Արցախի վտանգված հայկական ժառանգությունը՝ մայիսի 11-14-ին Զալցբուրգում եւ Վիեննայում

  • 10.05.2022
  • 0
  • 165 Views

Բուդապեշտի հունգարաադրբեջանական տանը մայիսի 2-ին բացվել է «Հայկական վանդալիզմ. Զավթումից առաջ եւ հետո» վերնագրյալ լուսանկարների ցուցահանդեսը, հաղորդում է «Ազերթաջի» գերմաներեն տարբերակը՝  լուրը զետեղելով «քաղաքականություն» բաժնում։ Ամիսներ առաջ Ալիեւը խոստացել էր, որ արտերկրում ներկայացնելու է հայերի վանդալիզմը եւ փաստորեն հետամուտ է իր հայտարարածին։ Դատելով տեղեկատվությանը կից լուսանկարներից, այցելուների թիվը մեծ չի եղել։ Ցուցահանդեսը տեւելու է մոտ մեկ ամիս, այն կազմակերպել են ադրբեջանական սփյուռքին սատարող ֆոնդը եւ Բուդապեշտի հունգարաադրբեջանական տունը։ Թե ինչ արձագանք կունենա այս քարոզչությունը, այսօր դժվար է կանխատեսել, բայց մխիթարական է, որ Եվրոպայի կենտրոնում Արցախի, նրա վտանգված հայկական ժառանգության, Ալիեւի վանդալիզմի մասին խոսվելու է, հուսանք՝ նաեւ արագ արձագանքմամբ։

Մայիսի 11-ին Զալցբուրգում, ապա 13-14-ին Վիեննայում երկու ցուցահանդես կբացվի, որ Արցախի վտանգված հայկական ժառանգությանը միջազգային ուշադրություն բեւեռելու նպատակ է հետապնդում ։ Զալցբուրգցի հայագետ Յասմին Դում-Թրագութը, որ ամիսներ առաջ ծառայության հրավիրվեց սուրբ Էջմիածին, շատ ակտիվ է, եւ «Ազգ»ը ծանուցել է, որ նա գերմանալեզու առցանց տարածքում բազմիցս է բարձրաձայնել հայկական քրիստոնեական ժառանգության, հատկապես Արցախում դրանց պահպանման հրատապության մասին։

«Հայաստանում եւ աշխարհում օրեցօր ավելի է սաստկանում այն մտահոգությունը, թե Ադրբեջանը լրջորեն մտածում է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգությունն իսպառ ոչնչացնելու մասին։ 2020-ի աշնանը ԼՂ -ն իր տարածքի մեծ մասը կորցրեց Ադրբեջանի հետ պատերազմում, եւ  քրիստոնեական այնպիսի վայրեր, ինչպիսիք են Շուշիի մայր տաճարը, Դադիվանքն այլեւս հայկական վերահսկողության տակ չեն», ծանուցում է kathpress ավստրիական կաթոլիկական կայքէջը։

«Մշակույթը հակամարտության ծիրում. Արցախի հայկական մշակութային ժառանգությունը» վերնագիրն է կրում Զալցբուրգի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի,  Քրիստոնյա Արեւելքի հետազոտության կենտրոնի մուտքի ճեմասրահում ներկայացվող լուսանկարների ցուցահանդեսը։ Քրիստոնյա Արեւելքի հետազոտական կենտրոնի ղեկավար, ցուցահանդեսի կազմակերպիչ պրոֆեսոր Յասմին Դում- Թրագութը ընդգծում է Արցախի վտանգված ժառանգությունը լայն հանրությանը օր առաջ ներկայացնելու կարեւորությունը։ Մայիսի 11-ին ժամը 12-ին նախատեսված է ցուցահանդեսը բացել բանախոսությունների շարքով. ելույթ կունենան Արցախից Վրթանես արք. Աբրահամյանը, ԱՄՆ Արեւմտյան ափի առաջնորդ Հովհան արք. Տերտերյանը, ինչպես նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Արցախի կրոնամշակութային ժառանգության պահպանման աշխատանքային խմբից Գարեգին վարդապետը։ Վիեննայից բանախոսությանը կմասնակցեն նաեւ Միջին Եվրոպայի ու Շվեդիայի կաթողիկոսական պատվիրակ Տիրան եպս. Պետրոսյանը, ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։ Իր ներկայությունը հաստատել է նաեւ Զալցբուրգի արքեպիսկոպոս Ֆրանց Լակները։ Միջոցառման շրջանակներում ներկայացվելու է նաեւ պրոֆ. Դում-Թրագութի համահեղինակությամբ հրատարակված «Արցախի հայկական կրոնամշակութային վտանգված ժառանգությունը» (“Endangered Armenian cultural-religious heritage of Artsakh”) ժողովածուն։

Մայիսի 13-ին եւ 14-ին նույնաբովանդակ միջազգային գիտաժողով կգումարվի նաեւ Վիեննայի արվեստի պատմության թանգարանում։ «Ղարաբաղից Վիեննա. Հայկական մշակույթի նմուշները Ղարաբաղից Մխիթարյան միաբանության վանական համալիր» վերնագրյալ ցուցահանդեսը կբացվի մայիսի 13-ի երեկոյան։ Բացի Հայ առաքելական եկեղեցուց, գիտաժողովի կազմակերպմանը սատարել է մշակութային վտանգված ժառանգության պահպանմամբ զբաղվող ավստրիական «Կապույտ վահանը»։ Գիտաժողովի բացման պատիվը տրված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Տիրան եպս. Պետրոսյանին։ Բանախոսների թվում են ավստրիական «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Կարլ Հաբսբուրգը, հայագետներ աշխարհի տարբեր երկրներից։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Աղբյուր՝ Ազգ (azg.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում