Ֆելիքս Բախչինյանին՝ Լիտվիայի «Ասպետի խաչ» բարձրագույն շքանշան

  • 23.05.2022
  • 0
  • 620 Views

Վերջերս՝ մայիսի 19-ին Երեւանում պաշտոնական այցով գտնվող Լիտվիայի նախագահը պարգեւատրել է հայ անվանի գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանին։ Նախագահ Գիտանաս Նաուսեդան նրան է հանձնել դեռեւս 2022թ. փետրվարի 16֊ին իր հրամանագրով շնորհած «Լիտվային մատուցած ծառայությունների համար» Ասպետի Խաչ շքանշանը։

Մեր ընթերցողներին ներկայացնենք, թե ինչպիսի հսկայածավալ աշխատանք է կատարել Ֆելիքս Բախչինյանը հայ-լիտվական գրական կապերի զարգացման եւ թարգմանական գրականության տարածման ասպարեզում։

Դեռեւս 1978֊81թթ. նա Վիլնյուսի պետական համալսարանի լիտվական գրականության ամբիոնի հետազոտող էր։ Պրոֆեսոր Յուոզաս Գիրձյաուսկասի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայ֊լիտվական գրական֊մշակութային կապերը։

Հետագա տարիներին նվիրվել է լիտվական գրականության ներկայացմանը, եւ հրատարակել է “Հարազատ են Նյամունասը և Արարատը” (հայերեն, 1978թ.), “Արևային քնար” (Հայաստանը Էդուարդաս Մեժելայտիսի ստեղծագործություններում, լիտվերեն,1983թ.), “Աստղային խոստովանանք” (Էդուարդաս Մեժելայտիսի կյանքը և գործունեությունը, ռուսերեն, 1989թ.), “Էդուարդաս Մեժելայտիս” (ռուսերեն, 1994թ.), “Բանաստեղծի դասերը” (Էդուարդաս Մեժելայտիսի էսսեիստիկան և հրապարակախոսությունը, ռուսերեն, 2002թ.), “Լիտվական օրագիր” (լիտվացի բանաստեղծների դիմանկարներ, հայերեն, 2006թ.), “Ոգեղեն համանվագ” (Էդուարդաս Մեժելայտիսը և Հայաստանը, հայերեն, 2006թ.) գրքերը։

Էդուարդաս Մեժելայտիսի հետ 1978 թվականին

Կազմել և հրատարակել է Էդուարդաս Մեժելայտիսի Հայաստանին նվիրված գրքերը` “Армянский феномен ” (1982), “Իմ կրկնակի Արարատը” (1984թ. և 2013թ.), “Ճակատագրի թաս” (1998թ.), “Чаша судьбы” (1994):

Լիտվերենից թարգմանել է Ալբերտաս Լաուրինչյուկասի “Ցլամարտիկը” (1982թ.), Քրիստիյոնաս Դոնելայտիսի “Տարվա եղանակները” (1994թ., 2002թ., 2013թ.), Անթանաս Բարանաուսկասի “Անիկշիյայի թավուտը” (1994թ., 2002թ., 2015թ.), Մայրոնիսի “Գարնան ձայները” (2002թ., 2016թ.), Յոնաս Բիլյունասի “Երջանկության ջահը” (2017թ.), Յուոզաս Գրուշասի “Երջանիկը ես եմ ” (2002թ.), Վիտաուտաս Լանդսբերգիսի “Չյուրլյոնիսի ստեղծագործական աշխարհը” (2021թ.) գրքերը։

2021թ. Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի կողմից պարգևատրվել է պատվոգրով։

Ինչպես նշեց մեզ հետ զրույցում անվանի թարգմանիչը, շքանշանի հանձնումը Լիտվայի նախագահի կողմից, իր կատարած համեստ աշխատանքի բարձր գնահատականն է։ «Այն խթան կհանդիսանա ցկյանս լիտվական մշակույթին և գրականությանը ծառայելու»,- ասաց Ֆելքիս Բախչինյանը։

Շնորհավորում ենք մեր հայրնակցին եւ մաղթում ստեղծագործական նոր հաջողություններ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում