«Ձոն Սիրո». Բրյուսելի Հայ տանը կայացավ «Բոհեմ» ակումբի 3-րդ տարեդարձին նվիրված գրական երեկոն

  • 10.05.2022
  • 0
  • 484 Views

Ապրիլի 1-ին Բելգիայի մշակութային կենտրոն Բրյուսելի Հայի տանը կայացած «Ձոն Սիրո» խորագրով գրական- երաժշտական երեկոն նվիրված էր ԲՈՀԵՄ գրական -երաժշտական ակումբի ծննդյան 3 -րդ տարեդարձին։ Այն իր շուրջը միավորեց օտարազգի ասմունքողին ու երաժշտին, գուցե ի լուր պատերազմողների կամ չպատերազմողների ՝ «Գնահատեք, ապրեցրեք այս համամարդկային զգացմունքը»…

Դահլիճում, ուր լցվել էին տարբեր լեզուներով հնչող երգն ու պոեզիան, Սերն էր գերիշխում՝ այն չուներ գույն, չուներ ազգություն… Սիրո թեման միշտ է եղել արդիական, բայց այսօր առավել կարեւոր դեր ունի՝ աշխարհը ունի սիրո պակաս։ Հանդիսատեսն եկել էր «մի պահ մոռանալու հոգսը, խորհուրդը,գործն աշխարհի…» ու այն ստացվեց… Սիրառատ էր երեկոն,անմիջական, լցված դասական պոեզիայով, պարով, երգով։ Հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով պոեզիայի շարքը (կարդացին՝ Ալին Դավթյանը, Լուսինե Մեսրոպյանը, Ռեջինալդ դը Պոտեստան, Խաչիկ Գենջոյանն ու Անդրանիկ Ղազարյանը) ընտրված էր թե՛ հայ, թե՛ արտասահմանյան գրականությունից, երգերի ընտրությունը վստահվել էր երգիչներին (երգչուհի՝ Մելինե Հովհաննիսյան, կիթառահար եւ երգահան Աբդերահիմ Ալ Մեջրիտի), պարային զույգը (Անահիտ Նազլուխանյան եւ Խաչիկ Կիրակոսյան, պարուսույց՝ Մերի Կարապետյան) կատարեց Դ.Շոստակովիչի Վալս N2 ը, իսկ երեկոյի ողջ ընթացքում պոեզիային զուգընթաց, թե՛ կիթառով, թե՛ դաշնամուրային դասական գործերով՝ հանդես եկավ երաժիշտ Համլետ Խոդադադյանը։

Երեկոյի հյուրն էին Բրյուսելի Հայ Առաքելական եկեղեցու տնօրեն Տեր Զատիկ Վարդապետ Ավետիքյանը, Բելգիայում մեծ ճանաչում ունեցող պարուսույց Արթուր Նիկողոսյանը, «Հայի հետքը Սփյուռքում» գրքի հեղինակ Սարիկ Սեւադան…

Բոհեմ ակումբը սկզբնավորման օրվանից որդեգրել է ակումբ անդամագրված օտարլեզու արտիստին կամ հանդիսատեսին հայ մշակույթին մտերմացնելու, իսկ հայ արտիստին կամ հանդիսատեսին՝ իր ելույթներում օտար ազգի մշակույթը հարգելու սկզբունքը։ Ապրում ենք բազմազգ երկրում, պետք չէ այս երեւույթից խուսափել, ընդհակառակը՝ սա առավելություն է եւ ճիշտ է պետք օգտվել դրանից։ Այս մոտեցումն այլեւս արդարացված է, քանի որ օտարլեզու հանդիսատեսը կամ արտիստը հեռանում է դահլիճից մյուս ելույթին մասնակցելու կամ ներկա գտնվելու ակնկալիքով։ Ելույթի ավարտից հետո հանդիսատեսի հետ մեկ գավաթ գինու շուրջ հավաքվելը Բոհեմյան սովորույթներից է՝ հանդիսատեսի հետ շփվելու, կարծիքներ փոխանակելու, լուսանկարվելու բոհեմյան անկաշկանդ մթնոլորտւմ…

Նախկինում Բոհեմը կրում էր Շառլ Ազնավուրի անունը։ Այս գաղափարը պահի ծնունդ էր, ինքնաբուխ, կարծես վերեւից իջած կոչ՝ «պահի» գարնանային շքեղագույն արեւոտ շնչով, որ ինչ-որ նկատառումներից ելնելով հետագայում վերանվանվեց Բոհեմ՝ Ազնավուրյան շունչը պահելու միտումով։ Ամեն տարի Ազնավուրին նվիրված տարբեր սյուժեներով գրական-երաժշտական երեկոների իրականացումը մտնում է Բոհեմ ակումբի պարտադիր ծրագրի մեջ։ Իրականացրած բազմակի ելույթներից է նաեւ Բելգիայում ճանաչում գտած հայ երաժիշտների հետ համատեղ Ցեղասպանության 106ամյակին նվիրված ծրագիրը, որը համաճարակային խիստ պայմանների պատճառով 2021թ-ի ապրիլի 24 -ին Բրյուսելից հեռարձակվեց Յութուբյան տարբերակով։ Իսկ 2019 թ-ին, իր իսկ սկզբնավորման տարում Բոհեմ ակումբը Բրյուսելի Հայի տան աջակցությամբ դարձավ առաջինը Բելգիական համայնքում կազմակերպելու պոեզիայի երեկո պրոֆեսիոնալ մակարդակով։

Երեկոյի հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստուհի, պոեզիայի թագուհի Սիլվա Յուզբաշյանը, որը դեռ երկար կմնա սփյուռքահայի հիշողության մեջ։ Ելույթից հետո հուզված հանդիսատեսն արձագանքում էր՝ «Մենք մի կերպ համակերպված ապրում էինք այս հողի վրա, էս ի՞նչ արեցիք…արմատնե՛րս կանչեցին…»։

Շատ կարճ ժամանակում հանդիսատեսը սիրեց Բոհեմին, ակումբը հրավերներ ունեցավ նաեւԲրյուսելից դուրս՝ Անտվերպեն, Նիդերլանդների Մաստրիխտ քաղաք… Բոհեմի հետագա ծրագրերի մեջ է մտնում հայ եւ օտարազգի ինքնուս ստեղծագործողներին հայտնաբերելն ու նրանց գործեր լուսաբանելը,իսկ առաքելությունը՝ պրոֆեսիոնալ արտիստների կողքին մեկընդմեջ ելույթներին ներառել մեկ կամ երկու Սփյուռքում մեծացած հայ երիտասարդի՝ ոչ միայն օգնելու իր մայր լեզվին վարժ տիրապետելուն կամ խոսքը զարգացնելուն,այլ հոգով մոտեցնելու հայ պոեզիայի ակունքներին։ Քանի որ նման երիտասարդը իր շրջապատում դառնում է խթան, տարածվող լույս մյուս հայրենակիցների համար, դառնում հայրենի խոսքը գնահատելու ոգեշնչման աղբյուր։

Ալինա Դավթյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում