Աթենքում ներկայացվեցին հայկական հայտնի խմիչքները՝ կոնյակն ու գինին

  • 19.05.2022
  • 0
  • 416 Views

Մայիսի 18-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և «Quality Wines» հայկական խմիչքներ և զովացուցիչ ըմպելիքների ներկրող ընկերության կազմակերպմամբ, Աթենքի Մարիոտ հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ հայկական խմիչքների ներկայացման և համտեսման երեկո՝ ներառելով հայկական գինու, կոնյակի, գարեջրի, զովացուցիչ ըմպելիքների լայն տեսականի։

Երեկոյին ներկա էին Հունաստանի գործադիր, օրենսդիր մարմիների բարձրաստիճան պաշտոնյաներ,Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանում գինեգործության ոլորտի մասնագետներ, գործարարներ, գաստրոնոմիայի բնագավառում մասնագիտացված լրագրողներ և անհատներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնավորապես նշելով, որ. “Մեր օրերում գինեգործությունը վերածնունդ է ապրում Հայաստանում։ Հայկական գինու առանձնահատկությունը պայմանավորված է Հայաստանում այդ մշակույթի դարավոր առկայությամբ, բայց նաև այն հանգամանքի առկայությամբ, ինչը ֆրանսիացիներն անվանում են terroir, այսինքն՝ բնական միջավայրի գործոնով: Բացի այդ, կարևոր նշանակություն ունի սփյուռքահայ ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում գինեգործության զարգացման գործում, այդ թվում՝ Հայաստանում միջազգային փորձի ներդրմամբ: Հպարտությամբ կարող եմ արձանագրել, որ աշխարհի լավագույն գինեգործության վերաբերյալ ամսագրերը լի են մեր օրերում հայկական գինու մատուցած բարձր որակի իրական գնահատմամբ:”

Դեսպանը, հղում անելով հին հունական աղբյուրներին և հնագիտական հետազոտություններին, նշեց, որ Հին Հայաստանում հազարամյակներ առաջ են առկա եղել գինեգործությունը և գարեջրագործությունը: Այնուհետև դեսպան Մկրտչյանը պատմական ակնարկ արեց հայկական լեգենդար կոնյակի պատմությանը՝ ընդգծելով դրա միջազգային մեծ վարկանիշը և արձանագրած հաջողությունները:

Դեսպանը հյուրերի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ «Quality Wines» ընկերությունը, չնայած բոլոր դժվարություններին և ժամանակակից մարտահրավերներին, մեծ ջանքեր է գործադրում որպեսզի հայկական լեգենդար Արարատ կոնյակը, 70 տարատեսակ հայկական գինու, գարեջրի, մրգային օղու, հանքային ջրի և հայկական քաղցրավենիքի տեսականիներըը միշտ ներկայացված լինի հունական և կիպրական շուկաներում՝ միաժամանակ ընդարձակելով ներկրվող տեսականին:Խոսքով հանդես եկավ նաև «Quality Wines» ընկերության հիմնադիր տնօրեն՝ Դանիել Ապիկյանը, ներկայացնելով ընկերության 15 տարվա գործունեության համառոտ նկարագիրը, հեռանկարները, ինչպես նաև հատկանշեց նշյալ հայկական ապրանքատեսականիների որակն ու առանձնահատկությունը: Երեկոն ընթացավ ջազային երաժշտության ներքո` հունահայ տաղանդաշատ երգչուհի Նեվի Ցուկալայի կատարումներով:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում