Արարատ Միրզոյանը եւ Էնթոնի Բլինքենը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Վաշինգտոնում

  • 03.05.2022
  • 0
  • 58 Views

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, երկու երկրների  արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Հանդիպման վերաբերյալ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  «Շատ արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ուրախ եմ Վաշինգտոն վերադառնալու և ԱՄՆ-ի հետ ամուր գործընկերությունը վերահաստատելու համար։ Վերջին 3 տասնամյակների ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ը արդյունավետ համագործակցություն են ունեցել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքները հարգելու և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»․- գրել է Միրզոյանը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի  Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում