Մայիսի 23-27-ը Բանգկոկում կայացավ ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը (78th session of the Economic and Social Commission for Asia and the Pacific – ESCAP), որին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը` ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ:
Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում կայացավ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ, որի ընթացքում դեսպան Կաժոյանը հանձնեց իր հավատարմագրերը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի և Հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարները:
Մայիսի 24-ին Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես եկավ ազգային ելույթով, որում անդրադարձավ կայուն զարգացման օրակարգում առկա խնդիրներին, ինչպես նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետին՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը չեն տրամադրել հիմնական մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, չկատարելով Կայուն զարգացման նպատակների հիմնական սկզբունքը, այն է “leaving no one behind”:
Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցեց նաև Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք թեմատիկ նիստերի և ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ հանձնաժողովի անդամ և դիտորդ երկրների պատվիրակությունների հետ:
orer.eu