Էմանուելը, Դանիելը եւ Աննան Չայկովսկուն մեծարեցին Ռուդոլֆինումում

  • 23.05.2022
  • 0
  • 63 Views

Պրահայի ամենագեղեցիկ ՝ Ռուդոլֆինումի Դվորժակի անվան դահիլճում երեկ «Պրահայի գարուն» միջազգային փառատոնի հիշարժան պահերից մեկն էր։ Երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներ՝ գերմանացի թավջութակահար Դանիել Մյուլլեր-Շոթը, ռուս դաշնակահարուհի Աննա Վինիցկայան եւ ավստրիահայ հայտնի ջութակահար, այժմ՝ նաեւ դիրիժոր Էմանուել Ճգնավորյանը կատարեցին Դեբյուսիի, Բրամսի եւ Չայկովսկու եռյակի՝ Դաշնամուրի, թավջութակի եւ ջութակի համար գրված ստեղծագործությունները։

Դեբյուսիի եւ Բրամսի ստեղծագործություններում երաժիշտները ցույց տվեցին ոչ միայն իրենց կատարողական արվեստի հնարավորությունները, այլեւ այն ներդաշնակությունը, որ գոյություն ուներ իրենց միջեւ։ Դա էլ լիովին հնարավորություն էր տալիս ոչ թե առանձին- առանձին ընկալելու, այլ մի ընդհանրության մեջ զգալու այդ գործերի ազդեցությունը։

Չայկովսկու դաշնամուրային տրիոն այլ էր։ Այստեղ ոչ միայն գործն էր հզոր ու ազդեցիկ, այլեւ կատարողական արվեստի մակարդակը։ Դա ոգեղեն գործի հզոր կատարում էր, որի ավարտին թե՛ երաժիշտներին էին լռության մեջ մնացել, եւ թե՛ դահլիճն էր քարացել։ Լռությունը խախտեց դահլիճից ծորացող բրավոն։ Եվ դահլիճը ոտքի կանգնեց ու ծափողջույնները ողողեցին Դվորժակի սրահը։

«Պրահայի գարուն» միջազգային փառատոնի ղեկավարությունը հատուկ եկել էր կուլիսներ, շնորհակալություն հայտնելու տաղանդավոր երաժիշտների եռյակից։ Համերգից հետո մեզ հետ ունեցած զրույցում, Էմանուելն ու Դանիելը պատմեցին, որ առաջին անգամ ծանոթացել են Բեռլինում կայացած մի փառատոնի ընթացքում եւ որոշել են միասին հանդես գալ։ Աննային էլ առաջարկել են այդ փառատոնի օրերին միանալ իրենց։ Եվ այդպես ստեղծվել է այս հիանալի եռյակը, որը ապագայում միասին հանդես գալու այլ ծրագրեր էլ կիրականացնի։ Դանիելը մի քանի ամիս առաջ արդեն նվագել էր Երեւանում՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Էմանուելն էլ նշեց, որ ստեղծագործությունների ընտրությունն իրենք են կատարել, եւ ուրախ են, որ համերգն ունեցավ նման ընդունելություն։ Առաջիկայում սպասվում են հայ երաժշտի եվրոպական այլ ելույթներ, որոնց մասին նշել ենք մեր նախորդ հրապարկման մեջ։ /Էմանուել Ճգնավորյանը հանդես կգա «Պրահայի գարուն» միջազգային փառատոնում՝ մայիսի 22-ին – Orer /

Հ.Ա.

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում