Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության ծրագիրը և դրան հասնելու նախապայմանը

  • 10.05.2022
  • 0
  • 126 Views

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրության» շարժման հերթական հանրահավաքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով իրենց ծրագիրը, եթե հաջողվի իշխանափոխություն անել։

Սաղաթելյանը նշեց, որ Սփյուռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ կձևավորեն ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր։

«Այդպիսի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է. ազգային համաձայնության/ժամանակավոր կառավարություն: Սա նշանակում է՝ դերակատար քաղաքական ուժերը ստանձնում են հավաքական պատասխանատվություն՝ ձևավորելով պետության կառավարման յուրահատուկ «ազգային հավաքական», որը կբացառի մեկ անձի ներքո իշխանության կենտրոնացումը»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ իշխանափոխությունից հետո կհրապարակեն այն 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն մեր կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը։

«Նրանցից շատ-շատերին դուք ճանաչում եք, նրանք մեր մեջ են։ Նրանք արդեն 4 տարի ու այսօր էլ պայքարում են հանուն մեր երկրի ազատության, հանուն ամուր պետականության, հանուն Արցախի, հանուն հզորացման։ Նրանք գրեթե բոլորն այստեղ են, պայքարի թոհուբոհում, հրապարակում, փողոցներում կամ ազատ մամուլի եթերում։ Նրանք իսկական հայրենասերներ են, պրոֆեսիոնալներ, որոնց գործունեությամբ կարող է հպարտանալ ցանկացած պետական համակարգ ցանկացած երկրում»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց նաև հնարավոր ժամանակավոր կառավարության ծրագիրը։

«Անմիջապես կձևավորվի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային-պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում՝ նաև Թուրքիայի հետ։ Կբանակցի հստակ ու լավ մշակված հայեցակարգով։ Խումբ, որը երբեք ոչ մի ազգային հարցի նշաձող չի իջեցնի։ Նշեմ նաև, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների դերի նվազեցումն անթույլատրելի է»,- ասաց Սաղաթելյանը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը խոսեց նաև առաջիկա անելիքների մասին։

«Ի՞նչ է պետք դրա համար։ Ընդամենը մի բան, մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները, մասնակիցների քանակը և դառնալ իրադրության տերը․ սա է առաջիկա օրերին մեր առջև դրված խնդիրը»,- եզրափակեց Սաղաթելյանը:

Հանրահավաքին հաջորդեց քայլերթը․ «Դիմադրության» շարժման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Մարշալ Բաղրամյանի հուշարձանի մոտ, ապա անցան  կառավարական առանձնատների մոտով։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում