Լայպցիգի Հայ Մշակութային Միության նոր համայնքային կենտրոնն այսուհետ լինելու է Markt 10 հասցեում։ Մայիսի 18-ին տեղի ունեցավ միության նոր կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին եւ ողջույնի ելույթներ ունեցան Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը եւ Սաքսոնիայում ՀՀ Պատվավոր Հյուպատոս Լուկաս Ֆլոյթերը։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Հայր Եղիշէ Վարդապետ Ավետիսեանը ներկաներին դիմեց օրհնության խոսքով։
Միության ատենապետ Անահիտ Բաբայանը ներկայացրեց Լայպցիգի Հայ Մշակութային Միության անցած ճանապարհը, շնորհակալություն հայտնեց Լայպցիգ քաղաքին այս բացառիկ հնարավորությունը շնորհելու՝ կենտրոնական վայրում տարածք տրամադրելու համար, եւ նշեց, որ համայնքի կարեւորությունը համայնքայինների ներկայությամբ է միայն կյանքի կոչվում։
Այնուհետեւ Արփի Գրիգորյանը տեղեկություներ տվեց երեխաների համար նախատեսված երգ-երաժշտության եւ նկարչության դասընթացների մասին եւ երգեց «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ» երգը։
Յակոբ Քինդլը ցուցադրեց իր վավերագրական կարճամետրաժ ֆիլմը «Էրիկ» խորագրով, որը նկարահանել էր Հայաստանում 2021 թվականին, որին հետեւեց դեսպանի հետ զրույց-քննարկումը։ Երեկոն ավարտվեց հայկական հյուրասիրությամբ։
Լայպցիգի Հայ Մշակութային Միություն Armenische Kulturgemeinde Leipzig e. V
orer.eu
Լուսանկարները՝ միության արխիվ