Սրամտություն և փիլիսոփայական հումոր. The Guardian-ի անդրադարձը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին

  • 10.05.2022
  • 0
  • 72 Views

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հանրահայտ Guardian պարբերականն անդրադարձել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին՝ ներկայացնելով և վերլուծելով դրա սյուժեն։ 

Նշվում է, որ ֆիլմը նկարահանվել է Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա, իսկ ռեժիսորը Հենրիկ Մալյանն է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածագիր Փիթեր Բրեդշոուն հայտնել է, որ ֆիլմը ցուցադրվելու է Klassiki սթրիմինգային ծառայության հարթակում: 

Հոդվածագիրը նշում է, որ ֆիլմում ընդգծվում է սրամտությունն ու փիլիսոփայական հումորը: 

«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը մայիսի 10-ին ցուցադրվելու է Լոնդոնի «Լումիեր» կինոթատրոնում, մայիսի 10-ին այն լինելու է նաև Klassiki հարթակում: 

«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը նկարահանել է «Հայֆիլմ» կինոստուդիան 1969 թվականին: 

Ֆիլմում նկարահանվել այնպիսի վաստակաշատ դերասաններ, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցը, Արտավազդ Փելեշյանը, Արմեն Այվազյանը: 

Ֆիլմի սյուժեն

Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ, և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին ու փորձում են վերջինիս խաբելով ճանապարհ դնել։ Միջամտում են Զավենն ու Պավլեն, ովքեր կոպտում են Ռևազին։

Ռևազի կինը դիմում է միլիցիային, և գյուղ գործուղված քննիչը փորձում է քանդել պատմության կծիկը։ Սակայն լեյտենանտը հասկանում է, որ արվածը դիտավորյալ գողություն չէ, և որոշում է հետաքննություն չանցկացնել։ Բայց իր ղեկավարության առաջ անաչառ երևալու համար նա սկսում է, օրենքի տառին համապատասխան, հետաքննել գործն ու հարցաքննել մասնակիցներին։

Քննությունը շարունակելու համար լեյտենանտը որոշում է գործի մասնակիցներին՝ Իշխանին, Ավագին, Պավլեին, Զավենին ու Ռևազին, տանել միլիցիայի բաժանմունք։ Իսկ քանի որ հենց այդ օրերին գյուղից պետք է ոչխարներ տանեին մթերակայան, նրանք քաղաք են գնում սարերով՝ իրենց հետ տանելով մթերման հոտը։

Աղբյուր՝ | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

We and Our Mountains review – absurdist Armenian satire thumbs its nose at Soviet Russia | Film | The Guardian

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում