Ֆորարլբերգի Հայկական մշակութային միության միջոցառումները Շվարցախ քաղաքում

  • 26.05.2022
  • 0
  • 944 Views

Մայիսի 20-21ը Ավստրիայի Ֆորարլբերգի մարզում տեղի ունեցան մի շարք մշակութային միջոցառումներ, որոնք կազմակերպել էր Ֆորարլբերգի Հայկական մշակութային միությունը (ՀՄՄ)։

Միջոցառումներին մասնակցելու նպատակով, երկօրյա այցով՝ Ավստրիայի Ֆորարլբերգի մարզ էին այցելել Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պապիկյանը, ՀԱԵ պատվիրակ, կենտրոնական Եվրոպայի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը։ Միջոցառումներին մասնակցում էին նաև Շվարցախի քաղաքապետ պարոն Թհոմաս Շիերլեն, բազմաթիվ հյուրեր։

Բիլդշթայնի հրաշագեղ եկեղեցում պատարագ մատուցեց Գերաշնորհ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը՝ մասնակցությամբ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանի։ Պատարագն ամփոփվեց ՀՄՄ անդամների և մեր դպրոցի տաղանդաշատ սաների՝ Կոմիտասի հայրապետական մաղթերգ. «Ամեն հայի» շարականի հրաշալի կատարմամբ։

 ⁃ Տեղի ունեցավ հանդիպում Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պապիկյանի հետ։ Պարոն դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձ կատարվեց ինչպես ՀՀ ներքաղաքական, ՀՀ և Արցախի անվտանգության, այնպես էլ սփյուռքին վերաբերող հարցերին։

⁃ Տեղի ունեցավ Հայկական Մշակութային Միության տարեկան հաշվետու ժողով։ Ժողովին ամփոփվեցին 2020-2021 թթ. կատարված աշխատանքները, ֆինանսական հաշվետվությունները։ ՀՄՄ ղեկավար վերընտրվեց Դավիթ Ստեփանյանը, ով միության անդամների հավանությանը նեկայացրեց ՀՄՄ թարմացված ղեկավար կազմը։ Ներկայացվեց առաջիկա տարիներին կատարվելիք աշխատանքների ծրագիրը։ Ուրախությամբ արձանագրվեց, որ ՀՄՄ-ն՝ իր գոյության 3 տարիների ընթացքում, դրվել է ամուր հիմքերի վրա, տարեց-տարի իր շուրջն է համախմբում տարածաշրջանի հայերին, ինչպես նաև եղբայրական եզդիներին։

Ծառատունկ միջոցառումը նվիրված էր հայ-ավստրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին։ Այդ առղիվ ՀՄՄ մեկօրյա դպրոցի սաները՝ մայրենի լեզվի ուսուցչուհի Լ. Վարդանյանի և ազգային երգ ու պարի ուսուցչուհի Ա. Խաչատրյանի ղեկավարությամբ հիասքանչ ելույթներ էին կազմակերպել։

Միջոցառման ընթացքում, ՀՄՄ զարգացման գործում ունեցած ավանդի համար, Դ. Ստեփանյանի կողմից ՀՄՄ պատվավոր անդամի վկայականներ հանձնվեցին Շվարցախի քաղաքապետ՝ պարոն Շիերլեյին, Արժանապատիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանին և Վիեննայի ՀԱԵ խորհրդի անդամ՝ պարոն Ա. Գասպարյանին։

⁃ Միջոցառումների ավարտին համատեղ ընթրիքն իսկական հայկական հյուրասիրություն էր մեր հյուրերի համար և հրաշալի տոն ՀՄՄ անդամների համար։ Դեսպան Պապիկյանը, Սրբազան Հայրը և հյուրերը բարձր գնահատեցին ՀՄՄ կողմից կազմակերպված միջոցառումները, ինչպես նաև գործադրվող ջանքերը՝ հայապահպանության, ինքնության պահպանման ուղղությամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում