Հայաստանի ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին

  • 28.05.2022
  • 0
  • 100 Views

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը,վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Նրանք ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Ապա այցելել են Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում  ներկա են գտնվել նաև պետական պարգևների հանձնման արարողությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով:

Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: Ինչո՞ւ է այս օրն այդքան կարևոր մեզ համար: Երեք պատճառով. Առաջինը՝ որովհետև մենք ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո ունեցանք պետականություն: Երկրորդ պատճառն այն է, որ առաջին անգամ ունեցանք Հանրապետություն, այսինքն՝ մի պետական կարգ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կատարած ընտրության արդյունքում: Երրորդ պատճառն այն է, որ Հանրապետությունը, պետությունը, որը ցանկացած ժողովրդի կազմակերպման բարձրագույն ինստիտուտ է, մենք կարողացանք ստեղծել հուսահատության պահին, երբ հայոց ցեղասպանության մահաբեր անիվը շարունակվում էր պտտվել:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Դա այն ժամանակահաշրջանն էր, երբ թվում էր վերջ՝ այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը:

Սակայն մեր ժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականությամբ կերտել Առաջին Հանրապետությունը: Այդ գործում անուրանալի է Արամ Մանուկյանի, Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյանների, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղայի, զենքը ձեռքին կռվող հոգևորականների դերը:

Մեր այս մեծերի և հազարավոր ուրիշ հայրենակիցների ջանքերով ձեռքբերված սրբազան անկախությունն ընդամենը երկուսուկես տարի անց կորսվեց: Սրան նախորդեցին պատերազմը, տարածքային ու մարդկային ողբերգական կորուստներ: Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը չկարողացավ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայություն ձեռք բերել, իր շուրջ խաղաղություն հաստատել:

Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար: Երրորդ Հանրապետությունում մենք ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել: Բայց Սարդարապատի հերոսները, Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը մեզ ոգեշնչում են շարունակաբար: Ու պետությունն, անկախությունն, ինքնիշխանությունը մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մաս է այլևս: Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին:

Շնորհավոր մայիսի 28: Շնորհավոր Հայոց պետականության վերածննդի օրը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սրտանց շնորհավորում եմ հայրենակիցներիս Հանրապետության տոնի կապակցությամբ։

Բարդ ու խրթին է եղել մեր ժողովրդի ճանապարհը դեպի անկախություն։ Հազարամյակների պետականություն ունեցած Հայաստանը դարեր շարունակ զրկված է եղել անկախությունից՝ ենթարկվելով թշնամյաց ասպատակաությունների ու արշավանքների, սակայն մենք միշտ փայփայել ենք անկախության և պետականության նվիրական երազանքը՝ այն իրականություն դարձնելով 1918 թվականի մայիսի 28-ին:

Այդ օրը՝ մայիսի 28-ին, վերածնվեց հայոց պետականությունը, և որ ամենակարևորը մեր ջանքերով՝ հայության ջանքերով։ Դարերի ընթացքում առաջին անգամ մենք ապավինեցինք մեզ և հաղթեցինք աներևակայելի պայմաններում: Այդպես էր նաև 1991 թվականին, երբ Հայաստանն անկախացավ Խորհրդային միությունից։ Մենք նույնպես հույսներս կապեցինք միայն մեզ հետ ու ամենադժվար պայմաններում հասանք հաղթանակի։

Հայաստանի Առաջին հանրապետության ծնունդը Հայաստանի պատմության շրջադարձային էջերից է։ Եվ մենք մեզ միշտ հարց ենք տալիս, թե կլինե՞ր Խորհրդային Հայաստանն ու այսօրվա ազատ ու անկախ Հայաստանը, եթե հայ ազգի անհավանական ջանքերի շնորհիվ չստեղծվեր Առաջին հանրապետությունը։ Սակայն, անկախ այս հարցի պատասխանից, մի բան ակնհայտ է՝ և՛ Առաջին հանրապետությունը, և՛ Խորհրդային Հայաստանը, և՛ այսօրվա Հայաստանի անցած ճանապարհը մեր պատմությունն են, և մենք պետք է ոչ միայն ուսումնասիրենք այդ պատմությունը, այլ նաև դասեր քաղենք դրանից։

Եվ այսօր մեր անհետաձգելի խնդիրն է շենացնել մեր հայրենիքը, այն դարձնել ամուր, մրցունակ և ապահով երկիր, համախմբվել ազգային իղձերի և նպատակների շուրջ: Յուրաքանչյուրիս արդյունավետ ու ստեղծագործ աշխատանքից է կախված մեր երկրի տնտեսության զարգացումը, սահմանների ամրությունը, պետականության ամրապնդումը, վաղվա երջանիկ ու ապահով Հայաստանի կերտումը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մեր համերաշխությունը և միասնությունը։

Տոնական այս օրը մաղթում եմ բոլորիս առողջություն, արևշատություն, բարօր արարում հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում