Ամենամյա Գերմանահայ մշակութային օրերը մեկնարկեցին Բեռլինում

  • 16.05.2022
  • 0
  • 1041 Views

Բեռլինի Կարլսհորստ շրջանի մշակույթի տանը մայիսի 7-ին հանդիսավոր կերպով մեկնարկեցին արդեն ավանդական դարձած գերմանահայկական ամենամյա մշակութային օրերը։ Նախ հայազգի դր․ Վազրիկ Բազիլի «Նոյը և Արտավազդը Արարատի վրա» աշխատության թատերական ներկայացմամբ հանդիսատեսի համար ելույթ ունեցան ՀԵՄԱ ՀԿ հայկական կիրակնօրյա դպրոցի սաները։

Այնուհետև պատկերասրահում բացվեց «Արարատը հայի աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Հայաստանում  և արտերկրում բնակվող 18 հայ արվեստագետների գործեր։ Բոլոր պատկերներում Արարատ լեռն է՝ ամենատարբեր անկյուններից, տարվա բոլոր եղանակներին՝ սև ու սպիտակ կամ գունավոր։ Կան լուսանկարներ թե՛ ժապավենով ֆիքսված, և թե՛ ժամանակակից թվային սարքերով՝ սկսած 1939-ից մինչև 2022 թթ․։

Բեռլինում գերմանահայկական մշակութային օրերի կազմակերպիչ, ՀԵՄԱ ՀԿ-ի նախագահ պարոն Միքայել Մինասյանը հանդիսատեսին ողջունելով՝ ներկայացրեց այս տարվա ծրագիրը։ Նա շնորհակալություն հայտնեց ամենամյա օժանդակողներին՝ մեկենասներ՝ դր․ պրոֆ․ Մարտին Պետցոլդին (Բեռլինի պատգամավորական տան անդամ, մայրը՝ հայուհի), Բեռլինի Լիխտենբերգի թաղապետարանին՝ ի դեմս թաղապետ Միխաել Գրունստին, աջակից՝ Կարլսհորստի մշակույթի տանը։ 

«Արարատը ոչ միայն մեզ՝ հայերիս համար է սուրբ լեռ, այլ նաև հանդիսանում է ողջ մարդկության ծագման և վերաստեղծման վայր։ Հայերը մշտապես ձգտել են մարդկային և հավատքի կատարելության, ինչի համար նաև պարբերաբար տուժել են։ Պատմությունն անդադար կրկնվում է, ցավոք։ Այժմ էլ, ինչպես և աշխարհի ազգերը, ձգտում ենք խաղաղության և ստեղծագործ կյանքի, սակայն այն ապահովելու համար մշտապես պատերազմի միջով ենք անցնում։ Չեմ ուզում այս մշակութային միջոցառումը քաղաքականացնել, սակայն անկախ մեր կամքից դրանք փոխկապակցված են»,- իր խոսքում նշեց բանախոսը։

Մտահղացումը, ցուցահանդես անել այս թեմայով և շրջել այն աշխարհով մեկ, անվանի արվեստագետ Վահան Քոչարինն էր, ով մեզանից անժամանակ հեռացավ՝ կիսատ թողնելով այս գործը ևս։ Նա դեռևս 2016 և 2017 թթ․ իր ընկերոջ՝ Արմեն Ենգոյանի հետ Թեքեյան մշակութային կենտրոնի աջակցությամբ նախ հայ արվեստասերներին ներկայացրեց պատկերահանդեսը, այնուհետև Արևելքի մի քանի երկրներում՝ Չինաստան, Ճապոնիա, Հվ․ Կորեա։ Արցախյան պատերազմով և համաճարակով պայմանավորված դադարից հետո այն վերստին սկսեց այցելել արվեստասերներին։

«Այսօր ես շատ ուրախ եմ, որ Վահանի մեծ ցանկությունը կարողանում ենք իրականություն դարձնել։ Նա երազում էր՝ մեր բիբլիական լեռը ցուցադրել աշխարհին և հատկապես, թե մենք այն ինչպես ենք զգում և պատկերում, որի հետ ամեն օր ենք հանդիպում։ Հույս ունեմ, որ ցուցահանդեսի՝ նախատեսված երկրորդ մասը նույնպես՝ «Արարատը աշխարհի աչքերով», պիտի կարողանանք կյանքի կոչել, որին հայերից բացի կմասնակցեն արդեն ցանկացած այլ ազգի ներկայացուցիչներ»,- ելույթի իր խոսքում նշեց լուսանկարիչ Արմեն Ենգոյանը։

Բեռլինի պատգամավորական տան անդամ, դր․, պրոֆ․ Մարտին Պետցոլդը, ով առաջին իսկ տարվանից ցայսօր գերմանահայկական մշակութային օրերի մեկենասն է ու ջատագովը, իր ելույթում շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշեց, որ հիացած է այս ցուցահանդեսով․ «Կարծում եմ, որ այս գեղեցիկ մշակութային օրերը, որոնք արդեն ավանդաբար տեղի են ունենում Լիխտենբերգ թաղամասում, մեր մշակութային կյանքի մի մասն են կազմում, ուր հանդիպում են տարբեր սերունդների ներկայացուցիչներ։ Մշակույթը, բնականաբար, քաղաքականություն չէ, բայց նրա մեջ կա հասարակական, քաղաքական տարր։ Երբ մենք հայացք ենք նետում այս միջոցառմանը, պատմությանը, տեսնում ենք, որ սա հայերի ինքնության ու պատմության մի մասն է կազմում, որը դեպի ապագա է ուղղված և սերունդներին է այն ուղղորդում։ Այս առումով Արարատը հույս ներշնչող լեռ է մեզ համար։ Հայ-գերմանական փոխգործակցության առումով ես կարևորում եմ այս մշակութային օրերը և հաջողություններ եմ ցանկանում»։

Ցուցահանդեսի համադրող, արվեսատագիտության թեկնածու Գայանե Առաքելյանը ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին և հովանավորներին։ Նա մանրամասնեց ցուցահանդեսի մտահղացումը, անցած ուղին և ապագա անելիքներն այն շարունակելու գործում։ Ներկաներին կարճառոտ ծանոթացրեց Արարատ լեռան պատմությանը, աշխահագրական տվյալներին, աստվածաշնչյան պատմությանը, հյուսված լեգենդներին և առհասարակ հայերի կյանքում Արարատ լեռան անցյալի, ներկայի և ապագայի անմնացորդ մաս կազմող բոլոր տեսակի դրսևորումներին․ «Արարատը աշխարհագրորեն տեղակայված է պատմական Հայաստանի թագավորությունների կենտրոնում։ Սա այն լեռն է, որի վրա համաշխարհային ջրհեղեղից հետո իջևանել է Նոյյան տապանը, ուստի և սուրբ լեռ է համարվում։ 13-րդ դարում ֆլամանդացի ճանապարհորդ Ռուբրուքը գրել է, որ շատերն էին փորձում բարձրանալ լեռ, բայց ոչ ոք չէր կարողանում։ Իսկ ֆրանսիացի ճանապարհորդը վկայում է, որ հայերն Արարատի գագաթը չեն բարձրացել ոչ այնքան լեռան դժվարամատչելիության, որքան նրա սրբազանությունը չպղծելու պատճառով։ Նրանք կարծում էին նաև, որ իրենց արևի Ար աստվածն այնտեղ է ապրում և վստահ էին, որ Նոյյան տապանը մինչ օրս գտնվում է Արարատ լեռան գագաթին։ Նմանատիպ շատ պատմություններ կան։

Իսկ այսօր 21-րդ դարում արդեն Արարատ բարձրանալն ընդունվում է իբրև հայրենասիրական ուխտագնացությունը, որին մասնակցում են մեծ քանակով լեռնագնացներ Հայաստանից և հայկական Սփյուռքից։ Արարատը դարձել է Հայաստանի ապրանքանիշ, այցեքարտ, այն ավելին է, քան՝ լեռ հայերի համար։ Նրան են նվիրված բազմաթիվ երգեր, տողեր, գեղանկարներ, լուսանկարներ, քանդակներ և այլն։ Արարատի մասին գրված հայ և օտարազգի ճանապարհորդների հուշերին ու բանաստեղծությունները թվարկելու համար կարծում եմ՝ անհրաժեշտ կլինի մի քանի ժամ։  Հենց այդ պատճառով այժմ ձեզ հրավիրում եմ դիտելու և վայելելու այս շքեզ պատկերահանդեսը, որը մեզ համար հասանելի կլինի մինչև մայիսի 29-ը»։

Միջոցառմանը իր կատարումներով հանդես եկավ նաև բեռլինաբնակ ջութակահար Վարուժան Սիմոնյանը, որը նվագեց Կոմիտասի և Բախի ստեղծագործություններից։ Իսկ հաջորդ կոմիտասյան կատարումները ունկնդրելու առիթ գերմանական արվեստասեր հասարակությունը կունենա մայիսի 21-ին տեղի ունենալիք համերգին։

orer.eu

Մի հատված փոքրիկների ելույթից

video-1652704274 (2).mp4

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում