ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաագայի միջազգային դատարանը աննախադեպ որոշում է կայացրել. պատմության մեջ առաջին անգամ կազմակերպությունը այլ պետության տարածքում հայտնված պատմական հուշարձանների իրավահաջորդ և իրավատեր է ճանաչել մեկ այլ երկրի:
Այս մասին, yerkir.am-ի փոխանցմամբ, գրում է «Միրոտվորեց» թելեգրամյան ալիքը:«Ինչո՞ւ է այս որոշումն աննախադեպ ու անսպասելի։Չնայած հանգամանքին, որ Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի տասնամյակ պայքարում են Արցախի հողերի համար, 44-օրյա պատերազմից հետո միջազգային հանրությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։Բացարձակապես միշտ մինչ այս դեպքը հուշարձանների նկատմամբ ճանաչվում էր այն երկրների իրավասությունը, որի տարածքում են դրանք գտնվում։ Տխուր է, անարդար, բայց այդպես է:Հայկական հողերի հետ մեկտեղ թշնամուն են անցել նաև մշակութային ժառանգության օբյեկտները, ինչը բողոքի և անընդունելիության ալիք է առաջացրել հանրապետության քաղաքացիների շրջանում։ Հայոց պատմության ալբանականացման անվերջ փորձերը ընկալվել և ընկալվում են ավելի ցավոտ։
Ադրբեջանը ոչ միայն յուրացնում է հուշարձանները, այլեւ բացահայտորեն պղծում դրանք։Այս տարվա փետրվարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանն անգամ դիմեց համաշխարհային հանրության օգնությանը։«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների այս նախաձեռնությունը և այն համարում հակամարդկային և հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ մշտական թշնամության և ատելության ընդգծված դրսևորմամբ»,- նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, նաև՝ ընդգծել, որ Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական պատկանելությունը գիտականորեն ապացուցված է և անհերքելի, նույնիսկ եթե դրանք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այժմ, ըստ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի, Հայաստանն իրավունք ունի դիմելու ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ապացուցելու իր հուշարձանների պղծման փաստերը, և եթե դրական արձագանք չստանա, փաստերը կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
ԱՐՑԱԽՊՐԵՍ