
Մայիսի 7-Ին ժամը 15-ին Փարիզում «Ֆրանս-Հայկական միություն» մշակութային կազմակերպությունը կազմակերպել է հուշ-երեկո եւ ցուցահանդես՝ նվիրված Հայր Յարութիւն Վարդապետ Պզտիկեանին: Նա Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր, Սեւրի Սամուել Մուրադյան վարժարանի եւ Մխիթարյան մշակութային կենտրոնի տնօրենն էր։
Միջոցառման հասցեն է՝ Adresse : 13 rue Perché, Paris, 75003. Cathédrale Sainte-Croix de Paris des Arméniens-ում:
Ձեռնարկի ընթացքում կհայտարարվի նաեւ «Վարդապետ» նախագծի մասին։ Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում հայտնեց կազմակերպության նախագահ Արթուր Արզոյանը, Հայր Յարութիւն Վարդապետ Պզտիկեանին նվիրված նախագծի շրջանակներում նախատեսվում է ցուցակագրել և թվայնացնել նրա գրքերը, ստեղծագործությունները, նկարները, վերականգնել մուսալեռցի մեծ արվեստագետի ֆիլմերն ու հիշողությունները։
Կազմակերպիչները Վարդապետի մահից(11.04.2021) մեկ տարի անց, ցանկացել են ցույց տալ արվեստագետ Պզտիկյանի ժառանգությունը։ Այդ իսկ նպատակով սրահում կցուցադրվեն նրա 27 գեղարվեստական աշխատանքները, իսկ էկրանին կերեւան վարպետի 1000-ից ավելի նկարները։
Վարդապետի թողած ողջ ժառանգությունը կտեղադրվի առցանց՝ նոր եւ ժամանակակից համացանցային էջում։ Արթուր Արզոյանի ասելով, նաեւ պետք է նկարահանեն վավերագրական ֆիլմ՝ «Վարդապետ-Վարպետ», որի սցենարը նախապատրաստական փուլում է։
Ցանկացողները կարող են ֆինսանսական աջակցություն ցույց տալ այս նախագծին։
orer.eu


