Նոր խաչքար Իտալիայում. Հայկական որմնանկարներին նվիրված Պադովայի ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի 26-ը

  • 31.05.2022
  • 0
  • 441 Views

Հայաստանի առաջին Հանրապետության տարեդարձին զուգընթաց, մայիսի 28-ին, Ֆելտրե քաղաքում բացվեց ու օծվեց հայկական խաչքարի կրկնօրինակը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ճարտարապետ Արա Զարյանը։

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացնում է Մենք կայքէջը, դեռեւս մայիսի 6-ին Իտալաիայի վեհաշուք Վենետո նահանգի սուրբ Սանտ Անտոնիոյի Պադովա քաղաքում, հռոմեական պարիսպների ներքո, աշխարհահռչակ, հանճարեղ Ջիոտտոյի ձեռքով նկարազարդված Լա Կապելլա Դելի Սկրովենիի հարեվանությամբ գտնվող Պալացո Զուկերման թանգարանային համալիրի մեծ դահլիճում, բազմահավաք հետաքրքրասերների, քաղաքապետարանի պաշնոնական վարչակազմի ու հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ «Հայաստան. Որմնանկարները Է-ԺԳ դարերի հայկական քրիստոնյա եկեղեցիներում» խորագրով լուսանկարչական ցուծահանդեսի բացման արարողությունը։

Ցուցահանդեսը առաջին կարևոր պաշտոնական հաշվետվությունն է, որը լուսաբանում է ճարտ. Արա Զարյանի ու որմնանկարի արհեստավարժ վերականգնող Քրիստին Լամուրեի վերջին տաս տարիների ընթացքում Հայաստանի ու Արցախի հայկական բազմաթիվ եկեղեցիներում պահպանված որմնանկարների ուսումնասիրության, հետազոտության, դրանց պահպանական վերականգնման գործունեությունը։

Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ ԺԹ դարի նեոկլասիկ ոճի Ձուկերման պալատի թանգարանի նախասրահում Պադովա քաղաքի մշակույթի խորհրդական Անդրեա Կոլասիոնի հաղորդակցությամբ, որն կարևորեց ցուցահանդեսը ոչ միայն որպես յուրահատուկ մշակութային, մինչև օրս` անծանոթ, անակնկալ նորություն, այլ նաև որպես Պադովա քաղաքի և Հայաստանի միջև տասնամյակնիրի բարեկամական սերտ կապերի ընդարձակման վառ օրինակ (Պադովայի քաղաքապետարանը տասնամյակներ է, որ ապրիլի 24-ը պաշտոնապես նշում է որպես Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օր, շեփորի մեղեդիների ներքո, եղեռնը հավերժացնող հուշաքարին խոնարհելով Իտալիայի դրոշով զարդարված ծաղկեպսակը)։ Պադովայի Միացյալ թանգարանների տնօրեն Դոկտ. Ֆրանչեսկա Վերոնեզեն իր ելույթում բարձր գնահատեց հայազգի ճարտարապետ Արա Զարյանի և բելգիուհի որմնանկարի վերականգնող Քրիստին Լամուրեի անմնացորդ նվիրումը, որոնց նպատակն է, ուսումնասիրեն, վերականգնել ու փրկել հայկական եկեղեցիներում պահպանված ու տասնամյակների ընթացքում անուշադրության ու անհոգության մատնված հայ որմնանկարչական արվեստի հրաշալի նմուշները։

 Ցուցադրված որմնանկարների վերականգնող հեղինակները շնորհակալություն հայտնեցին Պադովայի քաղաքապետարանին աջակցության, կազմակերպության ու հյուրընկալության համար։

Վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը իր և որմնանկարի վերկանգնող Քրիստին Լամուրեի անունից շնորհակալություն հայտնեցին ցուցահանդեսի հովանավորներ. Պադովայի քաղաքապետարանին, Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությանը, Պադովայի Իտալիարմենիա ընկերակցությանը, Պադովայի Լա Կազա դի Կրիստալլո ընկերակցությանը, Պադովայի Մելոգրանո ֆոր դիսաբլեդ արմենիան չիլդրեն ընկերակցությանը և հայազգի նշանավոր վիպասան, թարգմանիչ ու պրոֆեսոր Անտոնիա Արսլանին։

Ցուցահանդեսի պաշտոնական բացման  արարողությունը ավարտվեց երեք ֆիգուրանտների մասնակցությամբ երաժշտաթատերական անակընկալով, որը պատրաստել էր Թերեպիա ֆիգուռների թատրոնի ղեկավար Թերեզա Տենտորեն դուդուկահար Կլաուդիո Ֆանտոնի բարձրորակ կատարմամբ։

Լուսապատկերներում ներկայացված են որմնանկարների զանազան դրվագներ վերականգնումից առաջ և հետո, վերականգնված պատկերագրությունների մանրամասեր։ 120քմ ցուցասրահում զետեղված են նաև չորս լուսավորված ցուցափեղկեր, որտեղ ներկայացված են Արա Զարյանի ու Քրիստին Լամուրեի հայկական եկեղեցիներում վերականգնված որմնանկարների մասին երեք հաստափոր, շքեղ հատորները, մասնագիտական ամսագրերում հրատարակված հոդվածները, գրքերի շնորհանդեսների, գիտաժողովների, հանդիպումների որմնազդերը։ Առանձին ցուցափեղկով ներկայացված է Երևանի Ագուլիս պիգմենտս գունափոշիներ արտադրող առաջատար ընկերության ավելի քան հիսուն անուն գունափոշի և դրանց պատրաստման համար օգտագործված հայկական բնական քարաբեկորները։ Ցուցահանդեսի այցելուն լուսանկարները դիտելուց, որպես երաժշտական ֆոն ունկնդրում է հայկական հոգևոր, դասական, ժողովրդական, ազգային մեղեդիներ (երաժշտական ձևավորումն ու համադրությունը` Տիգրան Սիրավյանի, Երևան)։ Ցուցահանդեսի առիթով հրատարակվել է նաև փոքր կատալոգ, որտեղ հեղինակային խմբից բացի, զետեղվել են Ֆրանչեսկա Վերոնեզեի և Անտոնիա Արսլանի հոդվածները, Հայաստանի համառոտ պատմական տվյալներ, քարտեզներ, Հայկական եկեղեցիներում որմնանկարների մասին առանձին նյութ, ցուցահանդեսում ներկայացված երեք եկեղեցիների մասին համառոտ պատմաճարտարապետական տեղեկություններ, դրանցում առկա որմնանկարների մասին տեղեկություններ, գունավոր լուսանկարներ և Արա Զարյանի ու Քրիստին Լամուրեի համառոտ աշխատանքային գործունեությունը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ընթացիկ տարվա հունիսի 26-ը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում