Այս մասին անվանի հայ գործարարն ասել է չեխական «Դենիկ» թերթին
Չեխական «Դենիկ» օրաթերթը/2.05.22/ կրկին հարցազրույց է տպագրել Marlenka International-ի գործադիր տնօրեն և սեփականատեր Գևորգ Ավետիսյանի հետ՝ անդրադառնալով Հայաստանում, Արցախում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակին։ /Majitel společnosti Marlenka Gevorg Avetisjan srovnává válečné konflikty – PR Deník (denik.cz)/
Հայ անվանի գործարարի ասելով, Ուկրաինան նույն կերպ է պաշտպանվում ագրեսիայից, ինչպես և Հայաստանը։ Նա մշտապես հետևում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև անընդհատ խորացող երկարատև վեճերին։
Թերթը գրում է, որ Հարավային Կովկասում գտնվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, թեեւ հազարամյակներ շարունակ հայաբնակ է եղել, բայց վաղուցվանից համարվում է վառոդի տակառ։ Երկու երկրների միջև վեճերը հանգեցրին 1988 թվականին արյունալի զինված հակամարտության, որը անվանում են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմ, որն սկսվեց Սումգայիթում հայ բնակիչների ջարդերով: Դա առանցքային միջադեպ էր հայկական կողմի համար, պատերազմը տևեց մինչև 1994 թվականը և խլեց ավելի քան 30 հազար կյանք։ Այն ավարտվեց Հայաստանի հաղթանակով։ 2020 թվականի աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև կրկին զինված հակամարտություն սկսվեց, որի հետևանքով կրկին զոհվեցին հազարավոր մարդիկ։
«Պատերազմը Ուկրաինայում, պատերազմը Հայաստանում. Ես ամեն ինչ վերապրում եմ, ընկալում, բայց և համեմատում եմ ավելի, քան շատերը, քանի որ իմ ընտանիքն Ադրբեջանի հետ առաջին հաղթական պատերազմից հետո եկել է Չեխիա»,- ասում է Գեւորգ Ավետիսյանը։
«Ես դեռ տեսնում եմ, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը գրեթե հողին հավասարվել, կասետային ռմբակոծություններից և ֆոսֆորային ռումբերի կիրառումից հետո զոհվել են խաղաղ բնակիչներ, ավերվել են դպրոցների շենքեր, բուժհաստատություններ, մարդիկ ապրելու տեղ չունեին։ Բացի այդ, Հայաստանը կրկին հայտնվեց Ուկրաինայի նման իրավիճակում ևս մեկ այլ հակամարտությունում, որտեղ Լեռնային Ղարաբաղի համար մղվող մարտերում հայերը ստիպված էին 44 օրվա ընթացքում դիմակայել հսկայական թվով ուժերի՝ ադրբեջանական և թուրքական բանակներին և ԻՊ-ին, Պակիստանի և Աֆղանստանի վարձկաններին՝ առանց այլ երկրների օգնության։ Ինչպես Ուկրաինայում բոլորը ցանկանում էին պաշտպանել իրենց հայրենիքը, պայքարել իրենց գոյության համար, այնպես էլ կամավորները, երիտասարդները, կանայք Հայաստանում գնացին բանակ։ Աշխարհում ցանկացած ագրեսիա պետք է հնարավորինս շուտ դադարեցվի։ Այդ իսկ պատճառով ես ցավում եմ, որ համաշխարհային տերությունները, իմ կարծիքով, սառն են այս հարցում»,- հավելում է նա, ցույց տալով , թե ինչպես է իրեն անհանգստացնում այս հարցը։
Հայ գործարարը նշում է, որ իրենք արդեն օգնել են Ուկրաինային, Կարմիր Խաչի և Մորավա-Սիլեզիայի տարածաշրջանի միջոցով իրենց արտադրանքից են ուղարկել ուկրաինացի փախստականներին, նաեւ սեպտեմբեր ամսից «Մարլենկա» ընկերությունում աշխատող քսան ուկրաինացի գործավորներին կմիանան եւս երեսունը։
Գեւորգ Ավետիսյանը ցանկանում է օգնել նաեւ Հայաստանին, քանի որ այնտեղ պետք է հոգ տանեն Ղարաբաղից եկած մոտ 100.000 փախստականների համար։ Հակամարտության երկու կողմերի միջև լարվածությունը շարունակվում է, և պատերազմը կարող է նորից բռնկվել։
«Ես կցանկանայի ներգրավվել Հայաստանի օգնության հիմնադրամի ստեղծման գործում, բայց ես դրա փորձը չունեմ, ինձ պետք է մեկը, ով ինձ խորհուրդ տա, թե ինչպես դա անեմ։ Պետք է գիտակցենք, որ պատերազմն անուղղակիորեն կազդի բոլորիս վրա, և որ արյունն ամենուր նույն գույնն է ունենալու»,-ասում է հայ գործարարը։ Մեզ հետ զրույցում Գեւորգ Ավետիսյանը նշեց , որ միգուցե դիմի Կարմիր Խաչին, որպեսզի Արցախից փախստականների համար հատուկ հանգանականություն արվի։
Գևորգ Ավետիսյանն ուշադրությամբ հետևում է իր երկրում տեղի ունեցող զարգացումներին, իր կարծիքն ունի Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ, եւ ըստ նրա, ձեռնտու կլիներ, եթե նա չեզոք լիներ և արտահերթ ընտրություններ լինեին:
«Երբ աշխարհի ցանկացած ծայրում ագրեսիա է, դա արարք է, որի դեմ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի ագրեսորը պատժվի։ Ես երկար տարիներ ապրում եմ Չեխիայում, բայց դեռ իմ սրտում է իմ հայրենիքը և շատ եմ ցանկանում, որ խաղաղությունն ու անդորրը տիրեն նաև աշխարհի այս անկյունում»,-ասում է նա։
Orer.eu