Չեխիայում ՀՀ դեսպանության ու Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու համագործակցությամբ և Չեխիայում հայ համայնքի մասնակցությամբ, ապրիլի 22-24-ը Չեխիայի Յիհլավա, Բռնո և Պրահա քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից։
Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը ծաղկեպսակ զետեղեցին Յիհլավայի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին։
Ապրիլի 23-ին Բռնոյի Փրկչի տաճարում Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հանդիսապետությամբ անցկացվեց Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակման արարողություն՝ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի, տարածաշրջանը ներկայացնող չեխ պատգամավորի, Բռնոյի հայ համայնքի ու հայ ժողովրդի բարեկամ չեխերի մասնակցությամբ։
Ապրիլի 24-ին Պրահայի հայկական խաչքարի մոտ կայացավ ծաղկեպսակների զետեղման արարողություն, ապա Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության Սրբոց Նահատակաց հիշատակման արարողություն, որին հաջորդեց երաժշտական ծրագիր՝ չեխաբնակ սոպրանո Վարինե Մկրտչյանի և դաշնակահարներ Եվգենիյա Վորոբյովայի ու Մարատ Խաչատուրյանի կատարմամբ. ի թիվս այլ գործերի, կատարվեցին նաև Կոմիտասի ստեղծագործությունները։
Միջոցառմանը ներկաներին օրվա խորհրդին նվիրված ուղղերձով դիմեց Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Պրահյան միջոցառումներին իրենց մասնակցությունը բերեցին Չեխիայի Նախագահի հատուկ ներկայացուցիչը, Չեխիայի խորհրդարանի պատգամավորներ, հասարակական-ակադեմիական, բարեկամական շրջանակների, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի ներկայացուցիչներ։