
Վահան Թեքեյան հանճարեղ գրագետի գիտական կենսագրությանը ավելացավ ևս մեկը «Վահան Թէքէեան, Յօդուածների ժողովածու, 1901-1910, հատոր Ա» գիրքը, որ ստեղծվել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանի աշխատասիրությամբ։
Անհրաժեշտ է արժանին մատուցել Վ. Դավթյանին՝ իր տքնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար։ Նա ժողովածուի մեջ ընդգրկել է 1901-1910 թվականների թեքեյանական բոլոր արձագանքները, որոնք արտահայտվել են ժամանակի արտասահմանյան և արևմտահայ մամուլում։ Նախ՝ գիրքն օգնում է ընթերցողին թեքեյանական յուրօրինակ բառ ու բանով գաղափար կազմել ժամանակի ու միջավայրի մասին, մյուս կողմից՝ երևան է հանում կազմողի հարուստ գիտելիքները խնդրո առարկա նյութի վերաբերյալ։

Առավել կարևոր են ընդարձակ ծանոթագրությունները, որոնք լույս են սփռում ժամանակի հասարակական-քաղաքական, գրական մթնոլորտի և այդ բնագավառի գործիչների կյանքի, դիրքորոշումների և դրանց պատճառների վրա։ Մանրակրկիտ ներկայացված է նաև անձնանուների և տեղանունների ցանկը՝ ամփոփ տեղեկություններով։
Այսօր հրապարակի վրա գտնվող այս բացառիկ ժողովածուն ներկայացնում է Վահան Թեքեյանի կյանքի ու հրապարակագրական գործունեության տարիները՝ լի աշխարհացունց ու անձնական իրադարձություններով։
Թեքեյան-հրապարակագրի ճակատագիրը, ինչպես նշում է Վ. Դավթյանը, գրապատմական է. գրողը վաղուց ի վեր իր ընթերցողի հետ սկսել է ազգային և պատմական երկխոսություն՝ հաղորդական դարձնելով նրան ժամանակի ահակոչ խնդիրներին։ Ժողովածուի առանցքային հարցը, բնականաբար, Վ. Թեքեյանի հոդվածների ընկալումն է ընթերցողների կողմից, որին Վ. Դավթյանը մոտեցել է մեծ պատասխանատվությամբ։ Նա գրել է հրաշալի նախաբան «Հազարներու մէջէն մէկը…» խորագրով, որտեղ նկատել է, թե Վահան Թեքեյանի հոգու պայծառ լույսի և ահեղ մթության հերթագայությունը կրկին պետք է ապշեցնի ընթերցողին։ «Թեքեյանական հոգին շարունակական պեղվող վշտի հանք է, տառապանքի ու տագնապի խառնարան՝ իր խորության մեջ հրաբխի ներքնահառաչ ժայթքումին պատրաստ»,- նշում է թեքեյանասեր Դավթյանը։
Վ. Թեքեյանի վերագնա ընթացքը դեպի ընթերցողի սիրտը և միտքը դժվար, բայց հաստատուն շարունակվում է դեպ առաջ։ Նրա կատարյալ և ինքնասանձ հանճարը ապշեցնելու է գրահմուտ հրապարակագրի ու խմբագրի ներքնեռանդությամբ։ Ներկայացված յուրաքանչյուր հոդված ունի տարբեր շերտեր, ենթատեքստեր, և ընթերցողներից յուրաքանչյուրը փնտրում է իր համար ամենաէականը, որից էլ առաջանում են տարընթերցումներ ու բանավեճեր, նշանակում է գրքի կարևորություններից մեկն էլ այն է, որ տարբեր բնագավառի մասնագետներ՝ գրականագետներ, պատմաբաններ, լրագրողներ, գրաքննադատներ, քաղաքական գործիչներ և պարզապես Թեքեյան սիրողներ և ուսումնասիրողներ կարող են այս գրքից ստանալ իրենց համար անհրաժեշտ ու կարևոր տեղեկույթ։

Շատ կարևոր է նաև այն, որ կարդալով հոդվածները հաճախ հանդիպում ենք հասարակական կամ գրական աշխարհի մարդկանց, որոնց մասին ընթերցողը տեղեկություններ է ստանում ժողովածուից, օրինակ՝ Պողոս-Պետրոս եկեղեցու «Ամենէն սիրուած, ամենէն յարգուծ՝ Դանիէլ վարդապետը, որուն ի տես կրքերը կը լռեն, ու կը բացուին սրտերը… ու քսակնեն ալ», կամ «…բժիշկներուն ամենէն քիչ բժիշկը երևութապէս Տօքթ.Ա.Ս.Յակոբեանը»: Հետաքրքիր է Խրիմյան Հայրիկի հետ Բեռլինի վեհաժողով մեկնած պատվիրակության թարգմանիչ-քարտուղար Մ. Չերազի «արևանկարը»: Հոդվածներում լուսաբանվում են ֆրանսաիացի բանաստեղծ Ալֆոնս դը Լամարթինի, ֆրանսիացի լրագրող և հայտնի ճանապարհորդ Սթանլի Հենրի Մօրտոյի, ֆրանսիացի պետական քաղաքական գործիչ Մօրիս Ռուվիէի, եվրոպացի աստղագետ Լըբոթ Հորթանսի և այլ հասարակական, քաղաքական, գրական դեմքերի գործունեություննները։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի գրքի արտաքին տեսքը՝ Երվանդ Քոչարի 1924թ հեղինակած «Բանաստեղծը» (1924) կտավը՝ Վ. Թեքեյանի մտորող պատկերով, գույների ներդաշնությամբ, գրքի շապիկի հրաշալի ձևավորման գրավականն է:
Այս հպանցիկ դիտարկումներն անգամ վկայում են «Վահան Թէքէեան, Յօդուածների ժողովածու, 1901-1910, հատոր Ա» գիրքի անհրաժեշտության մասին, որը ընթերցողին փոխանցում է ժամանակի կենդանի շունչը, նրան տեղափոխում տեսակետների, կրքերի, շահերի բախման մի մթնոլորտ, որն ավելին է հաղորդում, քան շատ անփոփոխ բնագրեր: Այն կարևոր հիմք է ստեղծում նաև թեքեյանական նոր զարգացումների համար։
Վահան Թեքեյանի հոդվածների ժողովածուն առանձին հատորներով Հայաստանում և Սփյուռքում լույս է տեսնում առաջին անգամ։ Հուսանք և սիրով սպասենք, որ առաջին հատորին կհաջորդեն նաև մյուս երկու հատորները։
Նունե Մկրտչյան
բ. գ. թ., դոցենտ,
ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան
գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող
