Յուրաքանչյուր մարդ կարող է առաջադրել մերօրյա հերոսների
Հունիսի 1, 2022 թ., Երեւան, Հայաստան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2023 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների փուլի մեկնարկը: Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել մերօրյա հերոսների, որոնք վտանգում են սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այլոց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։
«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ նրա ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության: Նա ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակ՝ լուծելու մարդասիրական խնդիրները համայնքային մակարդակում՝ ձգտելով օգնել ամենակարիքավորներին ամբողջ աշխարհում: 2023 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները կընդունվեն մինչեւ 2022 թ. հոկտեմբերի 31-ը:
Մերօրյա հերոսներին մրցանակի առաջադրելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ «Ավրորայի» կայքում: Այնուհետեւ «Ավրորա» մրցանակի քարտուղարությունը եւ Փորձագետների խորհուրդն առաջադրվածներին գնահատում են՝ համաձայն ընտրական չափանիշների, նրանցից ընտրելով մինչեւ 20 թեկնածուի: Ավելի ուշ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները վերանայում են այս վերջնացուցակը՝ հենվելով սեփական փորձի, առաջադրման հայտի եւ քարտուղարության կողմից հավաքած լրացուցիչ տեղեկությունների վրա, որպեսզի որոշեն «Ավրորայի» հերոսներին, ապա՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին: «Ավրորա» մրցանակի մեկնարկից ի վեր՝ քարտուղարությունն ստացել է ավելի քան 4.100 առաջադրման հայտ աշխարհի 144 երկրից եւ տարածքից:
«Ամեն տարի մենք ավելի ու ավելի շատ վկայություններ ենք ստանում մարդկային ոգու ուժի եւ տոկունության, որը դրդում է բացառիկ մարդկանց ամբողջ աշխարհում օգնության ձեռք մեկնել այլոց՝ բախվելով աներեւակայելի վտանգների: Անկախ ռիսկերից եւ մարտահրավերներից՝ այս մարդասերներն ուրիշների կյանքն ու անվտանգությունը վեր են դասում ամեն ինչից: Խիզախության եւ նվիրումի այս դրվագները հույսի աղբյուր են մեր դժվարին ժամանակներում, ուստի Ընտրող հանձնաժողովի անդամներն ու ես անհամբեր ենք՝ լսելու ավելի շատ պատմություններ»,- նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:
2022 թ. ապրիլի 24-ին Մատենադարանում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց 2022 թ. «Ավրորայի» հերոսներին, իսկ ավելի ուշ այս հերոսներից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր:
Լուսանկարում՝ 2020 թ. «Ավրորայի» հերոս քույր Անժելիկ Նամայկան՝ տեղահանված մարդկանց հետ Դունգու քաղաքում, 2013 թ.: © VOA French
* * *
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի համաշխարհային շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի փրկողների շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:
Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:
Այս հանձնառության նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (ԱՄՆ), Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Հայաստան):
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր եւ համանախագահ Փոլ Փոլմանը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934-2021): Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:
Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։ Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դ