Բեռլինի Կարլսհորստի մշակույթի տան համերգասրահում մայիսի 21–ին տեղի ունեցավ Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը, որը նվիրված էր հայ անվանի երգահան և դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան հարյուրամյակին։ Համերգը տեղի ունեցավ գերմանահայկական մշակութային օրերի շրջանակներում։
Ներկա էին Բեռլինի հոգևոր հովիվ հոգեշնորհ հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը, Բեռլինի հայկական եկեղեցական համայնքի ատենապետ տիկին Սոնա Այպերը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նորընտիր ատենապետ պարոն Ջոնաթան Շփանգենբերգը, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին դր․ Կատրին Գոկշը և բազմաթիվ հայ, ռուս, գերմանացի արվեստասերներ։
Համերգը, որը վարում էր ՀԵՄԱ ՀԿ–ի նախագահ Միքայել Մինասյանը, նախատեսված էր Բաբաջանյանի հարյուրամյակի առիթով՝ 2021 թվականին։ Վերջինս նշեց, որ համավարակի սահմանափակումներով պայմանավորված, ցավոք, այն մեկ տարով հետաձգվեց։
Ողջույնի խոսքերով ելույթ ունեցան նաև հրավիրյալները: Տիկին Կատրին Գոկշը, ով հայտնեց, որ շատ տպավորված է հայկական մշակույթով, արդեն յոթ տարի անընդմեջ սիրով օժանդակում է գերմանահայկական մշակութային այս միջոցառումներին․ «Թեև արդեն բավականաչափ ծանոթ եմ հայկական մշակույթին, բայց հաճելիորեն զարմանում եմ, երբ ամեն անգամ ականատես եմ լինում հայերի կողից մատուցվող արվեստին, ամեն տարի նրանք մի այնպիսի նոր բան են անում, որը նորից հաստատում է, որ այն ընդգրկերլի է եվրոպական մշակույթների ընտանիքի մեջ»։
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նորընտիր ատենապետ Ջոնաթան Շփանգենբերգը իր խոսքում նշեց, որ գերմանահայկական մշակութային օրերը տպավորիչ են․ «Առաջին անգամ է, որ մասնակցում եմ, շատ ուրախ եմ այս ամենի համար։ Այսուհետ կանեմ ամեն հնարավորը հայերի ինքնության պահպանման ու հայկական մշակույթի տարածման համար»։
Կոմիտասի անվան ազգային քառյակի տնօրեն պարոն Սամվել Մեսրոպյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ տարիներ է, ինչ հետևում է ՀԵՄԱ ՀԿ–ի հայանվեր գործունեությանը և ի նշան շնորհակալության ՀԿ նախագահ պարոն Միքայել Մինասյանին շնորհեց «Առնո Բաբաջանյանի» անվան հիշատակի շքանշան։
Այնուհետև հոգեշնորհ հայր Եղիշե Վարդապետ Ավետիսյանն իր ողջույնի խոսքից հետո համերգի մեկնարկն ազդարարեց տերունական աղոթքով։
Համերգը բաղկացած էր երկու մասից։ Նախ ելույթ ունեցավ Կոմիտասի անվան ազգային քառյակը՝ կատարելով Միրզոյանի և Կոմիտաս–Ասլամազյանի ութ ազգային երաժշտական մինիատյուրները։ (Երաժիշտներ՝ առաջին ջութակ՝ պրոֆ․ Էդուարդ Թադևոսյան՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողավրդական արտիստ, երկրորդ ջութակ՝ Սյուզի Երիցյան, ալտ՝ պրոֆ․ Ալեքսանդր Կոսեմյան, ՀՀ ժողավրդական արտիստ, թավջութակ՝ Անժելա Սարգսյան)։
Համերգի ընդմիջմանը հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ցուցասրահում դիտելու «Արարատը հայի աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը, որը արվեստասերների համար բաց կլինի մինչև մայիս ամսվա ավարտը։
Համերգի երկրորդ մասում հնչեցին միայն Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Իրենց կատարումներով հանդես եկան օպերային մենեգիչ, տենոր Արսեն Ստեփանյանը և երգչուհի, սոպրանո Սյուզի Ադամյանը։
Հիշեցնենք, որ համերգը տեղի ունեցավ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի թաղապետ Միխաել Գրունստի և Բեռլինի պատգամավորական տան անդամ դր. Մարտին Պետցոլդի (մայրը` գյումրեցի Ալինա Մարտիրոսյան) հովանու ներքո։
Գայանե Առաքելյան
Բեռլին
orer.eu