Ալբերտ Շվեյցերի մրցանակ՝ հայտնի բժիշկ Վահան Վարդապետյանին

  • 30.04.2022
  • 0
  • 633 Views

Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի անդամ, հանրաճանաչ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը ակադեմիայի սահմանած Ալբերտ Շվեյցերի անվան մեդալ է հանձնել հայտնի բժիշկ, հայ մշակույթի մեկենաս Վահան Վարդապետյանին։ Նա նշել է, որ այս մրցանակը տրվում է ոչ միայն ազգային, այլեւ համամարդկային գործունեության համար։ Բարսեղ Թումանյանի ասելով, Վահան Վարդապետյանի կատարած աշխատանքը ներկայացվել է ակադեմիայի ղեկավարությանը, եւ նրանք որոշել են պարգեւատրել Շվեյցերի մեդալով, քանի որ վերջինս նույնպես ոչ միայն բժիշկ-գիտնական էր, այլեւ մարդասեր, երաժշտագետ ու մշակութաբան։

Վահան Վարդապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման գնահատանքի համար, եւ կարեւորել այն հանգամանքը, որ մեդալը կրում է այնպիսի հումանիստի անուն, որը եղել է ոչ միայն բժիշկ ու մշակութաբան, այլեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր։

«Պահը, իրոք, հուզիչ է, հաճելի և միաժամանակ պարտավորեցնող: Միշտ եմ խուսափել ու բացասաբար վերաբերվել պարգևներ ու շքանշաններ հանձնելու և ստանալու երևույթի հանդեպ: Սակայն լսելով ում անունն է կրում այն, մեծ հումանիստ, բժիշկ, երաժշտագետ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ով հսկայական հումանիստական գործունեություն է ծավալել… Եվ երկրորդ, ավելի կարևոր պահը, այսօր մեզ է այցելել մեր սիրելի Բարսեղ Թումանյանը, ում արվեստով ու ձայնով միշտ հիացել ու հպարտացել եմ, ինձ համար ամենամեծ պարգևը մեր անվանի մեծության այցն է: Երախտագիտությունս եմ հայտնում ինձ նկատելու և գնահատելու համար. եթե բժշկական գործունեությունը իմ առաքելությունն է, կոչումը, ապա երկար տարիներ իմ ծավալած գործունեությունը մշակույթի ասպարեզում եղել է իմ ծառայությունը մեր արվեստի երախտավորներին: Եվ դուք ինձ պարտավորցենում եք, որ ավելի մեծ ջանքերով շարունակեմ այդ գործունեությունը»,-ասել է նա։

Վահան Վարդապետյանը բժշկական գիտությունների թեկնածու է, անվանի գինեկոլոգ։

Պրակտիկ գործունեության հիմնական ոլորտը անպտղությամբ տառապող ամուսնական զույգերի հետազոտումն ու բուժումն է, ինչպես նաև վերարտադրողականության ժամանակակից մեթոդների կիրառումը: «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» վերարտադրողական առողջության բաժանմունքի վարիչն է: Վերապատրաստվել է 1994թ և 2001թթ. Ֆրանսիայի Մարսել քաղաքի վերարատադրողական առողջության համալսարանական կլինիկայում: Հեղինակ է կանանց և տղամարդկանց անպտղության հարցերով բազմաթիվ տպագրված գիտական աշխատանքների:

Հայտնի է մեր մշակույթի երախտավորների գործունեությանն ու նրանց թողած մշակութային ժառանգության պահպանման ու հանրայանացման մեջ ունեցած վաստակով։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում