«Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ» խորագրով միջոցառումը Բուխարեստում

  • 28.04.2022
  • 0
  • 440 Views

Ապրիլի 27-ին Ռումինիայի գրականության ազգային թանգարանում տեղի ունեցավ Ռումինիայի հայերի միության, Ռումինիայի գրողների միության և Ռումինական գրականության ազգային թանգարանի կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանության արտացոլումը գրականության մեջ» խորագրով միջոցառումը, որին մասնակցեց նաեւ Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը։

Ինչպես հաղորդում են Հայաստանի դեսպանությունից, դիմելով ներկաներին դեսպան Մինասյանը նշեց. «Հայաստանը և հայ ժողովուրդը, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, միջազգային ասպարեզում այս հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից են: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ահազանգող նշանների հայտնաբերմանն ու դրանց լուծմանը, ինչպես նաև հավաքական ջանքերի ամրապնդմանը:Ցավոք, հայ ժողովուրդը այսօր բախվում է ցեղասպանության ճանաչման գործընթացի վերջին փուլին, այն է՝ ժխտողականությանը։ Այն դրսևորվում է բազմաթիվ ձևերով, առաջին հերթին՝ փոխելով կամ թաքցնելով ցեղասպանական գործողությունների մտադրությունը, ինչպես նաև դրա կատարման փաստի ու ծավալների վերաբերյալ պատմական բոլոր ապացույցները»։

Այնուհետ Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանն անդրադարձավ «Շշուկների մատյան» վեպում ներկայացված փաստերին, ինչից հետո զեկույցներով հանդես եկան պատմաբան Սորին Անտոհին, հրապարակախոս, գրականագետ և էսսեիստ Փոլ Չերնացը և գրականագետ ու պատմաբան Ռազվան Վոնկուն:

Միջոցառման ավարտին մասնակիցներն ունկնդրեցին հատվածներ ցեղասպանությանը վերաբերող գրական ստեղծագործություններից՝ դերասաններ Արմինե Ոսկանյանի և Ֆլորին Գևորգյանի ընթերցմամբ։

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ռումինական ազգային «Agerpres» գործակալության, «Ռադիո Ռումինիայի/Radio România», «Մշակութային դիտորդ/Observator cultural»և այլ Ռումինիայի առաջատար ԶԼՄ-ների կողմից:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում