Միջազգային սիմպոզիում Աթենքում` նվիրված Հայոց ցեղասպանությանը

  • 28.04.2022
  • 0
  • 47 Views

Ապրիլի 27-ին Աթենքում, Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) միջոցառումների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին, որին ներկա էին Հունաստանի ԱԳՆ և Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտնականներ, ուսանողներ, ՀՀ դեսպանության և հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման գլխավոր բանախոսն էր Արա Սարաֆյանը` Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր – տնօրենը, ով հանդես եկավ «Թուրքիան և Հայոց ցեղասպանություն. Հանձնախումբ, համախմբում և ժխտում» խորագրով դասախոսությամբ:

Միջոցառմանը բացմանն ելույթով հանդես եկավ միջազգային իրավունքի հայտնի բրիտանացի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը (Queen’s Counsel)` իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան, Doughty Street Chambers-ի հիմնադիր և համանախագահ, գրող:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին պրն. Ռոբերտսոնը նշեց, որ այն կանխամտածված և նախօրոք կազմակերպված հանցագործություն էր, որի նպատակն էր բնաջնջել, ոչնչացնել Օսմանյան Կայսրությունում ապրող հայերին` ազգային և կրոնական հիմունքներով:

Ըստ Ռոբերտսոնի, Հայերի ցեղասպանությունը դա մի այնպիսի զահրուրելի հանցագործությունը է, որը չի կարելի ոչ ներել, ոչ էլ մոռանալ: Խոսելով ցեղասպանության մասին նա ընդգծեց, որ ցեղասպանության ենթարկվեցին նաև հույները, բայց ի տարբերություն հայերի հույներն այդ ժամանակ արդեն ունեին հայրենիք և շատերին հաջողվեց հասնել Հունաստան:

Ռոբերտսոնն ընդգծեց, որ այն ժամանակաշրջանում գոյություն չուներ Միջազգային դատարան` կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն 1915 թվականի մայիսի 24-ին Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները դատապարտեցին Օսմանյան Կայսրության շրջաններում, քաղաքներում հայերի նկատմամբ իրագործածը` առաջին անգամ միջազգային իրավունքում կատարվածը՝ որակելով այն որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»: Ռոբերտսոնը նմանություններ անցկացրեց Հայոց ցեղասպանության և Հրեաների Շոայի միջև արձանագրելով, որ այն ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր և խորհուրդ էր տալիս Թուրքիային թե ինչպես սպանել հայերին, իսկ ավելի ուշ` ոգևորված լինելով Հայերի Ցեղասպանությունից, նմանատիպ հանցագործություն իրագործեց Հրեաների նկատմամբ:

Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչմանը, պարոն Ռոբերտսոնը նշեց, որ երեսունից ավել երկիր ճանաչել է Հայերի ցեղասպանությունն, այդ թվում նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, բայց այդ երկրների շարքում դեռ չկան Միացյալ Թագավորությունն ու Իսրայելը ընդգծելով, որ երկու պետությունը չեն ճանաչել այն` ելնելով զուտ ինչ-ինչ շահերից։ Նա նաև անդրադարձավ «ցեղասպանություն» եզրույթի` Ռաֆայել Լեմկինի կողմից շրջանառության մեջ մտցնելու պատմությանը։

Միջոցառման համակարգող` Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսն ընթերցեց Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի խոսքը` միջոցառման մասնակիցներին:

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հունաստանում Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ և հիմնական քաղաքական միջոցառումներից հետո դեսպանությունը նպատակահարմար գտավ կազմակերպել նաև գիտակրթական և մշակութային բնույթի միջոցառումներ։ Դեսպանն ընդգծեց, որ «ցեղասպանության վերաբերյալ կրթվածության բարձրացումը ցեղասպանության կանխարգելման մեր համընդհանուր պայքարի կարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Անշուշտ հեռու ենք կանխարգելման նպատակին հասնելուց։ Հայաստանը շարունակում է առերեսվել մի կողմից Թուրքիային, որը շարունակում է ագրեսիվորեն ժխտել ցեղասպանությունը և, ինչպես երկու օր առաջ ականատեսը եղանք, բարձր մակարդակով սադրիչ ծաղրանքի ենթարկեց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին, որը դատապարտելի է և բացարձակապես անընդունելի։

Մյուս կողմից, Հայաստանի մեկ այլ հարևանը` Թուրքիայի կողմից աներկբա աջակցություն վայելող Ադրբեջանը ամենօրյա կտրվածքով և բոլոր մակարդակներով չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները։ Դրա վառ ապացույցն է նրա վերաբերմունքը Արցախի նկատմամբ և այն գոյութենական սպառնալիքը, որը կախված է արցախահայության գլխին։ Այնպես որ ցեղասպանությունից մեկ դար անց էլ, մենք` հայերս, դեռևս ականատեսն ենք լինում մեր տարածաշրջանում էթնիկ զտումների և զանգվածային սպանդի նոր փորձերի ու սպառնալիքների»։Դեսպանը խոսքի ավարտին ներկայացրեց Արա Սարաֆյանին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց հեղինակավոր Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպությանը (EPLO) սեփական հարկի տակ միջոցառումն ընդունելու համար։Այնուհետև հաջորդեց “Blue Book: Evidence of Armenian Genocide” վավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որը 2015 թ բրիտանական Բալիստա Մեդիա ընկերությունը նկարահանել էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի համատեքստում։

Ֆիլմում բրիտանացի հայտնի պատմաբան-լրագրող Դեն Սնոուն հարցազրույցների, արխիվային նյութերի հիման վրա ներկայացնում է բրիտանական Կապույտ գրքի ստեղծման պատմությունը։ Վավերագրական ֆիլմին հաջորդեց միջոցառման գլխավոր բանախոս պարոն Արա Սարաֆյանի դասախոսությունը: Իր դասախոսության մեջ պարոն Սարաֆյանը վերլուծեց և մանրակրկիտ կերպով ներկայացրեց Օսմանյան Կայսրությունում հայերի Ցեղասպանության պատճառները, կազմակերպումը և մեթոդաբանությունը:

Անդրադառնալով Ցեղասպանության կազմակերպանը պարոն Սարաֆյանը արձանագրեց, որ թուրքական արխիվային փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թալեաթ Փաշան նախորոք և մանրամասն կազմակերպել է հայերի ցեղասպանությունը կայսրության տարբեր շրջաններում, քաղաքներում` իր մոտ ունենալով այդ շրջաններում և քաղաքներում բնակվող հայերի ամբողջական պատկերը: Գործընթացն եղել է չափազանց լավ կազմակերպված և կանխամտածված: Ավելին, դեռ ցեղասպանությունից առաջ Օսմանյան Կայսրությունում Ամերիկայի հյուպատոսական ծառայությունների փաստաթղթերը խոսում էին, որ իշխանությունները պատրաստում են հայերի բնաջնջումը` ստանալով այդ տեղեկությունները Կայսրության տարածքում գործունեություն ծավալող տարբեր միսիոներական կազմակերպություններից, ընդգծելով, որ արդեն մինչ Ցեղասպանությունը կար տեղեկություն գալիք արհավիրքի մասին: Խոսելով ժամանակակից Թուրքիայի մասին, պարոն Սարաֆյանն ընգդծեց, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան ինչ-որ ձևով սկսեց առերեսվել Հայոց ցեղասպանության հետ, դա օգտագործելով որպես այլընտրանքային քաղաքականություն:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում