարողի (իմա՝ ուժայինի) հասույթը, իսկ վերջինս, համապատասխանաբար, սաստկացնել բողոքի զանգվածային միջոցառման մասնակիցների տփոցը: Ընդդիմության մայիսի 17-18-ի խաղաղ երթերի ժամանակ տեղի ունեցած ոստիկանական ահաբեկչությունը՝ մասնավորապես կարմիր եւ սեւ բերետավորների վայրագությունները ասվածի վառ վկայությունն են:

Առհասարակ՝ արդեն մոտ մեկ ամիս՝ ողջ հզորությամբ պտտվում է ոստիկանական բռնաճնշիչ մեքենայի թափանիվը Ֆրանսիայի հրապարակում եւ մայրաքաղաքի փողոցներում, որտեղից ամեն օր բիրտ, անհամաչափ ուժի գործադրմամբ բերման են ենթարկվում կամ ապօրինաբար ձերբակալվում են, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ առեւանգվում Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների հարյուրավոր կողմնակիցներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ: Մի խոսքով՝ իշխանություններն անցել են ընդդիմության դեմ լայնածավալ ուժային գործողությունների բոլոր «կարմիր գծերը»:

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի «հոգին փառավորվում էր»՝ տեսնելով, թե ինչպես են «Մարտի 1»-ի ցուցարարներն այրում ոստիկանական մեքենան ու ոստիկանից խլած ռետինե մահակով քոթակում նրան: Այժմ Նիկոլի հոգին դարձյալ նույն զգացողությամբ է համակված, բայց այս անգամ փառավորվում է, երբ ոստիկաններն են 5-6 հոգով հարձակվում 70-ն անց քաղաքացու վրա կամ ոլորում երիտասարդ ցուցարարի վիզը եւ նրան «փռում ասֆալտին»՝ տեսարան, որի հանդեպ Փաշինյանն առանձնահատուկ սեր է տածում: Նույն մայիսի 17-ի դրությամբ արդեն կային շուրջ երկու տասնյակի չափ քաղկալանավորներ, որոնց թիվը շարունակում է ավելանալ:

Հատկանշական է, որ քաղաքական հայացքների համար կալանավորված գրեթե բոլոր անձանց նկատմամբ ներկայացվել էին ակնհայտորեն շինծու մեղադրանքներ: Այսպես՝ նրանցից չորսը, որ ՀՅԴ երիտմիության անդամներ են, մեղադրվում էին օրեր առաջ ընդդիմության ձեռնարկած ավտոերթի ընթացքում Գյումրու Երեւանյան խճուղում տարեց տղամարդկանց նկատմամբ, իբր, բռնություն գործադրելու համար: Իրականում այդ տարեց մարդկանց մարզի ՔՊ-ական իշխանություններն էին ուղղորդել ավտոերթի ճանապարհը փակելու եւ սադրանքներ հրահրելու դիտավորությամբ: Իսկ ծեծի մասին հերյուրանքի տարածումն ընդդիմությանը վարկաբեկելու եւ ակտիվ երիտասարդներին շարքից հանելու նպատակ էր հետապնդում:

Ոստիկանական գործողությունների մյուս առանձնահատկությունը հնարավորինս դաժան վարքագիծ դրսեւորելն է, որպեսզի դաս լինի մյուսների համար, որոնք օրըստօրե համալրում են ցուցարարների թիվը: Ուժայինների զինանոցում «աչք վախեցնելու» բազմազան ձեւեր կան մշակված՝  ֆիզիկական, նյութական, բարոյական, հոգեբանական եւ այլ թեքումներով: Չենք զլանա բերել 1-2 տիպական օրինակ: Մայիսի 12-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը «տարեցների գործ» քաղաքական պատվերի շրջանակում կալանավորման վճիռ կայացրեց արցախյան երկու պատերազմների մասնակից, վերջին պատերազմում վիրավորում ստացած Արսեն Մարտոյանի նկատմամբ:

Մի կողմ թողնենք հարցը, որ լիովին անմեղ, օրինապահ քաղաքացուն շինծու մեղադրանքով կալանք է որոշվում: Ամենաուշագրավն այստեղ այն է, որ հատկապես թիրախավորվում են հայրենասեր երիտասարդներ, երկրին ծառայություններ մատուցած, հանրածանոթ ընտանիքների զավակներ՝ նույն Մարտոյանը, նրա համախոհներից Գեւորգ Մուրադյանը՝ լեգենդար ազատամարտիկ, երջանկահիշատակ Հրաչ Մուրադյանի որդին, Գերասիմ Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոնը, ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը, հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը եւ բազմաթիվ այլ պատվարժան հայորդիներ:

Պատճառը, կարծես թե, կանխագուշակելի է՝ կոտրել հանրահավաքային էներգետիկայի թափը: Հաշվարկը կառուցված է միջին վիճակագրական ցուցարարի բարոյահոգեբանական հենքի վրա: Ոմանք մտածում են. «Եթե Քոչարյանի տղուն են տանում, պատգամավորի կամ հերոսի տղուն են տանում, ծեծում, ձեռուոտը ջարդում, մե՞զ ինչու պիտի խնայեն»: Եվ նախընտրում են դուրս չգալ փողոց, մնալ տանը՝ հեռու հազարումի գլխացավանքից: Բոլորովին ուրիշ է անհնազանդության ակցիաներում արդեն թրծված տասնյակ հազարավոր ցուցարարների հանգամանքը, որոնց համար նման «մանրուքներն» առոչինչ են եւ չեն կարող ետ պահել նախախնամությամբ իրենց վիճակված փշոտ ճանապարհից, հանուն ազգի հարատեւման ու արժանապատվության գոյապայքարից:

Գերասիմ Վարդանյանի կալանավորման հիմքում վերջերս լայն տարածում ստացած մեկ այլ խորամանկ հնարք է կիրառվել, որն առնչվում է քաղաքացու նյութական վիճակի գործոնին: Դատարանը նախ որոշում է, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան,- թվում է՝ ուրախալի լուր,- հետո նախաքննական մարմինը որոշում է խափանման միջոցը փոխարինել գրավով: Եվ որչա՞փ, կարծում եք: Ոչ ավել, ոչ պակաս՝ 60 մլն դրամ, որը 200 հազար աշխատավարձ ստացող Վարդանյանի դեպքում անտրամաբանական է, եւ մնում է կալանքը: «Ապօրինություններ եւ իրավունքի խայտառակ ոտնահարումներ շատ եմ տեսել 2000-ից այս կողմ, բայց ազատության իրավունքի նման բացահայտ բռնաբարություն երբեք չեմ տեսել»,- շեշտել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Այս ամենը՝ թե՛ ոստիկանական անհամաչափ ուժի գործադրումը, թե՛ սադրանքներն ու ապօրինի կալանավորումները, իշխանությունների վախի ցուցիչ են: Լաոն, ամենայն հավանականությամբ, զարթնել է, եւ երկրի ապաշնորհ կառավարողները, ազգի եւ պետության հերն անիծողները կանխազգում են իրենց մոտալուտ քաղաքական վախճանը: Փաշինյանի իշխանության միակ հույսը ուժայիններն են, սակայն նրանց գործադրած աննախադեպ բռնությունները, կարծես թե, չեն օգնում: Ավելին՝ հակառակ ազդեցությունն են բերում. ընդդիմության ձայնն ավելի հուժկու է հնչում, շարքերն՝ ավելի ամրանում:

Գեւորգ Բրուտենց

Իշխանության վախերը. Նիկոլը մնացել է ոստիկանության հույսին (acnis.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում