Ռաֆայել Իշխանյանի 100-ամյակը նշվեց Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցում

  • 29.05.2022
  • 0
  • 803 Views

Մայիսի 28-ին Պրահայի շաբաթօրյա դպրոցում տարեվերջյան հանդեսով նշվեց ոչ միայն Հանրապետության տոնը, այլեւ անվանի լեզվաբան եւ գրականագետ Ռաֆայել Իշխանյանի 100-ամյակը։ Ձեռնարկը բացեց եւ ներկաներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Գոհար Մելիքյանը, ապա ողջույնի խոսք ասաց դպրոցի նախկին տնօրեն, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության մեկնաբան Արմեն Քոլոյանը, ընդգծելով, որ պետք է դասեր քաղենք պատմությունից, որպեսզի Երրորդ հանրապետությունը չարժանանա Առաջին հանրապետության ճակատագրին։

Այնուհետեւ դպրոցի տարբեր դասարանների սաները կատարելով Հայաստանի օրհներգը, ներկայացրեցին գրական-երաժշտական տարբեր համարներ՝ Թումանյանի հեքիաթների հերոսներին, հայկական առակներն ու հեքիաթները, լավաշի պատմությունն ու Հայրենիքի մասին մեծ պոետների ստեղծագործությունները, ազգային պարն ու երգը, որ մեծ նվիրումով կազմակերպել էին ուսուցչուհիներ Ծովինար Բեյբությանը, Գոհար Մելիքյանը, Նազիկ Օթարյանը եւ պարուսույց Անժելա Մելքոնյանը։

Այնուհետեւ Արմեն Քոլոյանն ու աշակերտուհիներ Սոնա եւ Անի Խաչատրյանները, Նանե Շահինյանը ներկայացրեցին Ռաֆայել Իշխանյան բանասեր-գիտնականի 100-ամյակին նվիրված տեսաշարը, պատմելով նրա անցած ճանապարհի եւ գիտական ավանդի, խորհրդարանական գործունեության մասին։

Հրապարակախոս Շուշան Ղազարյանը հիշեց տասնամյակներ առաջ, երբ աշխատել է «Աղբյուր»՝ նախկին «Պիոներ» ամսագրում, իր հորդորով նպաստել է, որպեսզի Ռաֆայել Իշխանյանը դպրոցականների համար գրի հայ ժողովրդի պատմությանը նվիրված հոդվածաշար, որը հետագայում տպագրվել է առանձին գրքով։

«ՕՐԵՐ» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն էլ հիշեց Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանի ներդրումը ոչ միայն որպես հազարավոր ուսանողների դասախոս, այլեւ իբրեւ հայ լեզվի մաքրության պաշտպան ու ջատագով։ Նա տարբեր հետաքրքիր պատմություններ հիշեց ուսանողական տարիներից, նշելով, որ իր սերունդը Իշխանյան անհատից ստացել է ոչ միայն հայոց լեզուն սիրելու պատգամ, այլեւ հայրենասիրության եւ ազնվության ազդեցիկ դասեր։

Ձեռնարկի վերջում ներկաներին իր օրհնաբեր խոսքն ասաց Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Տեր Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, հետաքրքիր համեմատություններ անցակացնելով լեզվամտածողության եւ Աստվածաշնչյան վկայությունների միջեւ, ընդգծելով հայոց լեզվի բացառիկ դերը հայ ժողովրդի կյանքում։ Այսօր էլ, հայ ժողովրդի համար դժվարին օրերին ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով եւ նպաստի երկրի հզորացմանը, ու աշխարհը դարձնի սիրով լի։ Նա ուժ եւ կորով մաղթեց ուսուցիչներին, իսկ աշակերտներին նվիրեց Մանկական Աստվածաշունչ։

Չեխիայում Հայաստանի դեսպանության Առաջին քարտուղար Անահիտ Կարապետյանն էլ դեսպանության եւ դեսպան Հովակիմյանի անունից շնորհավորեց բոլորին Հանրապետության տոնի առիթով եւ ուսումնական տարին բարեհաջող ավարտելու առիթով։ «Հիրավի ձեր կատարած նվիրական աշխատանքի շնորհիվ է, որ այս դպրոցն ունի նման ձեռքբերումներ»,-ասաց դիվանագետը եւ մաղթեց, որպեսզի դպրոցում ստացած գիտելիքները երեխաները հետագայում կիրառեն կյանքում։

Ուսումնական տարվա առթիվ բարեմաղթանքի խոսքեր ասացին նաեւ վասատակաշատ ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը, ուսուցչուհի Նազիկ Օթարյանը, «ՕՐԵՐ»ի խմբագիր Հակոբ Ասատրյանը։ Վերջինս ընդգծելով հայկական դպրոցի կատարած մեծ դերը հայեցի սերունդների կրթման գործում, տեղեկացրեց, որ դպրոցի տնօրինության հետ համաձայնությամբ, սեպտեմբեր ամսից կցուցադրեն պատմաբան Արտակ Մովսիսյանի «Մեր հաղթանակները» քառահատորի հիման վրա նկարահանած «Ոտքի կանգնելու կամքը» վավերագրական ֆիլմը, որը իրականություն է դարձել «ԱրարատԲանկ»ի եւ ռեժիսոր Վահե Սուքիասյանի եւ իր թիմի նվիրյալ աշխատանքի շնորհիվ։ Ֆիլմը նաեւ այն մասին է, թե ինչպես պետք է պատմությունից դասեր քաղենք, հատկապես՝ պարտություններից հետո։ Ֆիլմը պատմում է հայոց հինգ նշանակալից ճակատամարտերի եւ դրանց հանգեցրած ներքաղաքական իրավիճակի մասին՝ սկսած 336 թվականից մինչեւ 1720-ականներ: Նախատեսվում է, որ ֆիլմը կունենա շարունակություն։

Վերջում դպրոցի աշակերտներին մաղթելով հաճելի ամառային արձակուրդներ, Արմեն Քոլոյանը տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 10-ից։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում