Մաեստրո Ութիջյանի ղեկավարությամբ Պրահայում հնչեց Բեթհովենի պատարագը

  • 18.05.2022
  • 0
  • 121 Views

Մայիսի 17-ին Պրահայի Երաժշտության թանգարանի մեծ սրահում տպավորիչ ելույթ ունեցան Կարլի համալսարանի երգչախումբն ու նվագախումբը՝ ընկերացությամբ «Լաբիրինթ» երգչախմբի։ Համերգը հմտորեն ղեկավարեց  համալսարանական խմբերի հիմնադիր դիրիժոր Հայկ Ութիջյանը, ով լիովին վերապրեց ստեղծագործությունը՝ իր հույզերը փոխանցելով ոչ միայն երաժիշտներին, այլեւ հանդիսականներին։

Բեթհովենի C DUR պատարագը սովորաբար կատարում են փորձառու,  մեծ նվագախմբերը, սակայն համալսարանական  երաժիշտները ապացուցեցին, որ կարող են բարձր մակարդակ ապահովել՝ լինելով տարբեր ֆակուլտետների ուսանողներ։ Մաեստրո Հայկ Ութիջյանի ներդրած ջանքերն իսկապես ակներեւ էին , որին  միացել էին նաեւ արհեստավարժ երգիչներ՝ սոպրանո Վերա Պոլախովան, ալտուհի Պետրա Վոնդրովան, տենոր Ստանիսլավ Միստրը եւ բաս Յակուբ Հրուբին, մի առանձին փայլ հաղորդելով համերգին։

Իհարկե, ճշմարտության համար պետք է նշել, որ նվագախմբերի կանացի ձայներն ավելի զորեղ էին հնչում, քան տղամարդկանցը։ Թերեւս  դա պայմանավորված էր  տղամարդ երգիչների սակավաթիվ լինելու հանգամանքով։ Ամեն դեպքում, երկու երգչախմբերը լիովին միաձույլ ներկայացան եւ  ամենեւին չզգացվեց տարբեր խմբերի մասնակցության իրողությունը։

Պատարագի հզոր ընթացքը եզրափակվեց երկարատեւ ծափահարություններով եւ  հետհամերգային հիացական գնահատականներով։

Հ.Ա.

Օրեր ամսագիր

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում