Մայիսի 28-ը հայ ժողովրդի համախմբման և հաղթանակի օրն է

  • 28.05.2022
  • 0
  • 79 Views

Սիրով և ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում  ապրող մեր հայրենակիցների նվիրական տոներից մեկը՝ Մայիսի 28-ը և մաղթում Սարդարապատյան հաղթանակներ:

Հոգու ցավի և վհատության ճիրաններում հայտնված, կործանարար մոլորությունից սթափվող, բեկված ողնաշարը շտկող իմ թանկագի՛ն հայրենակիցներ, այս ազգային համախմբման և միասնականության օրը, լսելով նաև ալիևի նկրտումները ցանկանում եմ ձեզ հետ կիսել իմ խոհերը.

առաջին՝ անհրաժեշտ է հասնել նրան, որ որևէ մեկը չգնա որևէ բանակցության, քանի դեռ չի կատարվել 2020 թվականի նոյեմբերի հայտարարությամբ ամրագրված՝ գերիների վերադարձի մասին պայմանավորվածությունը, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան  տարածքից:

Երկրորդ՝ երեսուն տարվա ընթացքում  մեր երկրի ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը,  Սերժ Սարգսյանը, ինչպիսի բանակցություն էլ որ վարել են, դրանցից առաջ և հետո մեկնել են Արցախ և խորհրդակցություններ անցկացրել Արցախի Հանրապետության ղեկավարության, պատգամավորների հետ: Իսկ այս օրհասական պահին ինչո՞ւ չեն մեկում Արցախ, անցկացնում խորհրդակցություններ, լսում  արցախցիների ձայնը:  

Երրորդ՝ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին համահունչ՝ ՀՀ արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաները պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերականգնելու և Արցախի հիմնախնդիրը ժողովրդի ազգային ինքնորոշման միջազգային իրավունքի շրջանակներում քննարկելու համար՝ ներգրավելով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության կողմից լիազորված դիվանագետներին:

Չորրորդ՝ եթե ‹‹միջազգային հանրության›› սուբյեկտը՝ ի դեմս Շառլ Միշելի, չունենալով այդ մանդատը, ճնշում է գործադրում ադրբեջանամետ որոշումներ ընդունելու համար, ապա կա՞ արդյոք չորս տարի առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի հնչեցրած այն հարցի  պատասխանը, որ ինքը չի կարող ներկայացնել Արցախը, քանի որ արցախցիներն իր ընտրողները չեն և իրեն չեն ընտրել և դրանով խուսափել որևէ ոչ հայանպաստ փաստաթուղթ ստորագրելուց։ Այդ հարցի պատասխանը հետևյալն է՝ իրավացիորեն հրաժարվել որևէ փաստաթուղթ ստորագրելուց և հավիտյան չկրել ‹‹դավաճանի›› խարանը, որից այդքան վախենում էր պատերազմի ժամանակ:

Հինգերորդ՝ դավաճանից-հերոս մեկ քայլ է,  ուստի երկրի այսօրվա ղեկավարությունն  առանց վախենալու  պետք է պատասխանի ալիևի բարբաջանքներին, ով  իր հիվանդ երևակայությամբ  արդեն ,,եկել-հասել է Երևան՝ գրավելով նաև Սևանը,,: Եթե չեք պատասխանում, ուրեմն թող իշխանությունը ստանձնի այլ անձ, ով ստորագրելով  ոչ հայանպաստ փաստաթուղթն  իրավամբ, կկոչվի  դավաճան կամ պարտավոր կլինի սկսել նոր բանակցություններ, որտեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը չպետք է վտանգվի, և Արցախի հարցն էլ կտեղափոխվի այլ հարթություն: Եթե իշխանությունները փորձեն  բացատրել, որ ընդունվող փաստաթղթերը հայանպաստ են լինելու, ապա  բավական է  հիշեցնել, թե բանակցություններից հետո ինչպես էր  հրճվում ալիևը կամ ադրբեջանում որքան դրական են գնահատվում բրյուսելյան հանդիպման արդյունքները: Դատելով այս ամենից՝ ցավով արձանագրենք, որ ստեղծված ծանրագույն իրավիճակում լրջորեն վտանգված է հայ ժողովրդի անվտանգությունն ու Հայաստան պետության ինքնիշխանությունը, որ հարյուր տարվա արհեստական պետությունը փորձում է իրեն վերագրել մեր հինավուրց երկրի մի մասը՝ ավերելով մեր պատմական ժառանգությունը, մեր ազգային արժեքները՝ միջազգային հանրության քար լռության հայացքի ներքո:

Վեցերորդ՝ բոլոր նրանք, ովքեր արցախցիների, մեր հերոսածին ծնողների մասին  որևէ  բացասական կարծիք են հայտնում, թող հիշեն, որ մեր երկրի մի հատվածը, մեր  հող հայրենին  պահում և պաշտպանում  են Արցախում ապրող մեր քույրերն ու եղբայրները, ովքեր հերոսներ են, ովքեր գտնվում են ադրբեջանական երախում և թիրախում, և նրանց օգնում են միայն  ռուսական խաղաղապահները:

Յոթերորդ՝ ցանկանում եմ հիշեցնել բոլոր նրանց, ովքեր  այսօր խաղաղ և հանգիստ աշխատում ու ապրում են, մենք պարտական են մեր զոհված տղաներին, ովքեր   իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի փրկության: Սակայն, ավա՜ղ, կան մարդիկ, ովքեր առանց հասկանալու՝ վիրավորում են հերոսածին տղաների ծնողներին, որոնց առջև պետք է միայն գլուխ խոնարհել նման առյուծասիրտ հայրենասերներ դաստիարակելու համար:

Ութերորդ՝ թուրքերի հետ բարեկամության ձգտողները թող հիշեն, որ Հայոց արդար դատի համար պայքարը շարունակվում է և՛ Սփյուռքում և՛ Հայրենիքում, թող չմոռանան, որ նույնիսկ բանակցությունների պայմաններում, Հայոց  ցեղասպանության օրը Ուրուգվայում թուրքիայի արտաքին գործերի նախարարն իրենց մարդատյաց նշանն էր ցույց տալիս հայերին:

Պետք է նաև նկատի ունենան, որ հայ-թուրքական սահմանը բացելու դեպքում դրանք  ցանկանում են անցակետը  կոչել հայասպան թալեաթի անունով:

Եվ այսքանից հետո դեռ կան մարդիկ, անգամ՝ հայեր, ովքեր թուրք-ադրբեջանական ծրագիրն են առաջ տանում մեր երկրում և նույնիսկ՝ Ազգային ժողովում: Մի՞թե պարզ չէ, որ Արցախն ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո կամ ստիպված են բոլորը բռնագաղթել կամ ցեղասպանվել: Այդպես մտածողներին  խորհուրդ կտամ միլի մեջլիսում ելույթ ունենալ և պաշպտպանել նրանց շահը: Այդպիսիններից կցանկանայի լսել մի ադրբեջանցու կամ թուրքի անուն, ով իրենց պառլամենտում հայկական շահն է սպասարկում կամ մեր մասին մի դրական խոսք ասում:

Իններորդ և  վերջին խոհս՝ նրանք, ովքեր չեն հասկանա առաջարկներիս իմաստը և կփորձեն նենգափոխել ասելիքս, խորհուրդ կտամ մեկնել ադրբեջան կամ թուրքիա և ընդունել դրանց քաղաքացիությունը և այտեղից վայրահաչեն…

Հ.Գ.  Եթե մադրիդյան սկզբունքներով Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչո՞ւ 15 տարի ադրբեջանը չէր վերցնում Արցախը, մի՞թե ադքան հիմար էին:

Ի դեպ,  աշխարհում չգրված օրենք է, որ ընտրված բոլոր իշխանությունները չորս-հինգ տարվա ընթացքում ոչ թե հետ, այլ առաջ են նայում, և անգամ  թռիչքաձև զարգացում են  արձանագրում…

Խոստովանեք, որ անփորձ եք, որ պետական կառավարման համակարգը տեղապտույտի մեջ է,  արտաքին քաղաքականության, դիվանագիտության ոլորտում  հետընթաց է արձանագրվում, որի արդյունքում հակառակորդի հավակնությունները գնալով մեծանում են, որ պաշտպանության, անվտանգության, սոցիալական ոլորտներում  բազմաթիվ խնդիրներ ունենք: Խոստովանեք, որ միակամ, համախմվբած Սփյուռքը ծվեն-ծվեն է եղել:  

Խոստովանե՛ք և ընդունենք, որ  որևէ պաշտոն կամ իշխանություն հավերժ չէ, բոլորն էլ ժամանակավոր են:

Մնայունը մեր Հայրենիքն է, մեր ազգային արժեքները և գրագետ, խելացի, կարող ու տաղանդավոր հայ մարդը, որը պետք է  Սփյուռքի ազգասեր հայրենակիցների հետ իր Հայրենիքը ՝ Հայաստանն ու Արցախը  շենացնի և հզորացնի: Եվ մեր տաղանդաշատ Պարույր Սևակի բանաձևումը օրվա՝ մայիսի 28-ի  խորհրդին է համահունչ.

Եկեք միանա՜նք:
Եկեք միանա՜նք,
որ մեր այս փոքրի՛կ, շա՜տ փոքրիկ հողի երազանքը մեծ
մարմին ստանա մեր միսոսկորով,
և մարմնավորված մեծ երազանքի բուժիչ բարությամբ…

ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈ՜Ց
ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵ՜Ր
ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱ՜Ց

Ե Կ Ե ՛Ք    Մ Ի Ա Ն Ա Ն Ք։                                                    

 Հրանուշ Հակոբյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում