
Ինչպես գրում է Արցախպրեսը, Հաագայի միջազգային դատարանը աննախադեպ որոշում է կայացրել. պատմության մեջ առաջին անգամ կազմակերպությունը այլ պետության տարածքում հայտնված պատմական հուշարձանների իրավահաջորդ և իրավատեր է ճանաչել մեկ այլ երկրի:Այս մասին, yerkir.am-ի փոխանցմամբ, գրում է «Միրոտվորեց» թելեգրամյան ալիքը:
Մինչդեռ ՕՐԵՐ-ին դիվանագիտական աղբյուրներներից հայտնի դարձավ, որ այս լրատվությունը չի համապասխանում իրականությանը։
Այս թեմային էր անդրադարձել նաեւ Փաստերի ստուգման հարթակը՝ fip.am, գրելով. « Իրականում վերջին օրերին Արցախի հայկական հուշարձանների վերաբերյալ Հաագայի արդարադատության միջազգային դատարանը որոշում չի կայացրել: Վերջին անգամ միջազգային դատարանը հարցին անդրադարձել է 2021թ. դեկտեմբերի 7-ին: Սակայն այդ փաստաթղթում որևէ հիշատակում չկա այն մասին, որ Հայաստանը ճանաչվում է Արցախում գտնվող հուշարձանների սեփականատերը: Հետևաբար Ֆեյսբուքում և այլ հարթակներում տարածված տեղեկությունը կեղծ է և մանիպուլյատիվ:
Ինչ էր գրված դեկտեմբերի 7-ի որոշման մեջ
2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան «Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի» խախտման առնչությամբ՝ այդ երկրի նկատմամբ 8 հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Հայկական կողմի պահանջներից մեկը վերաբերում էր հայկական պատմամշակութային, կրոնական նյութական ժառանգության պահպանմանը, դրա նկատմամբ վանդալիզմի կանխարգելմանը, ինչպես նաև այդ վայրերի հասանելիության ապահովմանը:
Դեկտեմբերի 7-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց ՀՀ-ի և Ադրբեջանի հայցերով վճիռները:
Անդրադառնալով հայկական պատմամշակութային, կրոնական կոթողների պաշտպանության հարցին, դատարանը եզրակացրել է ՝ պետք է բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման դեպքերը, որոնք իրականացվում են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, ներառյալ եկեղեցիները և այլ պաշտամունքային վայրերը, հուշարձանները, գերեզմանոցները, տեսարժան վայրերը և նյութական ժառանգության նմուշները:
Դատարանի վճռի մասին այլ մանրամասներին կարող եք կարդալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածում:
Նշենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը իր վերահսկողության տակ անցած տարածքներում հետևողականորեն ոչնչացնում է կամ վանդալիզմի է ենթարկում հայկական մշակութային կոթողները: Այդ դեպքերին «Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է: Գրել է Լուսինե Ոսկանյանը Հաագայի դատարանը Հայաստանին Արցախում գտնվող հուշարձանների սեփականատեր ճանաչելու որոշում չունի – fip.am -ում։
Իսկ Արցախպրեսը մեկնաբանել է այսպես.«Ինչո՞ւ է այս որոշումն աննախադեպ ու անսպասելի։Չնայած հանգամանքին, որ Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի տասնամյակ պայքարում են Արցախի հողերի համար, 44-օրյա պատերազմից հետո միջազգային հանրությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։Բացարձակապես միշտ մինչ այս դեպքը հուշարձանների նկատմամբ ճանաչվում էր այն երկրների իրավասությունը, որի տարածքում են դրանք գտնվում։ Տխուր է, անարդար, բայց այդպես է:Հայկական հողերի հետ մեկտեղ թշնամուն են անցել նաև մշակութային ժառանգության օբյեկտները, ինչը բողոքի և անընդունելիության ալիք է առաջացրել հանրապետության քաղաքացիների շրջանում։ Հայոց պատմության ալբանականացման անվերջ փորձերը ընկալվել և ընկալվում են ավելի ցավոտ։ Ադրբեջանը ոչ միայն յուրացնում է հուշարձանները, այլեւ բացահայտորեն պղծում դրանք։Այս տարվա փետրվարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանն անգամ դիմեց համաշխարհային հանրության օգնությանը։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների այս նախաձեռնությունը և այն համարում հակամարդկային և հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ մշտական թշնամության և ատելության ընդգծված դրսևորմամբ»,- նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, նաև՝ ընդգծել, որ Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական պատկանելությունը գիտականորեն ապացուցված է և անհերքելի, նույնիսկ եթե դրանք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այժմ, ըստ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի, Հայաստանն իրավունք ունի դիմելու ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ապացուցելու իր հուշարձանների պղծման փաստերը, և եթե դրական արձագանք չստանա, փաստերը կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Գրում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը։